comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Բնապահպանության նախարարը մամուլի ասուլիս է հրավիրել
[ARM]     [RUS]     [ENG]

Բնապահպանության նախարարը մամուլի ասուլիս է հրավիրել

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Փետրվարի 13-ին տեղի է ունեցել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Ֆելիքս Գաբրիելյանի մամուլի ասուլիսը։ Պետք է նշել, որ սա նման ձևաչափի՝ նախադեպը չունեցող հանդիպում էր. բնապահպանության ոլորտի որևէ պատասխանատու մամուլի ասուլիս մինչ այդ չէր հրավիրել։

2019 թվականին պետական բյուջեով բնապահպանության ոլորտին հատկացվել է 189 միլիոն 807 հազար դրամ, իսկ բնապահպանական ծրագրերին՝ 156 միլիոն 821,5 հազար դրամ։
Ֆ. Գաբրիելյանը հանրապետության բնապահպանական վիճակը բավարար է գնահատում, գտնում է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանը միանգամից հնարավոր չէ հասնել, բայց գերատեսչությունն անելու է հնարավորը` դրանք նվազեցնելու համար: Նա համառոտ ներկայացրել է ոլորտի քաղաքականությունը, ծրագրերը՝ շեշտելով, որ նախարարությունը կիսում է այն բոլոր մտահոգությունները, որ կան հասարակության մեջ բնապահպանության և բնական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ։
Նշվեց, որ ոլորտի քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանն ու վերականգնմանը։
Առկա խնդիրները վերացնելու համար նախևառաջ անհրաժեշտ էր իրավական կարգավորում, և պատահական չէ, որ անցած տարվա ընթացքում մշակվել և ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, այդ թվում և` ՙԸնդերքի մասին՚ օրենսգրքում: Մշակվել և ընթացքավորվել են օրինագծեր` ջրային ոլորտի կարգավորման համար: ՙԼՂՀ ջրային օրենսգրքում՚ փոփոխություններին զուգահեռ կընդունվի նաև Ջրի ազգային ծրագիր:
Առաջիկայում, իր գործառույթների շրջանակներում, նախարարությունը նախատեսում է աշխատանքներ տանել հասարակության էկոլոգիական կրթության, դաստիարակության և էկոլոգիական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ աշակերտների հետ, կլոր սեղանների, սեմինարների, բաց դասերի ու արշավների կազմակերպում` շահագրգիռ մարմինների ու թիրախային խմբերի մասնակցությամբ:
Նախարարը նշել է, որ հսկայական աշխատանք պիտի կատարվի ջրային ոլորտում. սկսած 1988 թվականից, հանրապետության տարածքում մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգ չէր իրականացվել: Անցյալ տարի, կատարելով այդ աշխատանքները, գերատեսչությունը պարզել է, որ գրեթե բոլոր գետային ավազաններում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցում են պղինձը, վանադիումը, ալյումինը: Որոշ գետերում նկատելի են թթվածնի քիմիական պահանջարկի, ցինկի, ամոնիում և նիտրատ իոնների կոնցենտրացիաների աճ, ինչը պայմանավորված է կոմունալ-կենցաղային հոսքաջրերի` առանց մաքրման գետը թափվելու հետ:
Հաշվի առնելով ջրային ռեսուրսների` էներգետիկ նպատակներով օգտագործման փաստերը, դրանց շուրջ առկա մտահոգությունները, և այդ ռազմավարական ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով այս տարի նախատեսվում է ներդնել փոքր հեկերի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգ, որի միջոցով կիրականացվի ջրառի ու հեկերի կողմից օգտագործվող ջրի ծավալների ավտոմատ, առցանց հաշվառում: Նախարարությունը փորձելու է արդյունավետ կառավարել նաև կենսառեսուրսները` անտառ, որս և այլն: Խոսք եղավ շնագայլերի ու գայլերի` վերջին շրջանում բնակելի տարածքներում հայտնվելու և վնասներ հասցնելու հաճախակի դեպքերի, դրանց դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու մասին: Բնապահպանները խնդրի շուրջ երկու տեսակետ ունեն` մի մասը գտնում է, որ դրա կարիքը չկա, քանի որ բնության ներդաշնկաությունն ու համակարգվածությունը խախտվում է մարդկային գործոնի ազդեցութամբ, մյուսները դրանց դեմ պայքարն անհրաժեշտ են համարում:
Պատասխանելով ՙԱզատ Արցախ՚-ի` ընդերքի շահագործման ժամանակ բնապահպանական նորմերի պահպանմանը կամ դրանց խախտման դեպքերի վերհանմանը վերաբերող հարցին, այդ թվում և հանրապետության տարածքում ընդերքօգտագործող ամենախոշոր` ՙԲեյզ մեթըլս՚ ընկերության գործունեության հետ կապված, որի շուրջ հասարակության մեջ առկա են մտահոգություններ, Ֆ. Գաբրիելյանը նշեց, որ նախատեսված բոլոր միջոցառումները կատարվում են, այդ թվում և` ՙԲեյզ մեթըլզ՚-ի կողմից շահագործվող հանքավայրերում: Կան փաստեր, որոնք չեն կարող գոհացնել նաև բնապահպանության ոլորտը կարգավորող մարմնին, առկա են խնդիրներ, որոնց լուծմամբ նախարարությունը զբաղվում է:
Ինչպես արտադրական, այնպես էլ կոշտ կենցաղային թափոնների կառավարումը ևս լուրջ թեմա է, մեր հանրապետությունում ժամանակակից չափանիշներով աղբավայրեր, ցավոք, չկան, թափոնների վերամշակման արտադրամասեր, թափոնները կառավարելու մեխանիզմներ նույնպես: Բնակչության կողմից աղբավայրեր են ստեղծվել ամենուր, և նախարարությունը լուրջ աշխատանք ունի անելու չարտոնված աղբավայրերը լիկվիդացնելու, չհսկվող ու չարտոնագրված աղբավայրերի քանակը կրճատելու, խախտումները բացահայտելու տեսակետից:
Բնափայտի ճիշտ օգտագործման, անտառների պահպանման և անտառաշինության բնագավառում ևս միջոցառումներ են նախատեսվում: 2018 թվականին ՙԱրցախանտառ՚ ՊՈԱԿ-ի կողմից բնակչությանը և անտառօգտագործողներին տրամադրվել է 1026 հատատեղ, 4917 հա մակերեսով: Մյուս տարիների համեմատ կրճատվել է բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղը: Անցյալ տարվա գարնանը ստեղծվել է ՙԿանաչ Արցախ-կենսոլորտային համալիր՚ ՊՈԱԿը, որի մեջ ներառվել են ՙԿաչաղակաբերդ՚ ազգային պարկը, ՙԿովսական՚ պետական արգելոցը և ՙՍոսիների պուրակ՚ պետական արգելավայրը: Կազմակերպությունն իրականացնում է հատուկ պահպանվող տարածքների սահմանների հստակեցում և ուսումնասիրություններ այդ տարածքներում: Ցավոք, Խորհրդային միության փլուզումից հետո անտառաշինական նախագիծ չի կազմվել, և նախարարությունը նախատեսում է մշակել տասնամյա ծրագիր` միջոցառումներ իրականացնելու համար: Պետք է նաև ճանապարհներ բացել դեպի անտառի խորքը` ծառահատումները ճիշտ իրականացնելու նպատակով:
Ինչու՞ Արցախի հանրապետությունը չունի Կարմիր գիրք, չկա՞ դրա անհրաժեշտությունը` այս մասին Ֆ. Գաբրիելյանն ասաց, որ կան տվյալներ` Կարմիր գրքում ընդգրկվելու ենթակա կենդանական ու բուսական աշխարհի մասին, և որ հնարավոր է` հասունացել է պահը, քանի որ մասնագետները նույնպես առաջարկներ ունեն Կարմիր գիրք ստեղծելու վերաբերյալ:
Ֆ. Գաբրիելյանը խոստացավ լրագրողներին, որ նման հանդիպումները շարունակական են լինելու, իսկ տարվա վերջին արդեն կերևա կատարված աշխատանքի արդյունքը: