[ARM]     [RUS]     [ENG]

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ՈՒՂԵԳՐՎՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 2019թ. հունվարի 1-ից ԱՀ կառավարության նոր որոշմամբ սահմանվել են ուղեգրվող բժիշկ-մասնագետներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարգերը։ Դեռևս 2009թ. ԼՂՀ կառավարության ընդունած որոշմամբ՝ այլ վայր ուղեգրվող բժիշկներին տրամադրվում էր ֆինանսական աջակցություն սահմանված աշխատավարձի 30-80% հավելավճարով, ինչպես նաև 100 հազար դրամի միանվագ օգնություն՝ կենցաղային կարիքները հոգալու համար։ Դրան զուգահեռ ուղեգրվող բժիշկներին տրամադրվում էր բնակվարձ։

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի վարիչ Լուսինե Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ 2019թ. հունվարի 1-ից փոփոխվել են վերոնշյալ կարգերը. այսուհետ պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ԱՀ շրջանային բուժհաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետներին յուրաքանչյուր ամիս կտրվի հավելավճար՝ իր բնակության վայրում տվյալ ամսվա համար հաշվարկված հիմնական աշխատավարձի 30%-ի չափով, իսկ բնակության վայրից 30 և ավելի կմ հեռավորության վրա այլ բնակավայր ուղեգրվող բժիշկ-մասնագետին՝ հիմնական աշխատավարձի 50%-ի չափով։ Նշյալ ֆինանսական աջակցությունը չի տրամադրվելու Ստեփանակերտի, Ասկերանի և Շուշիի շրջանային բժշկական հաստատություններ ուղեգրվող բժիշկներին։ Հավելավճարից բացի նրանց կտրամադրվի 30 հազար դրամի միանվագ դրամական օգնություն։ Համաձայն կարգի` ֆինանսական աջակցության ցուցաբերման ժամկետը 10 տարի է։ Բացի դրանից, ուղեգրվող մասնագետներին նոր աշխատանքի վայրում ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում կտրամադրվի բնակվարձ։ Ստեփանակերտ քաղաքում բնակելի տարածության վարձակալության համար տրվող ֆինանսական աջակցության չափը կկազմի 40 հազար դրամ, շրջկենտրոններում` 25 հազար, այլ բնակավայրերում` 20 հազար դրամ։
Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ նոր որոշումը կխրախուսի նորավարտ բժիշկներին աշխատել շրջանային բուժհաստատություններում։ Ու եթե նախկինում հավելավճարների տրամադրման չափերն ու ֆինանսական աջակցության ժամկետները որոշում էր առողջապահության նախարարը, այժմ օրենքով հստակեցված են և՜ հավելավճարների չափերը, և՜ ֆինանսական աջակցության ժամկետները։ Նոր որոշմամբ` եթե ուղեգրվող բժիշկները համատեղ են բնակվում կամ ամուսիններ են, ապա նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է միայն տվյալ բուժհաստատությունում սահմանված աշխատավարձի 30-50% հավելավճարները, իսկ բնակվարձը և ուղեգրվող վայր տեղափոխվելու ծախսը (30 հազար դրամ) տրամադրվում է միայն ընտանիքի անդամ կամ համատեղ բնակվող բժիշկ-մասնագետներից մեկին։ Լ. Հովհաննիսյանի տեղեկատվությամբ՝ ներկայումս ծրագրում ընդգրկված են 18 բժիշկ- մասնագետներ, իսկ 5 հոգի էլ կաշխատեն նախկին որոշմամբ կնքված պայմանագրով։
Քանի որ Արցախի առողջապահության ոլորտը կարիք ունի նեղ բժիշկ-մասնագետների, ուստի շրջանավարտների հետ կկնքվեն պայմանագրեր, համաձայն որոնց` նրանք կպարտավորվեն ուսումնառությունն ավարտելուց հետո վերադառնալ և աշխատել առողջապահության նախարարի առաջարկած բուժհաստատությունում։ Նեղ բժիշկ-մասնագետների կարիք կա Քաշաթաղի, Մարտակերտի, Մարտունու, Քարվաճառի և Հադրութի շրջանային բուժհաստատություններում։ Նոր կարգը կխթանի ոլորտը համալրել անհրաժեշտ մասնագետներով։ Արդեն այս ամռանը Երևանի պետական բժշկական համալսարանի 7 շրջանավարտներ կվերադառնան Արցախ և, համաձայն կարգի, կուղեգրվեն շրջանային բուժհաստատություններ։
Շրջանային բուժհիմնարկ ուղեգրվելու ցանկություն ունեցող բժիշկները պետք է գրավոր դիմեն առողջապահության նախարարությանը, ներկայացնեն անձը հաստատող և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։