comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐԵՎԱՅԻՆ ԳՅՈՒՂԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԵՎԱՅԻՆ ԳՅՈՒՂԸ

Քարին տակն Արցախի առաջին համայնքն է, որտեղ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ և Արցախի կառավարության օժանդակությամբ արևային էներգիայի մասսայական կիրառման փորձ է արվում:

Այստեղ տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ ինչպես վարչական-հասարակական օբյեկտներում, այնպես էլ առանձնատներում: Այնպես որ, արևային էներգիայից կօգտվի գյուղի յուրաքանչյուր ընտանիք: Մեզ հետ զրույցի ընթացքում համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը շնորհակալություն հայտնեց Հիմնադրամին ու ԱՀ կառավարությանը հենց իրենց գյուղը ծրագրում ընդգրկելու համար: Մինչև գարուն, եթե եղանակային պայմանները թույլ տան, նախատեսվում է ծրագիրն ավարտին հասցնել` արևային պանելներ տեղադրելով ևս 40 տներում, համայնքային կենտրոնում և մանկապարտեզում։

Քարին տակն արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրն սկսվել է անցյալ տարվա հուլիսից։ Աշխատանքները վերահսկում է Համլետ Ազիզյանը, ով ՙՋերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում՚ մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ է ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստակցական ուսումնարանում: Քարին տակի այդ ծրագիրն էլ իրականացվում է հենց նշված ուսումնարանի լավագույն աշկերտների անմիջական մասնակցությամբ:
Ի դեպ, նշենք, որ երեք տարի առաջ Շուշիում բացված և այսօր հաջողությամբ գործող այդ ուսումնարանը` կրթական յուրատիպ համակարգով (այն առաջնորդվում է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով) արդեն ունի իր առաջին շրջանավարտները: Ուսուցման առանձնահատկություններով այն տարբերվում է մեզ մոտ գործող ուսումնարաններից: Դասավանդող վարպետները հիմնականում մասնագիտական որակավորում են ստացել Ֆրանսիայում։
Համլետ Ազիզյանը, մասնագիտությամբ ճարտարագետ, Ֆրանսիայում վերապատրաստում անցած չորս վարպետներից մեկն է: Քարին տակ գյուղը պատահաբար չի ընտրվել պիլոտային այդ ծրագրով: Նրա աշխարհագրական դիրքը հարմար է արևային էներգիա ստանալու համար, բայց որոշակի դեր է խաղացել նաև գյուղի հերոսական անցյալը, Արցախյան պատերազմում, գյուղի պաշտպանության գործում քարինտակցիների ավանդը: Հետագայում, Հ. Ազիզյանի խոսքով, այստեղ այլ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, թե ինչ ծրագրեր` նա դեռևս չցանկացավ մանրամասնել:
Համայնքում արդեն տեղադրված է 90 արևային ջրատաքացուցիչ: Ընդհանուր առմամբ` տների թիվը, որտեղ պիտի տեղադրվեն դրանք, 138 է։ Բնակիչներն անչափ գոհ են, որ հենց իրենց գյուղում է նման ծրագիր իրականցվում: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել կրկնակի կրճատել ընտանեկան բյուջեի ծախսը. էներգիայի դիմաց միջինում մեկ ընտանիքը նախկինում ամսական ծախսում էր 10 հազար դրամ, այսօր, արևային պանելների տեղադրման շնորհիվ, սեզոնին այն չի անցնում 5000 դրամի շեմը:
Երբ այցելեցինք Քարին տակ, Ղարախանյանների ընտանիքի համար ՙԵզնիկ Մոզյան՚-ի աշկերտները տեղադրում էին ջրատաքացուցիչը: Տանտիրուհին հույս է պահում, որ դրանից հետո ընտանիքը տաք ջրի խնդիր չի ունենա. մինչ այդ տաք ջուրը դժվարությամբ էր տուն հասնում, քանի որ խողովակները սառչում էին:
Մեկ սարքի տեղադրման արժեքը մոտավորապես 500 հազ. դրամ է` 300 լիտր տարողությամբ ջրատաքացուցչի համար։ Ջրատաքացուցիչների տարողությունն ընտրվում է ընտանիքի անդամների թվի հաշվարկով։ Հ. Ազիզյանը տեղեկացրեց, որ տեղադրման, շահագործման և հետագա սպասարկման ամբողջ գործընթացը բնակիչների համար ձրի է: Քարին տակ համայնքում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը մասնակցում է երեք բրիգադ` յուրաքանչյուր բրիգադում մեկ աշխղեկ, էլեկտրիկ և ջերմատեխնիկ։
Ջրատաքացուցիչների սպասարկումն իրականացնում է ՙՕպտիմում Էներջի՚ ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ Ընկերությունը հինգ տարվա համար տրամադրում է երաշխիքային սպասարկման կտրոն:
ՙՋրատաքացուցիչների շահագործումն ու սպասարկումն իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, ղեկավարվում է կառավարման վահանակի միջոցով՚,- բացատրեց Հ. Ազիզյանը, հավելելով, որ տեղադրումից հետո վարպետները պարտավորվում են բացատրել օգտագործման և անվտանգության կանոնները, ներկայացնել սպասարկման մեխանիզմը։ Նա նաև տեղեկացրեց, որ արևային ջրատաքացուցիչը հնարավոր է համակցել ընտանիքի կողմից օգտագործվող` էներգիայի այլ աղբյուրից սնվող ջրատաքացուցիչների հետ, եթե ձմեռային ժամանակահատվածում գյուղացին ցանկություն չունի օգտագործել այն, կամ արևի էներգիան բավարար չէ այն օգտագործելու համար: Անհրաժեշտ է ընդամենը փակել համապատասխան փականները և կիրառել սնուցում այլ էներգիայի աղբյուրից։
ՙՆշենք, որ արևային ջրատաքացուցիչն ապահովում է միայն տաք ջուր,- մեր հարցին պատասխանելով, նշեց մասնագետը:- Ջեռուցման համար առանձին համակարգ է պետք, ինչն Արցախում դեռ չի կիրառվում՚։ Ամեն դեպքում հույս կա, որ արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում կստանան նաև հոսանք, ինչը թույլ կտա ջեռուցման համակարգեր ևս ներդնել: Ի դեպ, ՙԵզնիկ Մոզյան՚-ում պատրաստվում են մասնագետներ նաև այդ ուղղությամբ: Հ. Ազիզյանի տեղեկացմամբ` անցած տարի սանտեխնիկա-ջերմատեխնիկա մասնագիտությամբ թողարկվել է 15 շրջանավարտ:
ՙՔանի որ այլընտրանքային էներգետիկան աշխարհում զարգանում է արագ տեմպերով, այստեղ էլ այդ ուղղությամբ քայլեր պետք է կատարվեն,- համոզված է Հ. Ազիզյանը:- Ուսումնասիրվում է մեր երկրի արևային ռեսուրսը: Ուսումնարանն ունի Արցախի արևային քարտեզը, որը մշակվել է միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից, և որի տվյալներով այստեղ ինտենսիվ արև կա Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում՚: Ասել է թե` բոլոր նախապայմանները կան Արցախի արևային գյուղերի քանակը առաջիկայում ավելացնելու համար:

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ