comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՄԵՆՔ ՊԱՇՏՈՆ ՉՈՒՆԵՆՔ, ՄԵՐ ԳՈՐԾԸ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՆ Է՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ՊԱՇՏՈՆ ՉՈՒՆԵՆՔ, ՄԵՐ ԳՈՐԾԸ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՆ Է՚

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերից է Խնկավանը, շրջկենտրոնից ավելի քան 51 կմ հեռավորության վրա է գտնվում, նաև, ի տարբերություն շրջանի մյուս բնակավայրերի, համեմատաբար երիտասարդ է՝ մեկուկես դարի պատմություն ունի: Մինչև 2001թ. գյուղը միավորված էր հարևան Վաղուհասի հետ: Տարեց խնկավանցիների պատմածով՝ այս տարածքում վաղուհասցիներն իրենց անասնագոմերն ու արոտավայրերն ունեին, և առաջինը հենց նրանք են հաստատվել այստեղ: Ինչ վերաբերում է գյուղի անվան պատմությանը, ապա, ըստ ժողովրդական ավանդության, անտառների մեջ կորած փոքրիկ բնակավայրում միշտ խնկի բույր է զգացվել, երբ ջահել ծառեր են հատվել` պարզելով դրանց խնկաբեր հատկությունը:

Փոքրիկ Խնկավանն Արցախյան պատերազմում 14 զոհ է ունեցել, ծննդավայրը պաշտպանողները շրջանում ամենավերջիններն են թողել գյուղը՝ այդպես էլ չհաշտվելով այն կորցնելու մտքի հետ: Մեկ տարի անց մասնակցել են գյուղի ազատագրմանն ու ընտանիքներով վերադարձել, սկսել վերականգնել քարուքանդված բնակավայրը: 2007-ից գյուղը ղեկավարող Լորիկ Աբրահամյանը նախ վերջին տարիների ձեռքբերումներին է անդրադառնում: Այսօր գյուղը 188 բնակիչ ունի և 55 ընտանիք: Համայնքապետը, ոչ առանց հպարտության, շեշտում է, որ նախորդ տարում երեք նոր ընտանիք է հաստատվել գյուղում, ծնվել է երեք երեխա: ՙ45 դպրոցահասակ երեխա ունենք. Կար ժամանակ` Խնկավանում ութամյա դպրոց էր գործում, հիմա տարրական է՝ 13 երեխաներով: Ավագները Վաղուհասի միջնակարգում են սովորում: Վաղուհասի դպրոցը նորակառույց է և կառուցվել է մեր երկու գյուղերի համար՝ հնարավորինս մոտ Խնկավանին, սակայն միևնույն է, գյուղից գյուղ գնալը, այն էլ` մեր լեռնային անբարեկարգ ճանապարհներով, երեխաների համար դժվար է՚,-ասում է համայնքապետը: Տարրական դպրոցը գործում է հարմարեցված միհարկանի շենքում:
Գյուղում գործում է բուժկետ, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների համար պարբերաբար շրջայցեր են իրականացնում Գետավանի տեղամասային և Մարտակերտի շրջանային հիվանդանոցների բժիշկները: Խնկավանցիներն իրենց ապրուստը վաստակում են անասնապահությամբ, մասամբ՝ հողագործությամբ: 30 հա վարելահող ունի գյուղը, որտեղ անցած տարում աշնանացան չի կատարվել: Ըստ համայնքապետի` պատճառը վերջին մի քանի տարում արձանագրվող ցածր բերքատվությունն է, բացի այդ, առկա են գյուղտեխնիկայի պակաս և դաշտամիջյան ճանապարհների անբարեկարգություն: Խնկավանցին, սակայն, բացառիկ աշխատասեր է, հարազատ հողի հետ վաղուց լեզու գտած` տնամերձում էլ բանջարեղենից բացի կարողանում է բավականաչափ գարնանացան մշակաբույսեր աճեցնել:
Խնկավանը ևս Արցախյան ազատամարտում զոհված ու հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրից անմասն չի մնացել: Հետպատերազմյան տարիներին մեկ տասնյակից ավելի ընտանիքներ գյուղում ապահովվել են բնակարանով, որոնք վերանորոգվել են կամ կառուցվել հիմքից: Աջակցության տարբեր ծրագրերից օգտվում են սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված բոլոր ընտանիքները: Ըստ համայնքապետի՝ երիտասարդության զբաղվածության խնդիրը մասամբ լուծել է ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ն, սակայն խնդիր է մնում նրանց ժամանցի վայրի բացակայությունը. դեռևս լուծում չի տրվել մշակույթի տուն ունենալու հարցին: Վերանորոգման կարիք է զգում նաև հանդիսությունների սրահը:
Համայնքն ապահովված է բջջային կապով, տներում առկա է նաև ֆիքսված հեռախոսակապ: Խնկավանցիները դիտում են ինչպես Արցախի հանրային, այնպես էլ ՀՀ և ռուսական հեռուստաալիքներ: Փոքր բյուջե և սուղ հնարավորություններ ունեցող համայնքապետարանը նախորդ ֆինանսական տարին ամփոփել է որոշակի առաջընթացով. Լ. Աբրահամյանի խոսքով` սեփական եկամուտների հավաքագրումը հաջողվել է հասցնել 98 տոկոսի՝ կենտրոնանալով նաև ծախսային մասի իրականացման վրա: Ըստ գյուղապետի՝ հնարավորությունների սահմանում ավագանին լուրջ ուշադրություն է դարձնում ընդհանուր բնույթի խնդիրները հաղթահարելուն: Կատարվել են բնակավայրի բարեկարգման, գյուղամիջյան և միջհամայնքային ճանապարհների մասնակի նորոգման աշխատանքներ: ՙՄնացած գյուղերի նման Ռուսաստաններում ապրող ու միշտ աջակցելու պատրաստ բարերարներ չունենք, մեր հույսը մենք ենք, մեր բարերարն էլ շրջվարչակազմի ղեկավարն է՚,-ասում է համայնքապետը: -Մեր համայնքում նույնպես երիտասարդները չեն շտապում ամուսնանալ՝ կապված բնակարանային խնդրի հետ: Այս հարցում շրջվարչակազմի ղեկավարն իր պաշտոնավարման հենց սկզբից որոշել է օգնել՝ վերանորոգելով յուրաքանչյուր ամուսնացող երիտասարդի բնակարանը՝ սա մեծ օգնություն է նորաստեղծ ընտանիքին՚:
Չնայած գյուղի մոտով Թարթառն է հոսում, համայնքի չլուծվող խնդիրներից առաջինը խմելու և ոռոգման ջրի սակավությունն է: Անցած տարում շրջվարչակազմի աջակցությամբ հաջողվել է մասնակիորեն լուծել խմելու ջրի հարցը՝ մոտակա աղբյուրներից ջուրը հասցնելով գյուղ: Անբարեկարգ է գյուղ մտնող ճանապարհը, սակայն այստեղ, ըստ համայնքապետի, դժվար է բարեկարգ ճանապարհ պահելը, նախալեռնային տեղանքում սելավները մեկ ժամում կարող են շարքից հանել ցանկացած նորոգված ճանապարհ:
Մեր զրույցի ավարտին փորձում ենք պարզել Խնկավանի գյուղապետի ՙերկարակյացության՚ գաղտնիքը: ՙՀամայնքի ղեկավարը եթե իրեն գյուղի միակ պաշտոնյան համարեց, բնակչության կողմից անպայման վստահության ու հարգանքի պակաս կունենա,-նկատում է նա:-Մեզ արժանացրել են ծննդավայրը ղեկավարելու պատվին, մենք էլ կրկնապատկված եռանդով պետք է օգնենք համագյուղացիներին շենացնելու հարազատ բնօրրանը՚: