ՄԱՐՏԱԿԵՐՏ. ՍԱՀՄԱՆԻՆ ԴԵՄ-ՀԱՆԴԻՄԱՆ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Փետրվարը Մարտակերտի շրջանի համար սովորական ամիս չէ, 26 տարի առաջ այս օրերին են ազատագրվել շրջանի շատ գյուղեր, որոնք ավելի քան մեկ տարի թշնամու վերահսկողության տակ էին: Դժբախտաբար, այդ հաղթանակներից հետո պատերազմն այստեղից չի հեռացել ու ժամանակ առ ժամանակ ներխուժում է անգամ սահմանագծից հեռու խաղաղ տներ ու փողոցներ: Հին, չարչրկված միտքը, որ ցանկացած պատերազմ մի օր ավարտվում է, այստեղ ամենօրյա աղոթքի նշանակություն ունի ու զարմանալի չէ, որ Մարտակերտում գրանցված ամեն մի ուրախալի իրադարձություն քառապատկված նշանակությամբ է հասնում յուրաքանչյուր հայի: Այստեղ ապրողները վաղուց հասկացել են, որ պատերազմը բացառելու ջանքեր թափողները շատ են, սակայն խաղաղություն թելադրողն իրենք են՝ սեփական չհատվող հաստատակամությամբ ու պինդ կամքով:

Օրերս մենք եղանք Մարտակերտում, շրջվարչակազմի ղեկավար Էդգար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ մի քանի գյուղերում մասնակցեցինք այդ օրը ծրագրված հանդիպումներին՝ ճանապարհին նաև հասցնելով զրուցել նրա հետ շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրների ու իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումների շուրջ:

-Պրն Հարությունյան, արդեն մեկուկես տարի է, ինչ ստանձնել եք այս պաշտոնը՝ դառնալով հանրապետության ամենաերիտասարդ շրջվարչակազմի ղեկավարը, մինչ այդ նման փորձառություն, որքան գիտեմ, չեք ունեցել, ծա՞նր պարտականություն է շրջան ղեկավարելը: Ի՞նչ խնդիրներ եք ՙժառանգություն՚ ստացել:
-Դժվար ու պատասխանատու գործ է շրջան ղեկավարելը, նաև՝ պատվաբեր ու հետաքրքիր: Առաջին իսկ օրից ես իմ առջև խնդիր եմ դրել աշխատել մաքսիմալ թափանցիկ՝ առաջնորդվելով շրջանի բնակչության հետ ակտիվ համագործակցության եղանակով: Շրջանի բնակչության հետ աշխատանքներում ես առաջնահերթ եմ համարում արդարության սկզբունքի պահպանումը: Խնդիրներ շատ կային, առաջին և ամենակարևոր քայլը շրջվարչակազմ-համայնք-բնակիչ կապի և փոխադարձ վստահության ամրապնդմանն էր ուղղված: Այսօր մեր ուշադրության կենտրոնում է հատկապես համայնքներում ապրող ակտիվ երիտասարդությունը, ում հետ պետական աջակցությամբ և համատեղ ուժերով փորձում ենք լուծել գյուղերում տարիներ ի վեր ծառացած հիմնահարցերը, մշակել զարգացման ծրագրեր: Աշխատանքային մոտեցումները հստակեցվել են ըստ առաջնահերթությունների:
-Ի՞նչ խնդիրներ եք հասցրել լուծել այս ընթացքում: 
-Զգալի ձեռքբերումներ ունենք շրջանի ջրամատակարարման ցանցի կառուցման ու բարելավման ուղղությամբ: Խոսքը Մարտակերտ քաղաքի երկու թաղամասերի և Նոր Կարմիրավան, Վանք, Ներքին Հոռաթաղ, Դրմբոն, Վաղուհաս, Հաթերք, Կիչան, Զագլիկ և այլ համայնքների ջրամատակարարման ցանցին է վերաբերում: Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ, նաև մեր բարերարներն են աջակցում: Շինարարության մեջ ներգրավվել են նաև համայնքների բնակիչները: Այս տարի ծրագրել ենք նաև լուծել Առաջաձորի ջրամատակարարման հարցը` այն կառուցելով ակունքից մինչև ներքին ցանց: Մի շարք գյուղերում նաև ջրհորեր են փորվում, ավելացվում ջրի ծավալները: Ճանապարհաշինարարական աշխատանքներում ունենք հաջողություններ, ասֆալտապատվել և վերջնական տեսքի են բերվել շրջկենտրոնի շատ փողոցներ: Միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ծավալուն ծրագիր է կյանքի կոչվել, որի համար 120 մլն դրամ է հատկացվել: Ամբողջությամբ բարեկարգված են Վանքի ենթաշրջանի բոլոր գյուղերն իրար և շրջկենտրոնին կապող ճանապարհները: Այս պահին աշխատանքները շարունակվում են Մոխրաթաղ- Մեծ Շեն հատվածում: Շրջանում շինարարական աշխատանքներն ընթանում են տարբեր ուղղություններով, կառուցվում ու վերանորոգվում են կրթական, հասարակական և վարչական նշանակության օբյեկտներ, բնակարանաշինության մեջ ևս ակտիվ տեմպեր ունենք: Ընթացքի մեջ է բազմազավակ, զոհված ազատամարտիկների ընտանիքների և սոցիալական այլ խմբերի համար բնակարանների կառուցումը:

-Մարտակերտի տնտեսությունը զարգացնելու համար ո՞ր ճյուղերն են ավելի հեռանկարային: Գո՞հ եք գյուղատնտեսական տարվա ցուցանիշներից:
-Մեր շրջանը յուրահատուկ է մի քանի առումներով. սկսենք նրանից, որ հանքարդյունաբերական միակ շրջանն ենք, բացի այդ, Մարտակերտն իր ջրային ռեսուրսներով առաջինն է հանրապետությունում, շրջանի դերը որոշիչ է նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից, քանի որ հանրապետության հէկերի գերակշիռ մասը տեղակայված է մեր շրջանում: Արցախի անտառային ֆոնդի զգալի մասը ևս այստեղ է գտնվում: Ոռոգովի տարածքների առկայությունը հնարավորություն է տալիս զարգացնել հացահատիկայինների մշակությունն ու այգեգործությունը: 
-Անցյալ տարում շրջանում ակտիվություն էր նաև բողոքի տեղային ակցիաներով: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Եթե խոսքը նոյեմբերին շրջկենտրոնում գրանցված բողոքի մասին է, ապա այդտեղ հանրությանը հուզող խնդիրների մասին խոսք անգամ չկար: Բողոքողները տարիներ ի վեր հողերի վարձակալության վճարներից խուսափած հողօգտագործողներն էին: Իմ պաշտոնավարման ամենասկզբից խիստ վերահսկողություն ենք սահմանել շրջանի վարելահողերի հստակ չափագրման, պայմանագրերի առկայության և հողերի վարձակալության վճարների հավաքագրման ուղղությամբ: Խոշոր հողօգտագործողներին իրավական դաշտ բերելու մեր քայլերը (չնայած մեկ-երկուսի հրապարակային բողոքներին) հիմնականում հաջողվել են, դրա հետ մեկտեղ անբարեխիղճ վարձակալների հանդեպ 34 դատական հայց է ներկայացվել: Ինչ վերաբերում է Վաղուհաս համայնքում բնակչության բողոքին, ապա այդտեղ համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների դանդաղ ընթացքն է պատճառ հանդիսացել: Խոստացվել էր 2018-ին լրիվությամբ կառուցել համայնքի ջրամատակարարման ցանցը, սակայն շինարարական կազմակերպությունը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աշխատանքներն ընդհատել էր, ինչն էլ հարուցել էր համայնքի բնակիչների դժգոհությունը: Այժմ խնդիրը կարգավորված է, շրջվարչակազմի կողմից անմիջական վերահսկողություն է իրականացվում, այս տարի աշխատանքները կավարտվեն: 
-Ժողովրդագրության, բնակչության զբաղվածության առումով ինչպիսի՞ն է վիճակը:
-Կայուն ժողովրդագրական աճ ունենք, ինչը կրկնակի ուրախացնող փաստ է բռնատեղահանություն տարած բնակչության պարագայում: 2017-ին մեր շրջանը ծնելիության ցուցանիշով հանրապետությունում առաջին տեղում էր: Զբաղվածության խնդիրը ևս արտահայտված չէ, նույն ավելի քան 600 բնակիչ ունեցող Վաղուհասում, օրինակ, աշխատունակ բնակիչներից միայն 5 մարդ է գործազուրկ: 
-Ընդունելության օրերին ավելի շատ ի՞նչ խնդիրներով են դիմում Ձեզ: 
-Չունեմ հատուկ օրեր: Ամեն աշխատանքային օրվա ընթացքում ես ձգտում եմ ընդունելություն իրականացնել: Հիմնականում տների վերանորոգման, բնակարանային պայմանների բարելավման հարցերով են դիմում:
-Շրջանում հանքարդյունաբերության և էներգետիկայի առաջընթացը նաև բնապահպանական խնդիրներ է առաջացնում` հատկապես ջրային պաշարների օգտագործման տեսանկյունից: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ: 
-Բնապահպանական խնդիրներին հետևելն ու դրանք կարգավորելը մեր լիազորություններից դուրս են, սակայն իրավասու ենք բնակչության դժգոհությունները բարձրաձայնել ու համապատասխան օղակների ուշադրությունը նման հարցերին ուղղորդել: Բնապահպանության նախարարությունը հանքարդյունաբերական ձեռնարկություններում պարբերաբար դիտակումներ է իրականացնում, և խախտումներ, որոնք բնակչության առողջության վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ, չեն գրանցվել: Հէկերի առկայության պայմաններում բնապահպանական նորմերի պահպանումն է, որ այսօր հրատապ է, այս ոլորտում նոր մոտեցումներ կլինեն: Ներկա դրությամբ ծրագրված 3 հէկերից մեկի կառուցումը ՙՍարսանգՀԷԿ-ից՚ դեպի Մատաղիս տանող հատվածում դադարեցված է` բնապահպանական նորմերին համապատասխանեցնելու նպատակով: Բնապահպանության նախարարությունը սահմանել է կոնկրետ ժամկետ` հէկերի կողմից ջրաչափ սարքերի տեղադրման համար, ինչը գերատեսչությանը թույլ կտա վերահսկել կայանի գործունեությունը: