[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԱՐՄԱՏԸ ԽՈՐՆ Է

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Եղծահողը մայրաքաղաքից դեպի Բերդաձորի ենթաշրջան, առաջին գյուղն է: Մայրուղուց մի քանի կմ անբարեկագ, ոլորապտույտ ճանապարհով գյուղամեջ հասնելուն պես հրաշալի տեսարան է բացվում. գլխավոր ճանապարհից կարելի է վերահսկել գյուղի ամբողջ անցուդարձը, հետևել բակերի ու տնամերձերի աշխատանքին: Եղծահողի համայնքը մեծ չէ. ընդամենը 140 մարդ է ապրում այնտեղ, չնայած, առաջին հայացքից մեզ թվաց` գյուղի բնակիչները երեք-չորսն են: Այդ տպավորությունը ցրեցին խնամված բակերը, որոնցից յուրաքանչյուրում գույնզգույն մեղվափեթակներ կային, վերանորոգված տանիքներն ու պատուհանները:

Քարքարոտ ճանապարհով գյուղի նորակառույց եկեղեցուց համայնքապետարանին էր մոտենում մի հին ՙ06՚, ղեկին 16-17 ամյա պատանի էր, ուղևորը` բավականին աշխույժ մի պապիկ: Հետո պարզեցինք, որ նա Նապոլեոն Առուստամյանն է, Եղծահողի դպրոցի ֆիզիկայի, մաթեմատիկայի և քիմիայի արդեն թոշակառու ուսուցիչը: 87 տարեկան է, իր կյանքի 51 տարիներն անց է կացրել Եղծահողի դպրոցում դասավանդելով, իսկ բնակիչներից ամենալավը գիտի գյուղի պատմությունը: Ընկեր Առուստամյանին հարգում են գյուղում, դիմում նրան խորհուրդի համար, հրավիրում ներկայացնելու գյուղը, երբ ՙդրսից՚ մարդ է գալիս: Ինքը չի հրաժարվում, ներողություն է խնդրում, շտապ հեռանում` արագ վերադառնալու խոստումով: ՙԼսում եմ՚,- ներկայանում է արդեն պաշտոնական հագուկապով` կոստյումով ու փայլեցրած կոշիկներով ընկեր Առուստամյանը: ՙԵս նման գործերին լուրջ եմ վերաբերվում. հարցազրույց տալը պատասխանատու գործ է՚,- պարզաբանում է նա, տեսնելով մեր երկիմաստ ժպիտները իր կերպարանափոխվելու առիթով: Հարցազրույցը գերադասում է շարունակել կանգնած, չնայած մեր մի քանի անգամ արված նստելու առաջարկին: Երևի դարձյալ պատասխանատվության զգացումից ելնելով: ՙՍովետի մարդ եմ, ուրիշ ձև չեմ կարող: Կարգ կա, կանոն կա....՚:
ՙԾնվել եմ Շուշիի շրջանի Եղծահող գյուղում,-շարունակում է նա: -Դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, որից հետո մեկնել եմ ծառայելու խորհրդային բանակում։ Երեք տարի ծառայելուց հետո վերադարձել եմ, սկսել իմ մանկավարժական գործունեությունը։ 54 տարվա մանկավարժական ստաժ ունեմ: 51-ը անց եմ կացրել հայրենի գյուղում դասավանդելով: Իմ աշակերտները հիմա թոռներ ունեն՚:
Արցախյան պատերազմի տարիներին, 1991թ-ից հետո, երբ գյուղը տեղահանվեց, եղծահողցիները ցրվեցին տարբեր քաղաքներով։ ՙԲերդաձորի ենթաշրջանի բնակչությունը 19 քաղաքներում տեղավորվեց, մի օր նստել-հաշվել եմ,- անկեղծացավ զրուցակիցս:- Մեկ տարի գյուղը մնաց օմոնականների ձեռքին։ Վերադարձանք, երբ գյուղն ազատագրվեց, նորից սկսեցինք շենացնել այն՚։
Ներկայումս գյուղում ընդամենը 12 աշակերտ կա, կոմպլեկտավորված դասարաններով են ուսուցում կազմակերպում։ Այս մասին թոշակառու ուսուցիչն ափսոսանքով է խոսում, երազում, որ գյուղում նորից ծնունդները և աշակերտների թիվը շատանա, աշխուժությունը վերադառնա դպրոց: Անցյալ տարի գյուղում նույնիսկ ծնունդ չի գրանցվել:
Հեռվում, տոնականորեն զարդարված մի մեքենա երևաց: ՙՀարսանի՞ք է, նշանդրե՞ք՚,-հետաքրքրվեցինք: Պարզվեց, որ նորածին են տուն բերում. տարվա առաջին ծնունդն է: Նման առիթներով ուրախանում են գյուղովի, հավաքվում օրհնելու, մաղթելու, որ յոթ որդով սեղան նստեն:
ՙԱպրուստը գյուղում վատ չէ: Աշխատողի համար, իհարկե: Ով աշխատում է, նրա վիճակը` թե առողջական, թե ֆինանսական, չի կարող վատ լինել,-շարունակում է մեր խոսակցությունը Նապոլեոն պապիկը:-Կոլխոզի ժամանակ աշխօրի արժեքը 80 կոպեկ էր, մարդիկ աշխատում էին կոլխոզի համար: Հիմա կարգը այլ է, ամեն մեկն իր համար է աշխատում և իր աշխատանքի տերն է` արա, կեր: Իմ տղաները ապրում են Մոսկվայում, աղջիկս` Երևանում: Ինձ լավ են նայում, դժգոհ չեմ: Բայց ինչքան ուզում են տանել, չեմ համաձայնվում: Ես առանց աշխատանքի, առանց մեր հանդերի, մեր հող ու ջրի չեմ կարող ապրել: Ի՞նչ պիտի անեմ նրանց ութերորդ հարկում, այդ ցուրտ ու խոնավ Մոսկվայում: Սաղ լինեն՚:
Եղծահողցիների հիմնական զբաղմունքը մեղվաբուծությունն է և անասնապահությունը: Հողագործությունն այստեղ չի արդարացնում իրեն: Նապոլեոն պապիկն էլ է մեղու պահում, 12 մեղվափեթակ ունի: Չնայած մեղվաբուծությունն այստեղ շատերի եկամուտի հիմնական աղբյուրն է, ինքը մեղրը չի վաճառում: Ուղարկում է զավակներին և Երևանում ապրող քույրերին: ՙԱսում են, մարշալ Բաղրամյանը միայն մեր գյուղի մեղրն էր ուտում: Լավն է մեր գյուղի մեղրը: Որտեղ որ փորձաքննության են տարել, պատվով է դուրս եկել՚,-հպարտանում է նա:
Փոքրիկ ջերմոց ունի տան մոտ: Վարունգ, սոխ և կանաչեղեն է մշակում` կարիքը չունի, մի բան արած լինելու համար....
ՙԼավ էինք, երկու տարի առաջ պառավիս կորցրի...,- դողոց կար ձայնում,- բայց էլի յոլա եմ գնում: Մի կին կա, Բերձորից, գալիս է մաքրություն անում, գնում, դժգոհ չեմ, պառավիս էլ էր լավ նայում՚:
Գյուղում նորակառույց եկեղեցի կա, ս. Սարգիս է կոչվում: Այն հնից մի քիչ վերև է: ՙ 1762 թվականին են հին եկեղեցին կառուցել,-պատմում է զրուցակիցս։- Սակայն, նրա շրջապատում մարդիկ չեն ապրել, ապրել են ավելի վերև՝ տոհմերով, իսկ տեղանքն էլ կոչվել է այդ տոհմերի անուններով` ՙՔյուրանենց ծյոր՚, ՙՓախունց խութ՚, ՙՄդանեն ծյոր՚։ Չեն բնակվել եկեղեցու տարածքում, քանի որ ճանապարհն անցնում էր դյարալագյազցիների մոտով, որոնցից վախենում և խուսափում էին՚։ Թե ովքեր էին դյարալագյազցիները, չկարողացանք իմանալ, հասկացանք միայն, որ նրանց պատճառով, է, որ եղծահողցիները եկեղեցու մոտ չեն ապրել, այլ գյուղ են հիմնել ներկայիս տարածքում: ՙԳյուղը կամաց-կամաց մեծացավ: Առաջինը գյուղ եկավ Հախունց ազգը, հետո` Բաղունց ազգը, Թոխունց ազգը և այդպես գյուղ դարձանք, իսկ գյուղի անունը մնաց Եղծահող: Այսինքն` Եղցահող-Եղցու հող, եկեղեցու տարածք,- հիշում է 87 ամյա թոշակառուն: -Սովետի ժամանակ, երբ եկեղեցիները քանդում էին, մեր գյուղի եկեղեցին կանգուն մնաց, գործում էր։ Եվ հիմա շատերը, չնայած որ նոր եկեղեցին ավելի հարմար տեղ է կառուցված, գերադասում են այցելել հինը՚։
Մենակ է ապրում Նապոլեոն Առուստամյանը, կարոտում է զավակներին, բայց չի կարող թողնել- գնալ: Այստեղ իր ՙպառավն՚ է, իր հիշողությունը, ապրած տարիները, իր ազատությունը, հայրենիքը: Այստեղ Եղծահողն է, որի հետ կապված է յուրաքանչյուր բջիջով: Եվ ոչինչ, որ իր շարունակությունը ձգվում է մինչև Ռուսաստան, հույս ունի, որ արյան կանչով նրանք մի օր կվերադառնան: