comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՐԴ, ՈՐ ԾՆՎԵԼ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴ, ՈՐ ԾՆՎԵԼ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 (Ասլան Գրիգորյանի ծննդյան 70-ամյակի առթիվ)

Հաճախ չի պատահում, որ մարդու անունը, գործը, արտաքինը, ներքինը ներդաշնակ լինեն: Այդպիսինների մասին ասում են` Աստծո կողմից շնորհյալներ: Նման համոզմունք է առաջանում, երբ ծանոթանում ես Ասլան Գրիգորյանի կենսագրությանը: 70-ամյա այր, որի կյանքը դեռ մանկությունից նախապատրաստություն էր այն կոչմանը, որը սահմանված էր նախախնամությամբ:

Ծննդավայրը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղն է, որտեղ յոթ տասնամյակ առաջ փետրվարի 18-ին լույս աշխարհ է եկել և սովորել այդտեղ մինչև 4-րդ դասարանը: Հետագայում նա պիտի ոտքի տակ տար Ղարաբաղի բոլոր գյուղերը, անցներ ամեն սար ու ձորով, դաշտ ու անտառով, ծանոթ լիներ ամեն թուփ ու քարի: Ավելին` ոտքով կտրեր Կովկասյան լեռնաշթան, հասներ մինչև Կազբեկ, բարձրանար Նեմրութ լեռը (ցավոք, Թուրքիան թույլ չտվեց Արարատի գագաթ բարձրանալ), իր թիմով Լեռնային Ալթայում կործանումից փրկեր արշավախումբ… Օտարները նրան ֆրանսիացու կամ ամերիկացու տեղ էին դնում: ԱՄՆ-ում` Պենտագոնի կազմակերպած ահաբեկչության դեմ պայքարի դասընթացներին մասնակցելիս ամերիկացի քառակի աստղակիր գեներալը շատ էր զարմացել` իմանալով, որ նա ղարաբաղցի է և խնդրել էր թվարկել պատերազմում ղարաբաղցիների հաղթանակի գործոնները, քանի որ իրեն` աշխարհի բոլոր պատերազմները վերլուծած գեներալին, դա չէր հաջողվել: Ասլան Գրիգորյանը թվարկել էր` նշելով մեր ժողովրդի հայրենասիրությունը, արդար պայքարը, մեր երկրի աշխարհագրական առանձնահատկությունները` լեռները, անտառները և շատ այլ գործոններ, նաև, որ Հայաստանն առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, և Աստված էլ է մեր կողմից: Եթե այդ ժամանակ հոլիվուդցիները նրան տեսած լինեին, հավանաբար կծնվեր մարտաֆիլմի նոր աստղ…
Ասլան Գրիգորյանի անցած ուղին, նրա ամբողջ կյանքը էքստրեմալի հաղթահարում է:
Հոր` տարածաշրջանում հայտնի անասնաբույժ Գրիգոր Գրիգորյանի (որի ստեղծած դեղերի, բուժական մեթոդների մասին գիտեին ԽՍՀՄ հանրապետություններում և անգամ` արտասահմանում) մեծ պահանջվածության պատճառով ընտանիքը հաճախակի էր տեղից տեղ փոխադրվում, և Ղարաբաղի կառավարության հրավերով, ի վերջո, հանգրվանում է Շուշիում: Ասլանը ուսումը շարունակել է նախ` Ստեփանակերտի հ. 3, ապա Շուշիի հ. 2 դպրոցում: Դեռ փոքր տարիքից աչքի է ընկել ճարպկությամբ, հաճախել է մարմնամարզության խմբակ: Այդ գծով էլ շարունակել է բարձրագույն կրթությունը Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում:
Մարդու մոտ առաջնորդության հատկանիշն ի ծնե է: Այդպիսին ծնվում են, իսկ պայմանները զարգացնում են: Ասլանի մոտ դա ի հայտ եկավ սովորելու տարիներից, երբ դպրոցում, ապա ինստիտուտում ղեկավարում էր կոմերիտկազմակերպությունը: Ի դեպ, նրա անունը բուհում տարածվեց դեռ ընդունելության քննությունների ժամանակ, երբ քիմիա առարկայից պրոֆեսոր Ղամբարյանից (Գամբո էին ասում) ստացավ գերազանց, որն ինստիտուտի պատմության մեջ չտեսնված բան էր (դա կարող է հաստատել նրա համակուրսեցի Անյան` հետագայում բժիշկ Լեոնիդ Զախարյանի կինը): Մարմնամարզիկ էր, բայց ճակատագիրը նրա համար ուրիշ բան էր նախանշել` կյանքի իմաստը տեսնել էքստրեմալ պայմանները հաղթահարելու մեջ: Խորհրդային բանակում ծառայությունն էլ այդ ճանապարհի մասն էր. ծառայեց բժշկասանիտարական գումարտակում` համապատասխան ուսումնական կենտրոնում դասընթացներ անցնելուց հետո: Կարճ ժամանակում աչքի ընկավ իր համարձակությամբ, ճարպկությամբ, խելքով: Զորավարժության ժամանակ գերազանց հաղթահարեց ՙհակառակորդի՚ գործադրած ՙքիմիական զենքից՚ պաշտպանվելու, վիրավորներին դուրս բերելու, առաջին օգնություն ցուցաբերելու փորձությունը: Արժանացավ հրամանատարության խրախուսանքին և ծառայության կարճ ժամկետին անհամապատասխան զինվորական բարձր` ավագի կոչման: Ամբողջ գնդի բժշկական ծառայությունը վստահվեց նրան: Ապագա մասնագիտության համար թրծման լավ դարբնոց էր:
Ինստիտուտն ավարտելուց հետո մանկավարժական գործունեության անցավ Ասկերանի միջնակարգ դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի, ապա` Ստեփանակերտի հ.7 և հ.2 դպրոցներում` ռազմագիտության ուսուցիչ, դասախոսել է նաև Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: Այնուհետև եղել է ԼՂ մարզադպրոցի մեթոդիստ, ուսմասվար, ապա` տնօրեն, աշխատել պատանի տուրիստների մարզային կայանում` որպես տնօրենի տեղակալ: Իսկ հետո ստեղծել է Ստեփանակերտի տուրիստական ակումբը և ղեկավարել այն, իսկ ակումբին կից` փրկարար ծառայություն: Զրոյից է սկսել ամեն ինչ: Հիմնադրել է էքստրեմալ տուրիզմը, որում ընդգրկված էին փոքրեր ու մեծեր: Նրա տղաներն ամենաուժեղն էին մրցումների ժամանակ: Ադրբեջանը, բնականաբար, թույլ չէր տա, որ իր հավաքականում ամբողջությամբ հայերը ներգրավվեն, բայց և առանց թիմի ուժեղագույնների` Ասլան Գրիգորյանի ու Սերգեյ Թովմասյանի (զոհվել է Արցախյան պատերազմում) չէր կարող ներկայանալի լինել: Սկզբում Ադրբեջանի, ապա Հայաստանի թիմերում տղաները մասնակցել են ԽՍՀՄ բարձրագույն կատեգորիայի բարդության էքստրեմալ տուրիզմի մրցումների, գրավել առաջնակարգ տեղեր: Ասլանը նաև Հայաստանի թիմի երկրորդ մարզիչն էր և անդամը: Ընդհանրապես, որտեղ էլ եղել է, երբ նաև փրկարարական ծառայությունն էր ղեկավարում բանակում և քաղաքացիական պաշտպանությունում, կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ աշխատել է նաև որպես շարքային անդամ:
Երբ եղավ Սպիտակի երկրաշարժը, Ասլան Գրիգորյանն անմիջապես իր ակումբի տղաներից ջոկատ կազմեց և 18 օր ու գիշեր արտասահմանցի փրկարարների հետ կողք-կողքի աղետի գոտում մասնակցեց փրկարարական աշխատանքներին` այդ ընթացքում արտակարգ իրավիճակներում աշխատանքի մեծ փորձ ձեռք բերելով: Վերադառնալով Արցախ` անմիջապես ձեռնամուխ եղավ փրկարար ծառայության ստեղծմանը, որը երկու տարի գործեց հասարակական հիմունքներով: Գիտակցելով դրա կարևորությունը, մարզգործկոմը մայիսի 24-ին որոշում է ընդունում փրկարար ծառայություն ստեղծելու մասին, և նրա պետ է նշանակվում Ասլան Գրիգորյանը:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նոր ուղղություն մտցրեց ծառայության աշխատանքում, և 1992թ. հունվարին այն դառնում է ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներից մեկը (ազդականչը`ՙԱսլան՚): Անցնելով զորանոցային ռեժիմի` ՓԾ-ն զուգահեռաբար շարունակում է քաղաքացիական պաշտպանության իր առաքելությունը: Պատերազմի ժամանակ փրկարար ծառայությունը ռմբակոծությունից ավերված շենքերի փլատակներից դուրս էր բերում խաղաղ բնակիչներին, մարտադաշտից հանում վիրավորներին` ցուցաբերելով առաջին օգնություն: Ծառայության հաշվում շուրջ 3000 փրկված կյանք կա:
Պատերազմից հետո` 1995թ. հունվարի 13-ին, ԼՂՀ փրկարար ծառայությունը վերակազմավորվում է Արտակարգ իրավիճակների վարչության, որի պետ է նշանակվում Ասլան Գրիգորյանը: Վարչությունում ստեղծվում է սակրավորների ծառայություն, որն զբաղվում է չպայթած ռումբերի ու արկերի ոչնչացման, ականների վնասազերծման գործով: Հետագայում, բնակչության անվտանգության և գյուղատնտեսության զարգացման խնդիրներով պայմանավորված, բարոնուհի Քերոլայն Քոքսի միջոցով ԼՂՀ է հրավիրվում ոչ քաղաքական The Halo Trust կազմակերպությունը, որն առ այսօր զբաղվում է ռազմական գործողությունների տարածքներն ականներից մաքրելու աշխատանքներով:
Մարդկանց փրկության գործում և հասարակական անվտանգության ոլորտում արդյունավետ համագործակցության համար Ա. Գրիգորյանը միջազգային կազմակերպության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Մասնակցել է մի շարք միջազգային կոնգրեսների և արտակարգ իրավիճակների գծով դասընթացների: Պրոֆեսիոնալիզմի, մեծ փորձառության, բարձրակարգ փրկարարական աշխատանքներ տանելու համար ծառայությունը մտել է Փրկարար ծառայության միջազգային համադաշնության մեջ:
ԱԻՎ պետի պաշտոնում նա աշխատեց մինչև 2005 թվականը, որից հետո թոշակի անցավ:
Ասլան Գրիգորյանի երազանքն է Արցախում ունենալ տուրիզմի զարգացման կենտրոն` դրա բազմաթիվ տեսակների ընդգրկմամբ:
Ասլան Գրիգորյանը երբեք իր համար չի ապրել։ Ափսոսո՞ւմ է։
-Միայն մի բանի համար եմ ափսոսում, որ իմ գիտելիքները, փորձը չեմ կարողանում փոխանցել նոր սերնդին:
Եվ դա ասում է մի մարդ, ով միշտ երիտասարդներին սովորեցրել է բարձր նպատակներ դնել ու ձգտել հասնելու դրանց:
;