ԿՆՈՋ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը հերթական միջոցառման մեկնակետ ընտրեց Հադրութի շրջանը։ 
ՙԿինը՝ քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ՚ վերտառությամբ կլոր սեղանի  մասնակիցների թեմատիկ քննարկման հիմնական ուղղություններն էին կնոջ դերը հասարակության մեջ, նրա իրավունքներն ու պարտականությունները, դաստիարակությունը մշակույթով (ինչպես ենք ներկայանում քաղաքակիրթ աշխարհին) և բարոյագիտությունը, կամ՝ ինչպես ենք դաստիարակում մեր զավակներին։
Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը նշեց, որ քննարկումների շարքը սկսել են Հադրութի շրջանից՝ նկատի ունենալով, որ հեռավոր, ծայրամասային շրջաններում առավել շոշափելի են հոգսերն ու հիմնախնդիրները, իսկ կազմակերպության նպատակը դրանք երևան հանելն ու լուծման տարբերակներ և ուղիներ գտնելն է։
Հ. Միքայելյանը միաժամանակ շեշտեց, որ քննարկումները կրելու են շարունակական բնույթ, հնարավորինս ընդգրկվելու են բոլոր շրջանները, իսկ ձեռք բերված տեղեկությունները խմբավորվելու, կանոնակարգվելու են վերջնական եզրահանգման համար։ Միաժամանակ նշվեց, որ ՙՄայրություն՚ ՀԿ նախաձեռնությամբ և Կրթության  ու գիտության նախարարության օժանդակությամբ դպրոցներում մտցվելու է ՙԲարոյագիտություն՚ առարկա։ Դասաժամը պարապելու են ոչ միայն առարկայի մասնագետ-ուսուցիչները, այլև ՙՄայրություն՚ ՀԿ վարչության անդամներն ու հրավիրված մասնագետ-դասախոսները։
Հ. Միքայելյանը ներկաներին հրավիրեց անկեղծ ու անկաշկանդ զրույցի։ Կլոր սեղանի մասնակիցներն առաջ քաշեցին բազմաթիվ խնդրահարույց հարցեր։ Ի դեպ, միջոցառման մասնակիցները ներկայացնում էին հասարակայնության տարբեր շերտեր, շրջվարչակազմի աշխատողներ, մշակույթի ու կրթության բնագավառի մասնագետներ, ծնողներ, տնային տնտեսուհիներ։ Այն, որ բարձրացված թեման  այժմեական է ու մտահոգիչ, դրանում միանշանակ բոլորը համակարծիք էին, իսկ լուծման ուղիներ գտնելու հարցում եղան տարակարծություններ... Փաստելով, որ կինն է կյանքի շարժիչ ուժը և մեծ է նրա դերակատարությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, քննարկմանը մասնակից տիկնայք խոսեցին նաև չարիք ծնող, հասարակությանը ոչ հարիր երևույթներից միասնական ջանքերով ձերբազատվելու մասին։
Անհրաժեշտ է հասնել նրան, որ անցանկալի երևույթները՝ ՙքաղաքակրթություն՚ պիտակավորմամբ ու սխալ ընկալմամբ, չներթափանցեն մեր կենսակերպը։ Հոգևոր ու մտավոր ազատությունը չի ենթադրում հին, արմատավորված բարի ու դրական ավանդույթների ոչնչացում։ Վատը հեշտ է ընդօրինակվում, իսկ լավը,  դրականը յուրացվում են  դանդաղ և արմատավորելու համար ջանք պիտի թափել։
ՙՄի սպասիր օգնության, ինքդ ստեղծիր ու օգնիր՚ գաղափարը կարմիր թելի պես ձգվում էր կլոր սեղանի քննարկումների առանցքով, դառնում առաջարկ, միտք ու եզրահանգում. անհրաժեշտ է ձեռք մեկնել մեռնող գյուղերին, ընտանիքներում, դպրոցներում արմատավորել բարին, գեղեցիկը, լավն ու դրականը, փողոցից, ընտանիքից,  դպրոցից ընդօրինակող զավակների համար կենդանի օրինակ լինել՝ օգնելու, որ նրանք ընկալեն միայն դրականը, սոցիալական խնդիրների կողքին չանտեսել նաև դաստիարակչականը՝ շեշտը դնելով հայրենասիրական դաստիարակության ու բարձր արժանապատվության վրա։
ՙՀետևողական պիտի լինենք բոլոր հարցերում, մեր հասարակությանը ոչ հարիր, խորթ երևույթներին ՙո՜չ՚ ասելու հարցում՝ միակամ։ Չպիտի հոգնենք սովորեցնելուց, դրականն  արմատավորելուց, ինչը մեկ օրվա խնդիր չէ, այլ մշտական ու աշխատատար ընթացք։ Նոր աչքով ու նոր հայացքով նայենք կյանքին, երևույթները գնահատենք բարձր չափանիշներով։ Ջանք չխնայենք մեր զավակների դաստիարակության գործում, որպեսզի նրանք ուժեղ, հպարտ ու արժանապատիվ մեծանան... Հետ նայելով ու դասեր քաղելով անցյալից՝ արմատավորենք նորը ու ապագային նայենք վստահ հայացքով՚,- եզրահանգեց Հ. Միքայելյանը՝ ամփոփելով կլոր սեղանի աշխատանքները։  
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ