comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ՚

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Փետրվարի 12-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստը, որի օրակարգի առանցքային հարցը կառույցի 2018 թվականի գործունեությունն էր։

Կոլեգիայի նիստին, որ վարում էր ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, մասնակցել և կառույցի գործունեությանը գնահատական է տվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։
ԱՀ գլխավոր դատախազը նախ ամփոփ ներկայացրեց 2018 թվականին հանրապետության հանցավորության շարժընթացն ու վիճակը, այնուհետև զեկուցեց դատախազության գործառույթներով հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին։ Համաձայն օրակարգի՝ զեկուցումներով հանդես եկան գլխավոր դատախազի տեղակալներ Սերգեյ Ստեփանյանն ու Արամայիս Ավագյանը, որոնք ներկայացրին իրենց կողմից վերահսկվող ոլորտներում 2018 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները։
2018-ին հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 739 դեպք՝ 10,000 բնակչի հաշվով միջինը 50,2 հանցագործություն (բացահայտման %-ում հաշվվող հանցագործությունները՝ 723) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 27 դեպքով կամ 3,5%-ով, որից բացահայտվել է 621-ը (2017թ.՝ 688)։ Չբացահայտված է մնացել 21 հանցագործություն, քննության փուլում է գտնվում 97-ը (2017թ.՝ 55):
Զեկուցողը ողջունելի համարեց այն փաստը, որ 2018 թվականին հանրապետության տարածքում արձանագրված 739 հանցագործության դեպքից միայն 59-ը կամ ընդամենը 7,9%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը, (2017թ.766 դեպքից 56-ը կամ 7,3%-ը) իսկ Շուշիի և Շահումյանի շրջաններում հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ չեն արձանագրվել:
2018-ին ԱՀ տարածքում արձանագրվել է՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների 239 (2017թ.՝ 260), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 223 (2017թ.՝ 233), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 174 (2017թ.՝ 179), այդ թվում 27-ը (2017թ.՝ 18) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 147-ը (2017թ.՝ 161)՝ անձնական գույքի հափշտակության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 13 (2017թ.՝ 11), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 56 (2017թ՝ 37), այլ հանցագործությունների 18 (2017թ.՝ 22) դեպք: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ 10 դեպքով աճել էր սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը, հաշվետու տարում այն նվազել է 10-ով: Եթե 2017-ին արձանագրվել էր 19, ապա 2018-ին նման հանցագործության 9 դեպք է գրանցվել: Նշված հանցագործության շեշտակի՝ 6 դեպքով, նվազում է արձանագրվել Քաշաթաղի շրջանում. 1 դեպք՝ նախորդ տարվա 7-ի դիմաց: Միևնույն ժամանակ ողջունելի է, որ 2018-ին հանրապետության տարածքում բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքեր չեն արձանագրվել (2017-ին ևս չի արձանագրվել), ասաց Ա. Մոսիյանը։
Ուսումնասիրելով մարդու դեմ ուղղված հանցագործությունների կատարման պատճառները և դրանց նպաստող պայմանները՝ արձանագրվել է, որ նշված բնույթի հանցագործությունների կատարման պատճառ են հանդիսացել հիմնականում կենցաղային հողի վրա առաջացած հարցերը: Մասնավորապես` ծեծի, առողջությանը վնաս պատճառելու հանցագործության դեպքերով ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքերին հիմնականում նախորդում են հանցագործություն կատարած անձանց և տուժողների միջև ծագած վիճաբանությունները, դրանց վերաբերյալ պարզաբանումները, որոնք հաճախ կրում են շարունակական բնույթ, իսկ առանձին դեպքերում զուգորդվում են հասարակական վայրերում կամ բնակավայրերից հեռու կազմակերպվող հանդիպումներով:
Ա. Մոսիյանն անդրադարձավ նաև անչափահասների կողմից իրականացված (34 դեպք՝ 2017-ի 45-ի դիմաց) և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններին (41 դեպք՝ 2017-ի 62-ի դիմաց)՝ ընդգծելով դրանց նվազման փաստը։ Որպես բացասական դինամիկա ԱՀ գլխավոր դատախազն ընդգծեց մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների տարեցտարի աճող դեպքերը, ինչպես նաև՝ զենքի գործադրմամբ խուլիգանության և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների աճի դեպքերը։
Ամփոփելով 2018թ. հանրապետության տարածքում արձանագրված հանցավորության վիճակը և ուսումնասիրելով քրեական գործերով ներկայացված միջնորդագրերն ու դրանց քանակական ցուցանիշը, զեկուցողը նշեց, որ նախաքննական մարմինների կողմից առավելապես չեն պահպանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու ծնող պայմանները վերացնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու հանձնարարական պարունակող՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի դատավարական պահանջները: Ինչպես և նախորդ տարիներին, 2018-ին ևս պահպանվել է այն կայուն միտումը, որ նախաքննությամբ ավարտված քրեական գործերից միայն 21-ով են (2017-ին՝ 13) ներկայացվել միջնորդագրեր, ինչը վկայում է հանցագործությունների նախականխման ուղղությամբ նախաքննական մարմինների ոչ բավարար աշխատանքի մասին: Ա. Մոսիյանի խոսքով՝ դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ նախաքննությունն ավարտված 262 քրեական գործերից 77-ով խախտվել է նախաքննության երկամսյա ժամկետը, որը հիմնականում պայմանավորված է քննչական գործողությունների կատարման հետ։
Կոլեգիայի նիստում ելույթ ունեցավ և ԱՀ դատախազության 2018թ. գործունեությունը բավարար գնահատեց Նախագահ Բակո Սահակյանը։ Երկրի ղեկավարը գոհացուցիչ համարեց հաշվետու տարում հանցագործությունների նվազման փաստը, ինչն այդ առումով թույլ է տալիս Արցախը դասել անվտանգ երկրների շարքին։
Նախագահ Սահակյանն իր ելույթում կանգ առավ կարևոր մի հարցի՝ անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վրա։ Նա հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել և ուժեղացնել նշված ուղղությամբ հանցագործությունների դեմ պայքարը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ փոփոխության դինամիկան, կատարված հանցագործությունների տեսակն ու ծանրությունը վկայում են հասարակության մեջ գոյություն ունեցող սոցիալական, կրթադաստիարակչական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների ու միտումների մասին։ Այս համատեքստում ԱՀ Նախագահը կարևորեց այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ գլխավոր դատախազության համագործակցության շարունակականության ապահովումը։
Հանրապետության ղեկավարն անդրադարձավ նաև դատախազության համար խնդրահարույց մեկ այլ հարցի՝ քրեական գործերի նախաքննության ժամկետի ողջամտության ապահովմանը։ Բ. Սահակյանը հավաստիացրեց, որ այս ուղղությամբ համապատասխան աշխատանք է տարվում։ ՙԱնհրաժեշտ է հարցին մոտենալ համապարփակ ու բազմակողմանի ձևով, և անել հնարավորը, որպեսզի պատշաճ ժամկետների ապահովումը չհակադարձի գործերի քննման որակին։ Դատախազության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը մեծապես կախված է կադրային ճիշտ քաղաքականությունից, աշխատակիցների մասնագիտական կարողությունների հետևողական բարձրացումից, ՀՀ գլխավոր դատախազության առաջատար գիտակրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումից ու զարգացումից, ինչը պետք է լինի ձեր գործունեության հիմքում։ Արդի ժամանակահատվածը պահանջում է աշխատանքների հրապարակայնության պատշաճ աստիճանի և որակի ապահովում՚,- ասաց ԱՀ Նախագահը՝ կարևորելով զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությունն ու պարբերաբար իրականացվող մամուլի ասուլիսները։