comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵՏԱՎԱՆ. ԿՅԱՆՔԸ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ԳՅՈՒՂՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՏԱՎԱՆ. ԿՅԱՆՔԸ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Գետավանը արցախյան այն գյուղերից է, որտեղ կյանքը մի տեսակ քաղաքային ընթացք ունի, նման տպավորությունը թերևս պայմանավորված է գյուղով անցնող Հյուսիս-հարավ մայրուղով ու Շահումյան-Մարտակերտ խաչմերուկում գտնվելու պարագայով: ՙՄեր գյուղը Մարտակերտի դարպասն է՚,-սիրում են հիշեցնել գետավանցիները:

Համայնքի բնակիչների մի մասն այստեղ է տեղափոխվել հարևան համայնքներից, քանի որ Գետավանում հնուց ի վեր փայտամշակման արտադրամաս է գործել: Մայրուղու փայլուն, դեռևս աննշան իսկ անբարեկարգություն չհանդուրժող ասֆալտը նաև գյուղինն է, կենտրոնում նորակառույց համայնքային կենտրոնն է, կրպակների ու խանութների, նաև կայանված մեքենաների առատությունն է աչքի զարնվում ու ճանապարհի երկու կողմերում ընթացող շինարարությունը: Գյուղական ավանդական անշտապ առօրյայի միակ վկայությունը հեռու ծառերի տակ կապված ձին է, փորձում ենք նկարել. ՙԿնկարեք, բա ինչ, գիտեք` շա՞տ ձի կա մեր գյուղում,- ասում է տարեց մարդը: - Լսվա՞ծ բան է, երկու ձի պահող կա գյուղում, մեքենա առնողներ՝ ինչքան ուզես, ժամանակին ձին էր գյուղացի տղամարդու հավատարիմ ընկերը, հիմա ի՞նչ ձի պահել, ի՞նչ ձի պայտել, անպատվաբեր բան է՚,-չգիտես` դժգոհում, թե առաջադեմ իր գյուղով հպարտանում է նա:
Եվ, սակայն, գյուղացին այստեղ իր գործով է զբաղված, գրեթե ամեն ընտանիք իր նախընտրած զբաղմունքն ունի` բանջարանոց, մեղվի փեթակներ, ինքնաթոր օղի, և այդ ամենը՝ հենց տեղում իրացնելու հնարավորություն. շուկան եկել է գյուղ: Անասնապահությունը, սակայն, տարիների հետ հետընթաց է ապրում` կաթնամթերք ավելի շատ սպառում են, քան արտադրում: Ըստ համայնքի ղեկավար Արարատ Զաքարյանի, համայնքի տարածքը կազմում է 854 հա: Համայնքային հողերում ընդունված է հիմնականում եգիպտացորեն մշակել: Վերջին երկու տարում գյուղում 16 երեխա է ծնվել: Գետավանում բնակվում է 107 ընտանիք, 400 մարդ: Ներկայում նախադպրոցական տարիքի 60 երեխա կա գյուղում: Վերջին տարիներին` կապված մայրուղու շահագործման հետ, գյուղում նկատելի աշխուժություն կա: Բնակչության մի մասն աշխատում է համայնքում տեղակայված տարբեր օբյեկտներում: Համայնքում կամ մոտակայքում գործում են մի քանի ընկերություններ` ՙԱռաքել՚, ՙԲեյզ Մեթըլս՚, ՙԳետավան հէկ՚ և այլն: Համայնքում երկու զոհված ազատամարտիկների ընտանիքների համար տներ են կառուցվում: ՙՀայաստան՚ համահայկականի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված երկհարկանի համայնքային կենտրոնն անցած տարում է հանձնվել շահագործման, մինչ այդ գյուղապետարանը դպրոցի երկու սենյակներում էր օթևանել: Այժմ ոչ միայն գյուղապետարանն է տեղակայվել նորակառույց շենքում, այլև գյուղի ակումբը, գրադարանը, հանդիսությունների սրահն ու համակարգչային սենյակը:
Մենք Գետավանում էինք նախորդ տարվա աշխատանքների մասին համայնքապետի ներկայացրած հաշվետվության առիթով: Համայնքապետը շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանին նաև առավել հրատապ խնդիրներն է ներկայացնում. հիմնականում երիտասարդ ընտանիքներով հարուստ գյուղում ընդգծված է բնակարանային խնդիրը: Բացի այդ, Հաթերք տանող կամուրջն է վերանորոգման ենթակա, նոր հիվանդանոցի, դպրոցի և մանկապարտեզի կառուցման անհրաժեշտությունն է հասունացել: Շրջվարչակազմի ղեկավարը համայնքի բնակիչներին ներկայացնում է վերջին նորությունը` կապված հիփոթեքային վարկավորման` գյուղաբնակ ընտանիքներին հասցեագրված բարեփոխումների հետ: Ըստ հանրապետության նախագահի 2017-20թթ. ծրագրում ներառված դրույթների` բոլոր այն ընտանիքները, ովքեր ցանկություն ունեն ծննդավայրում հիմքից նոր տուն կառուցել, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ընդամենը մեկ տոկոս տոկոսադրույքով հնարավորություն կունենան փոխառություն ստանալ: Դրա հետ մեկտեղ շարունակվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը: Նախնական տվյալներով` յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 18-20 մլն դրամ գումար կազմող վարկ, կան արդեն տների պատրաստ նախագծեր, որոնք ներկայացվելու են պոտենցիալ վարկառուներին: Բացի այդ, գյուղում բնակարան գնելու դեպքում ևս նոր մոտեցումներ են առաջարկվելու: Հուլիսի 1-ից նորություններ կլինեն նաև գյուղաջակցության հիմնադրամի վարկավորման ծրագրերում, եթե նախկինում վարկն ընթացքավորելու պարտադիր պայման էր գրավի առարկա ունենալը, ապա այժմ ինքնավարկավորման սկզբունքն է գործելու: Շրջվարչակազմում արդեն կազմավորվել է համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է բնակարանի կարիք ունեցող ընտանիքների հաշվառում և ցուցակագրում: Ինչ վերաբերում է գյուղի գազիֆիկացմանը, ապա շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում նախատեսված են քննարկումներ ոչ միայն ՙԱրցախգազ՚, այլև ՙԱրցախէներգո՚ ընկերությունների հետ` լուծելու գազատարի, ինչպես նաև գյուղում հոսանքի թույլ լարման խնդիրները: Ըստ Ա. Զաքարյանի` գյուղի երիտասարդությունը վճռականորեն է տրամադրված, որոշել են` եթե գյուղը չգազիֆիկացվի` չեն թողնելու գազատարը հասնի անհատ սեփականատիրոջ գազալցակայան: Նաև շեշտում է` սահմանին բռնկված վերջին պատերազմի օրերին գյուղից զինապարտության տարիքի 50 տղամարդ է դիրքեր հասել: Գետավանի տարեց բնակիչներից Ս. Մարտիրոսյանի մտահոգությունը գյուղի լքված ու տիրազուրկ տներն են: Նրա խոսքով` անգամ հայրական տան նկատմամբ գույքային իրավունք ձեռքբերելու համար գյուղի բնակիչը ստիպված է հասնել շրջկենտրոն, զանազան պաշտոնական` դատական ատյանների, կադաստրի կոմիտեի, նոտարի և այլ դռներ բախել` սեփականության իրավունքը հաստատելու համար: Նախկին մանկավարժի համոզմամբ` այդ ամենն ավելորդ փաստաթղթային քաշքշուկներ են, որոնք նաև նյութական զգալի ծախսերի հետ են կապված, այնինչ, տեղում հարցը շատ արագ կարող է լուծել համայնքապետը` մեկ որոշմամբ: Շրջվարչակազմի ղեկավարն այլ մոտեցում առաջարկեց: Քանի որ կիսավեր, երկար տարիներ լքված ու վերանորոգման կարիք ունեցող տներ շատ կան Արցախի գյուղական բնակավայրերում, որոշվել է նման տներն ընդգրկել համայնքային բալանսում ու ավագանու որոշմամբ տրամադրել բնակարանի կարիք ունեցող բնակիչներին` եռամյա ժամկետում կառուցապատման իրավունքով:
Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները բարձրացրին նաև համեմատաբար նոր թաղամասի ոռոգման ջրի հետ կապված խնդիրը, շրջվարչակազմի ղեկավարը տեղում խոստացավ մոտակայքում գտնվող աղբյուրից ջուրը ջրամբար հասցնելու համար խողովակներ տրամադրել: Կլուծվի նաև գյուղում բանկոմատ ունենալու հարցը: Համայնքային կենտրոնի կառուցումը ՙՀայաստան՚ համահայկականի միակ ծրագիրը չէ, նախատեսվում էր Գետավանում նաև նոր դպրոց ու մանկապարտեզ կառուցել, այդ աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում: Նախորդ տարում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին տնօրենն էր անձամբ հայտարարել, որ Գետավանի համար Հիմնադրամը հատուկ ծրագրեր ունի և համայնքային կենտրոնին կհետևի նոր հիվանդանոցի կառուցումը, որը կիրականացվի ԱՀ կառավարության հետ համատեղ, սակայն հայտարարությանը գործնական քայլեր չեն հետևել: Տեղամասային հիվանդանոցի անձնակազմը տարիներ ի վեր սպասում է նոր շենքի կառուցմանը: Նախկին ռազմական բժիշկ Գևորգ Ալոյանը հիվանդանոցի վարիչն է: Մեր բժիշկն ու մեր փրկիչը. այսպես ներկայացրեց նրան մեզ հիվանդանոց հասցնող գետավանցի երիտասարդը, ով համոզված է, որ նման մասնագետ մայրաքաղաքում էլ չի գտնվի: Իսկ հիվանդանոցի պայմաններն իսկապես աննախանձելի են` խարխուլ պատեր, թափվող առաստաղ, անշուք հիվանդասենյակներ։ Ոչ միայն շենքային պայմաններն են վատ, հիվանդանոցը չունի արդիական սարքավորումներ, ունի մասնագետների պակաս: Տեղամասային հիվանդանոցը նաև շրջակա ինը գյուղերն է սպասարկում, ավելի քան 3000 երեխաներ այստեղ են պատվաստումներ ստանում: Ըստ բուժանձնակազմի` օրվա ընթացքում ավելի քան 20 դիմող է լինում: Օրեցօր ավելի է զգացվում շտապօգնության կայան ստեղծելու անհրաժեշտությունը: Տեղամասային բուժհաստատության թերապևտիկ, մանկաբուժական ու գինեկոլոգիական բաժինները միայն մեծ վերապահումներով կարելի է այդպես կոչել, իրականում դրանք փոքրիկ, անհարմար սենյակներ են, որտեղ և՜ հիվանդի զննում է իրականացվում, և՜ բուժում նշանակվում: Գ. Ալոյանը, որպես փորձառու մասնագետ, նաև վիրաբուժական ոչ մեծ միջամտություններ է իրականացնում:
Գետավանում կան լուծելի այլ խնդիրներ ևս, սակայն երբ հեռավոր որևէ գյուղում շինարարություն ու նորակառույց տուն ես տեսնում, լավատեսորեն ես լցվում համայնքի ապագայի հանդեպ: Լավատես է նաև համայնքապետ Ա. Զաքարյանը, ով գյուղի ապագայի սեփական տեսլականն ունի` ծնելիության լավ ցուցանիշ, մեխանիկական աճի ապահովում (դա արդեն իսկ նկատվում է. անգամ ՌԴ-ից կան ծննդավայր վերադառնալ ցանկացողներ) և կյանքի որակի բարելավում, իսկ այդտեղ, ըստ նրա, արդեն ամենից առաջ նախաձեռնողականություն պետք է ցուցաբերեն համայնքի բնակիչները` աշխատելով, արարելով ու առաջարկելով գյուղի զարգացման համար սեփական բիզնես-ծրագրեր: