[ARM]     [RUS]     [ENG]

ԿԸՀ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տարվա անդրանիկ նիստն է հրավիրել։ Այն վարել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Նիստին մասնակցում էին նաև Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները։

Օրակարգային հարցերից առանցքայինը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հիմնական միջոցառումների ծրագիրն էր։ Ներկայացնելով 2019-ի անելիքները՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ ծրագրում առաջին հերթին ընդգրկված է օրենսդրական դաշտի ապահովմանը վերաբերող հարցը. խոսքը ԼՂՀ գործող օրենսգիրքը 2017թ. փետրվարի 20-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև՝ հանրաքվեի մասին ԱՀ նոր օրենքի ընդունման մասին է։ Թե ինչումն է կայանում այս երկու օրենքները նոր խմբագրությամբ ընդունելու անհրաժեշտությունը՝ Ս. Արզումանյանը նշեց, որ դրանք բավական լայնածավալ, մասշտաբային փոփոխություններ են ենթադրում։ Համաձայն Սահմանադրության՝ Մայր օրենքի ընդունումից հետո՝ երեք տարվա ընթացքում պետք է ամբողջ օրենսդրական դաշտը համապատասխանեցվի Սահմանադրությանը, և ըստ այդ տրամաբանության՝ ընտրական օրենսգիրքն ու հանրաքվեի մասին օրենքը պետք է ընդունվեն մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր։
Իսկ մինչ այդ, Արցախում աշնանը Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններն են անցկացվելու։ Այս ոլորտում ևս անելիքներ կան. մինչ սեպտեմբեր-հոկտեմբեր ՏԻՄ ընտրությունների անցկացման օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը։ Օրենքի նախագծերն արդեն ԱՀ Ազգային ժողովում են։ ԿԸՀ նախագահի հավաստմամբ՝ այս ոլորտում առանցքային փոփոխություններ չեն լինելու. ընտրական օրենսգրքից որոշ դրույթներ կվերանայվեն ու կհամապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը, ինչպես նաև՝ ընտրական օրենսգրքից կհանվի անցումային այն դրույթը, ըստ որի՝ թափուր պաշտոններ առաջանալու դեպքում պաշտոնակատարների ինստիտուտ էր սահմանվում և պահապնվում մինչև ՏԻՄ ընտրությունների անցկացում։ Օրենսդրական դաշտի կարգավորումից հետո թափուր պաշտոն լինելու դեպքում նոր ընտրություն կհայտարարվի։ Ընտրվող համայնքի ղեկավարներն ու ավագանիները կգործեն 5 տարի ժամկետով։ ՙ2019-ի աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների առումով օրենսդրական բացթողումներ չունենք, ամեն ինչ կարգավորված է՚,-ասաց Ս. Արզումանյանը։
Կազմակերպական շարքից ԿԸՀ նախագահը կարևորեց մասնագիտական դասընթացների անցկացումը։ Դրանք, հավանաբար, տեղի կունենան երկու փուլով՝ մինչ ՏԻՄ ընտրությունները և ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքներն ընդունելուց հետո։
Նիստը հաստատեց ԿԸՀ 2019թ. գործունեության ծրագիրը։
Օրակարգի հաջորդ հարցերը, որոնց մասին հանգամանալից պարզաբանումներով հանդես եկավ ԿԸՀ նախագահը, հանրային հնչեղություն ունեն. խոսքը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական մի շարք ակտեր ընդունելուն էր վերաբերում։ ԿԸՀ-ն ընդունեց որոշումներ, որոնք անմիջական նպատակ ունեն կանոնակարգելու Սահմանադրության երկու հոդվածներից (122 և 162) բխող հարցերը, այսինքն քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագծեր շրջանառության մեջ դնելու հարցը։ Նախկին Սահմանադրությունը, ինչպես տեղեկացրեց Ս. Արզումանյանը, այս հնարավորությունը չէր ընձեռում։
Հանձնաժողովը սահմանեց նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի գործունեության կարգը, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման և քաղաքացիական նախաձեռնության անդամին ու լիազոր ներկայացուցչին տրվող վկայականների ձևերը։ ԿԸՀ նիստը սահմանեց նաև ստորագրությունների հավաքման կարգը, ստորագրությունների ձևաթերթիկի և տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարության ձևերը։