comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆՆԵՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆՆԵՐՈՒՄ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Լեռների փեշերին փռված Թալիշն Արցախի հյուսիսային դուռն է, նրա հնագույն գյուղերից մեկը։ 1822 թվականին Մելիք¬Բեգլարյանների իշխանական տան շառավիղներից մեկի՝ Թալիշ Բեկի անունով գյուղը կոչվեց Թալիշ։

1603թ., երբ հայտնվում է հռչակավոր Մելիք Աբով 1-ինը՝ Մելիք-Բեգլարյանների իշխանական տան հիմնադիրը, սկսվում է Թալիշի պատմության նոր ժամանակաշրջանը։ Շատ ամպեր են եկել ու անցել գյուղի գլխով, շատ ջրեր են հոսել, սակայն գյուղը դիմացել ու դիմակայել է...
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թշնամու դեմ մարտնչել են 450 թալիշցիներ, որոնցից 224-ը զոհվել է։ Գյուղը միշտ էլ փառավորվել է իր հարստությամբ, որի գաղտնիքը պիտի փնտրել թալիշեցու առասպելական աշխատասիրության մեջ։ Թալիշցիների աշխատասիրության մասին է խոսում և այն փաստը, որ ընդամենը երկու տարվա ընթացքում 1988-90-ական թվականներին, 2 հա¬ի վրա կառուցվեց մի ամբողջ բնակելի թաղամաս՝ 25 առանձնատներով։ Սակայն շրջափակումը, անխուսափելի առճակատումն ու պատերազմը չոքել էին թալիշեցու դռանը... Ապրել էր պետք, պայքարել ու դիմակայել։
Անտրտունջ արարում, ստեղծում էին 2200 թալիշցիներ, ապավինելով 270 ազատամարտիկներին ու աշխարհազորայիններին, ովքեր պաշտպանում էին գյուղի 20-կիլոմետրանոց ճակատային գիծը։
Գյուղը մաքառում էր մինչև ատամները զինված հակառակորդի դեմ։ Երեք անգամ տեղահանվում է, շատ դաժան օրեր ապրում, անչափ թանկ զոհեր տալիս, սակայն մնում է անկոտրում ու անդրդվելի։ Միայն 1992թ. մայիսի 11-ին, ի պատասխան Շուշիի անկման, թշնամին իր ողջ թույնը թափում է Հյուսիսային Արցախի վրա։ Միր Բաշիրի, Կասում Իսմայլովի, նույնիսկ Խանլարի շրջաններում տեղակայված ռազմական ծանր տեխնիկայի ու հեռահար հրետանու ամբողջ կրակային ուժն ուղղվում է Թալիշի վրա։ Նրանք 14 ժամ անընդմեջ հրետակոծության են ենթարկում բնակավայրը։ Այդ ընթացքում գյուղի տարածքում պայթում է 1000-ից ավելի ՙԳրադ՚-ի, նույնքան էլ՝ հրետանու և տանկի արկ։
ՙՍու-25՚ ռմբակոծիչներն ու ՙԿոբրա՚ ուղղաթիռներն օր ու արև չեն տալիս թալիշցիներին։ Հիմնովին մոխրանում է 25 տուն, վնասվում կամ փլվում բնակելի ֆոնդի զգալի մասը։ Թալիշցին կրկին անդրդվելի է, ոչ ոք չի ուզում լքել հարազատ օջախը... Սակայն Հյուսիսային Արցախի անկման հետևանքով անհնար է դառնում մոտալուտ արհավիրքի առաջն առնելը։ Պատերազմի բեկումնային փուլում 1994թ. գարունը թալիշցիները դիմավորեցին իրենց դիրքերում՝ Մատաղիս¬Հոռեկասար հատվածում։ Ու երբ 1994թ. ապրիլին հնչեց գյուղը գրոհելու հրամանը, առաջինը նախահարձակ եղավ Թալիշի գումարտակը։ Թալիշցիներն առաջիններից մեկը մտան անճանաչելիորեն փոխված, ավերակված հայրենի ոստանը։ Երկամյա գերությունից հետո Թալիշն սկսեց վերընձյուղվել ու հաղթանակների կանչը ունկերում՝ կրկին հյուսել իր բույնը... Այս ամենը եղավ մինչև 2016թ. ապրիլը, հետո եղավ այն, ինչ եղավ...
Շվար կանգնել եմ բաց դարպասների դիմաց, ու աչքերս մարդկային ոտնահետքեր են փնտրում: Փնտրում են գյուղի առաջին բնակիչներին։ Թալիշ գյուղի առաջին բնակիչները... Նրանք այսօր ընդամենը հինգ հոգի են, բայց չեն վհատվում, նրանց համար շատ կարևոր է, որ իրենք գյուղում լինեն: Կգա՛ն, կամաց¬կամաց կվերադառնան ՙտնավեր, բնավեր հավքերը՚... Օլեգ Օհանյանը, հայրը՝ Բենիկը, և մայրը՝ տիկին Ագնեսան, իրենց օջախից չեն ուզում հեռանալ, նույնիսկ հրաժարվեցին Ալաշանի ժամանակավոր կացարանից։
Մյուս տանը, որի երդիկից ծուխ է բարձրանում, Սլավիկ Խաչատրյանն է ապրում իր կնոջ՝ Էմմայի հետ։ Սլավիկի երեք որդիները զինվորական ծառայության մեջ են, ընտանիքներով ապրում են Մատաղիս գյուղում։ Իսկ Սլավիկն ինքը կնոջ հետ միասին անասնապահությամբ է զբաղվում։ Նրանց հետ հանդիպել մեզ չհաջողվեց, ամուսիններով հանդ էին գնացել։ Մարդիկ չարչարվում, իրենց քրտինքով ապրուստի միջոցներ են հայթայթում...
-Իրենք իրենց համար փոքրիկ տնտեսություն պիտի ստեղծեն,¬ ասում է Թալիշում կառավարության լիազոր ներկայացուցիչ Լևոն Ապրեսյանը,¬ իսկ աշխատատեղեր բացվելու են, այդ ուղղությամբ գործուն քայլեր կան, հետագայում մտադիր ենք նաև փոքրիկ կարի արտադրամաս բացել, որով կանանց զբաղվածության խնդիրը կլուծենք։ Եթե ցանկություն լինի, շատ բանի կարելի է հասնել, թալիշցին այսուհետ ավելի լավ պիտի ապրի, քան մինչ այդ էր։ Գյուղը կրկին կհամախմբվի, մի բռունցք կդառնա ու վերստին ՙոչ՚ կասի պատերազմին` իր ապրել¬արարելով, իր հող ու ջրին տեր կանգնելով։ Նայելով տարվող աշխատանքների ծավալին` ակամայից հավատում ես, որ հեռու չէ այդ օրը։
Լևոն Ապրեսյանը նաև անձնական օրինակ է համագյուղացիների համար։ Ուղիղ շարքերով շարված մեղվափեթակները, խնամված նոր տնկիները հուշում են, որ բանող ձեռքեր կան, Լևոնն ավելացնում է` նաև օղի ենք թորում, մուրաբա եփում, այգի ու բանջարանոց գցում ու խնամում։ Անցած տարի տնամերձից այնքան բանջարեղեն են ստացել, որ չգիտեին ավելցուկն ինչ անեն, դույլերով բաժանում էին շինարարներին։
Օլեգ Օհանյանին հանդիպեցինք իրենց տան բակում։ Չորս բոլորն աչք ածելով պատերազմի հետք չնկատեցինք, հոգատար ձեռքերն ամեն ինչ իրենց տեղն էին դրել։ Պահեստազորի մայոր Օլեգ Օհանյանն աշխատում է տեղի փրկարար ծառայությունում։ ՙԲնիկ թալիշցիներ ենք,¬ ասում է Օլեգը,- մայրս շուրջ հիսուն տարի գյուղի բուժքույրն է եղել, համարյա նույնքան էլ հայրս խանութի վարիչ է աշխատել։ Երկու տարի է` արդեն գյուղում են: 2017թ. մայիսի 28-ին Օլեգն առաջիններից մեկն է գյուղ եկել, սեփական ձեռքերով փորձել վերացնել պատերազմի հետքերը, այգին ու բանջարանոցն է կարգի գցել։ Առաջիններից մեկն էլ իրենց տունն են հիմնանորոգել։ Օլեգի` գյուղում բնակություն հաստատելուց երկու ամիս անց վերադարձել են ծնողները։ Հին ծառերը երիտասարդացրել, մի տասը հատ էլ նոր բերքատու ծառ է տնկել, օր օրի բոյ են քաշում, շիվ են տալիս, ու նրանց հետ ծնվում է հույսը, որ հին Թալիշը կրկին հառնելու է։ Հեռու չէ այն օրը, երբ դպրոցում կրկին հնչելու է զանգն ու երեխաները աղմուկ¬ժխորով դասի են շտապելու, իսկ առայժմ շինարարի մուրճի ձենն է արձագանքում: Օլեգը հերթով թվարկում է իր ծառայության վայրերը՝ՙԵղնիկներ՚ պարտիզանական ջոկատ, 5-րդ Պաշտպանական շրջան, դիվիզիա, Թալիշի գումարտակ, կրկին ՙԵղնիկներ՚, որից հետո Գյումրի, իսկ այնտեղից էլ պահեստազոր է արձակվել։ Մարտական ընկերներով այս հողի համար արյուն են թափել, էլ ինչպես ուշքները ետ չլինի, իրենք թուրքին զիջելու հող չունեն, իսկ վերադարձնելու` ինչքա՛ն ասես... Ճակատագիրն էլ իրենց ոխերիմ հարևաններ է տվել, ինչ անեն, եղածը սա է։ Հայրը՝ Բենիկը, երկու ամիս էլ առանց հայրենի գյուղի չդիմացավ, նրան անհնար էր համոզելն ու ետ պահելը։ 80-ն անց Ագնեսա մայրիկը մեզ դիմավորում է լայն ժպիտով։ Զարմանում ենք, երբ տարիքն ասում է` ավելի ջահել կերևայի, եթե այսքան ցավ ու դավ չտեսնեի: Գիշերը, երբ դուրս է գալիս պատշգամբ, իրենց երբեմնի մեծ ու վարքար գյուղում մի երկու տեղ է թույլ լույս առկայծում։ Հյուրեր չեն ունենում, մեկ¬մեկ շինարարներն են իրենց բակից մի քանի դույլ ջուր վերցնում։ Օտարության մեջ չկարողացան մնալ, աղջիկը Երևանում է, յոթերորդ հարկում է ապրում, չդիմացան քաղաքի բնակարանային պայմաններին, սովոր չեն, իրենց այգուն ու բանջարանոցին ոչինչ չի կարող փոխարինել, իրենց օդ ու ջրին կարոտ էին մնացել ու վերադարձան։
Ագնեսա Օհանյանի հայրը՝ Ռուբեն Սարգսյանը, Մեծ Հայրենականի մասնակից է, վերջերս է մահացել, 97 տարեկան հասակում։ Պատերազմի մասին պատկերացում ուներ հոր պատմածներից, բայց դե մարդուս կյանքն ինքնին անկանխատեսելի է։ Երկու պատերազմ էլ ինքը տեսավ, իր զավակները տեսան։ Առաջին բռնատեղահանությունը դեռ հիշողությունից չջնջված, երկրորդ աղետը գլխներին տեղաց։ Խորունկ ցավն ատամների տակ սեղմած` Ագնեսա մայրիկը ցույց է տալիս իրենց նոր տունը...
Տաք ու սառը ջուր մշտապես կա, բոլոր կոմունալ հարմարությունները` նույնպես։ Ասում է, թե փիփերթ շատ է սիրում, մեկ¬մեկ տնից դուրս է գալիս, որ փիփերթ քաղի, դրկից հարևան չկա, որ հետները երկու խոսք փոխանակի, սիրտը բացի։ Բայց այդքանից հետո էլ տիկին Ագնեսան անդրդվելի է, գյուղից դուրս է եկել վերջինը, իսկ գյուղ առաջինն է վերադարձել։ Չի փոշմանում, ավելի շուտ պիտի վերադառնար, իր տունը, իր բաղն ու բախճեն դրախտից էլ առավել են։ Ինչից պիտի վախենա, երբ առաջնագծում ջահել¬ջիվան տղաներ են կանգնած։
Հրաժեշտ ենք տալիս գյուղի ՙառաջին ծիծեռնակներին՚, իրարամերժ զգացումներով ու երբ ճանապարհին հանդիպում ենք շինարարներին, թաքուն մի հույս առկայծում է մեր սրտերում... Հառնում է Նոր Թալիշը, անցյալից դասեր քաղած, դժվարություններից կոփված, պինդ, ամրակուռ, ուժեղ և ամենակարևորը՝ զավակների տունդարձին սպասող...