comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
2018թ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

2018թ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ

 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը մարտի 12-ին ԶԼՄ-ներին ներկայացրեց հանրապետության 2018թ. սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։

Նախքան ցուցանիշներին անդրադառնալը Մ. Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սոցիալական ծանր բեռի պատճառով պետության սակավ միջոցներն ուղղվում են ոչ թե տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, այլ սոցիալական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը։
Այդքանով հանդերձ, վարվող քաղաքականության արդյունքում ԱՀ տնտեսության մեջ 2018թ. հաջողվել է ունենալ տնտեսական աճի 11,9% ցուցանիշ։ 2018թ. դեկտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 111,8%, իսկ 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին (աճողական), 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 112,1%։ Համախառն ներքին արդյունքը 2018թ. կազմել է 310.2 մլրդ դրամ՝ 2017թ. 272.1 մլրդ դրամի փոխարեն։ ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 111,9%, ինդեքս-դեֆլյատորը` 101,9 % (2017թ.` համապատասխանաբար 115,6 %-ի և 102,5%-ի փոխարեն): 2018թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 2103.3 հազ. դրամ, 4354.7 ԱՄՆ դոլար, կամ 3685.3 Եվրո` 2017թ. 1855.9 հազ. դրամի, կամ 3844.7 ԱՄՆ դոլարի և 3403.8 Եվրոյի դիմաց: ԱՎԾ նախագահը պարզաբանեց, որ այս ցուցանիշը գերազանցել է ՀՀ-ի համապատասխան ցուցանիշն ու տարիների ընթացքում հաջողվել է զարգացում ունենալ ՀՆԱ-ի առումով, որովհետև նախկինում (2007թ.) այն կազմում էր հայաստանյան ցուցանիշի 57-58%-ը։ Արձանագրված ՀՆԱ-ի 11,9% հավելաճի տեմպի 5,1%-ն ապահովել են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, 1,6%-ը` պետական կառավարման և պաշտպանության, պարտադիր սոցիալական սպասարկման, 1,3%-ը` շինարարության և 1,2 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտները։ Մ. Մինասյանն անդրադարձավ նաև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, կապի, սպառողական շուկայի, դրամաշրջանառության, ժողովրդագրության, արտաքին առևտրի, գների ընդհանուր վիճակագրական տվյալներին։
Բանախոսի պարզաբանմամբ՝ տարիներ շարունակ ԱՀ տնտեսության մեջ գերակշռող և բավականին մեծ կշիռ են ունեցել արդյունաբերությունը, և այսօր էլ գերիշխող է հանքագործության և բաց հանքերի շահագործման ոլորտը։ 2018թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 125 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել 124.8 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: Ինչպես և նախորդ տարիներին, գրանցվել է արդյունաբերական արտադրանքի իրացվելիության բարձր ցուցանիշ՝ 99,8%։ Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2017թ. նկատմամբ կազմել է 129,3%, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործման մեջ` 134,7%, մշակող արդյունաբերությունում` 129,4%, էլեկտրականության, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարման ոլորտում` 112,9%, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 90,8%: Ստեփանակերտի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 28,4%-ը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինը Մարտակերտի շրջանինն է՝ 58,4%:
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2018թ. փաստացի գներով կազմել է 74.1 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը, 2017-ի համեմատ, համադրելի գներով, նվազել է 3,9 %-ով՝ պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի մոտ 8% նվազմամբ։ Աճել են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ու բանջարեղենի, նվազել՝ կարտոֆիլի ու բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները: Նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ 41,4%-ով աճել է խոզերի, 19,2%-ով` ոչխարների ու այծերի, 7,7%-ով` թռչունների քանակը, 0,5 %-ով նվազել ԽԵԱ-ի գլխաքանակը:
2018թ. հանրապետությունում իրականացվել է 52.5 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 11,5 %-ով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88%-ը: Շինարարության 40,8%-ը կատարվել է կազմակերպությունների, 45,1%-ը` պետական բյուջեի, 5,7%-ը` այլ միջոցների, 3%-ը՝ մարդասիրական օգնության, 4,3%-ը` բնակչության միջոցների հաշվին: Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին` Մ. Մինասյանը տեղեկացրեց, որ 2018թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1031.7 հազ. տոննա, որը 2017թ. նկատմամբ աճել է 21,8%-ով: Աճել են նաև բեռնաշրջանառությունների, ուղևորափոխադրումների, ուղևորաշրջանառությունների տրանսպորտային ծավալները։
Իսկ սպառողական շուկան 2018թ. կազմել է 188 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64,3%-ը բաժին է ընկել առևտրաշրջանառությանը, 35,7%-ը՝ ծառայություններին: Հանրապետությունում 2018թ. դեկտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունն ԱՀ վիճակագրական ծառայության պետը պայմանավորեց համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ: Դիտարկվող ժամանակահատվածում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 161.2 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,7%-ով, ընդ որում, պետական հատվածում այն կազմել է 159.6հազ. դրամ, ոչ պետական հատվածում՝ 164.5հազ. դրամ:
Ժողովրդագրական տվյալներով՝ 2018թ. հանրապետությունում ծնվել է 2328 երեխա. նախորդ տարվա համեմատ ծնվածների թիվը նվազել է 8-ով, կամ 0,3%-ով։ Հաշվետու շրջանում մահացել է 1185 մարդ. մահացածների թիվը նվազել է 53-ով, կամ 4,3 %-ով, արդյունքում բնական աճը կազմել է 1143 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,1 %-ով, կամ 45-ով: 2018թ. հանրապետությունում գրանցվել են 899 ամուսնություն և 204 ամուսնալուծություն: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 62-ով, կամ 6,5%-ով, ամուսնալուծությունները` 23-ով, կամ 10,1%-ով: Նոր կազմավորվող 100 ամուսնական զույգին բաժին է ընկել ամուսնալուծության 23 դեպք` նախորդ տարվա 24-ի փոխարեն:
Վերջում Մ. Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացման վրա ազդող բացասական գործոններին, առկա ռիսկերին, անշարժ գույքի շուկայի ապահովագրության գործընթացի զարգացմանը, աղքատության ցուցանիշի այս տարվա տվյալներին, ներքին և արտաքին միգրացիայի, ապրանքատեսակների, մասնավորապես` ալյուրի և ցորենի ներկրման, գործազրկության և այլ առանձին ոլորտների ցուցանիշների։