comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Logo
Print this page

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արցախի Հանրապետության
վաստակավոր իրավաբան
ՙԱրադարադատությունն
արդարությունն է գործողության մեջ՚։
Ժոզեֆ Ժուբեր,
ֆրանսիական գրող

Ի՞նչ է անցումային արդարադատությունը, որքանո՞վ է մեր հանրությունը տեղյակ նրա էության, նպատակների, դրսևորման իրավական ասպեկտների և իրականացման գործիքակազմերի մասին, կիրառվե՞լ և կիրառելի՞ է այն Արցախի Հանրապետության պետական շինարարության ոլորտում։
Արդարադատությունը պետական գործունեության տեսակ է, որի միջոցով դատական իշխանություն է իրականացվում։ Այն ՙիրավապահ գործունեության սիրտն՚ է, որովհետև նրա խնդիրներին է ենթակա մնացած բոլոր իրավապահ գործառույթների կատարումը։
Արդարադատության բնութագրիչներից մեկն էլ արդարությունն է, ավելի ճիշտ՝ նրա հիմնական պահանջը։

Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ձևական և ոչ ձևական, պատժիչ և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող հակամարտություններից կամ պատժիչ ռեժիմից՝ առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով։
Համաձայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2004 թվականի բնորոշման՝ անցումային արդարադատությունն ՙԱնցյալի լայնամասշտաբ ոտնձգություների հետ հաշտվելու, հասարակության փորձին առնչվող գործընթացների և կառուցվածքների մի ամբողջ շարան է, որի նպատակն է ապահովել հաշվետվողականություն, ծառայել արդարադատությանը և հասնել հաշտեցման՚։ Հարցին համանման գնահատական է տվել անցումային արդարադատության միջազգային կենտրոնը, ըստ որի՝ անցումային արդարադատությունը համարվում է արդյունավետ գործիք՝ ճնշումների դեմ պայքարի և արդարադատության, հաշտեցման և խաղաղության հաստատման համար։
Անցումային արդարադատության ակունքները ձևավորվել են երկրորդ Աշխարհամարտից հետո, երբ մեկնարկել են պատերազմի հանցագործների վերաբերյալ դատավարությունները Նյուրնբերգում և Տոկիոյում։ Այն իրագործվել է Լատինական Ամերիկայի, Հարավային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։
Անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունն առաջանում է անցումային փուլ ապրող այն երկրներում, որտեղ ճնշումների, հալածանքների և բախումնային իրավիճակների արդյունքում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումներն այնքան լուրջ են և մեծաթիվ, որ արդարադատության գործող համակարգն ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ։ Այն իրականացվում է չորս գործիքակազմերի՝ քրեական արդարադատության, ճշմարտության որոնման, փոխհատուցումների և համակարգային բարեփոխումների միջոցով։
Անցումային արդարադատությունն արդարադատության հատուկ ձև չէ։ Այն ավելի շուտ ժամանակի մեջ անցում կատարող հասարակության եզակի պայմաններին հավասարեցված արդարադատություն է, որտեղ մարդու իրավունքների խախտումը նորմալ երևույթ է համարվում։ Որոշ դեպքերում այդ անցումը հանկարծակի է տեղի ունենում՝ թողնելով ակնհայտ և լուրջ հետևանքներ։ Ուրիշ դեպքերում այն կարող է տարիներ տևել։ Պարզ ասած՝ այդ ինստիտուտը ծայրահեղ միջոց է և անխուսափելիորեն նահանջ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և եթե պետությունը գնում է այդ քայլին, պետք է համոզված լինի, որ տվյալ երկրի դատական մարմիններն ի վիճակի չեն իրենց սահմանադրական լիազորությունները կատարել, և որ հասարակական համերաշխության հասնելու այլ ելք չկա, քան ստեղծել նոր մարմիններ և ընդունել նոր օրենքներ, որոնք մինչ այդ չեն եղել տվյալ երկրի օրենսդրությամբ։ Ճիշտ է՝ չարաշահումների պատճառով անցյալի բացասական հետևանքները վերացնելու միասնական բանաձև չկա, բայց անցումային արդարադատության մարմինները չեն կարող մրցակցել տվյալ երկրի դատական համակարգի հետ կամ փոխարինել նրան։ Այլապես կստացվի մրից դուրս գալու՝ մրջուրն ընկնելու վիճակը։
Արցախի Հանրապետությունն անցումային արդարադատության հետ առնչվել է անկախության հռչակման հենց առաջին տարիներին և, չնայած այդ հասկացությունը պետական իրավական միտքը չի օգտագործել, բայց պետության կողմից ձեռնարկած քայլերը դրա մասին են վկայել։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը փորձության ենթարկեց նորաստեղծ Արցախի Հանրապետության հասարակական և քաղաքական կարգը, որից ժողովուրդը դուրս եկավ պատվով և արժանապատվությամբ։ Պատերազմը, որը հազարավոր մարդկանց կյանք խլեց, արմատապես փոխեց երկրի ներքին քաղաքականության գերակայությունները և պատճառ դարձավ նաև արդարադատության համակարգում խոր վերափոխումներ կատարելու համար։ Փաստորեն, պետության բոլոր գործառույթներն ուղղվեցին հող հայրենին ավարառու հրոսակներից մաքրելու և հաղթանակն ավարտին հասցնելու համար։ Ամեն դեպքում՝ պետական շինարարության բնագավառում իրավական փոփոխությունների մեծ մասը պայմանավորված էր ռազմական դրությամբ և պատերազմական ժամանակի օրենքներով, որոնք էլ պատերազմի հաղթական ավարտից հետո վերացվեցին։
Պատերազմի տարիներին կիրառված պատժիչ միջոցառումներն օրինականացնելու համար քրեական և քաղաքացիական արդարադատության բնագավառի մի շարք ինստիտուտներ կախվածության մեջ դրվեցին երկրի ամենօրյա քաղաքականությունից, քանի որ ռազմական ռեժիմի պայմանները պահանջում էին ամրապնդել պետական կարգապահությունը և հասարակական կարգը, զորահավաքի ենթարկել հասարակության բոլոր ուժերը։
Պետության կողմից իրականացված առաջին պատժիչ միտումներն ուղղված էին մարդու ու քաղաքացու մի շարք հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակմանը։ Այդ կապակցությամբ ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահության 1992թ. մարտի 4-ի որոշմամբ կազմավորվեց ՙԼՂՀ Պաշտպանության խորհուրդ՚ մարմինը, որին իրավունք էր վերապահվում նաև պաշտպանության կարիքների համար ինչպես ձեռնարկություններից, այնպես էլ առանձին քաղաքացիներից կատարել փոխադրամիջոցների և անհրաժեշտ այլ գույքի ժամանակավոր առգրավում։
Վերոնշյալ բոլոր հարցերի առնչությամբ Պաշտպանության խորհուրդն իրավունք ուներ արձակել ամբողջ բնակչության համար պարտադիր որոշումներ և դրանք չկատարելու համար սահմանել վարչական բնույթի պատիժներ` մինչև 3 ամիս ժամկետով ազատազրկում կամ տուգանք՝ մինչև 1500 ռուբլու չափով։
Հաջորդ կարևոր քայլով ԳԽ նախագահության 1992թ. օգոստոսի 13-ի հրամանագրով հանրապետության տարածքում մտցվեց ռազմական դրություն, որի ռեժիմն իրականացնող մարմինների կողմից կիրառվող սանկցիաներն ավելի խստացվեցին` սահմանելով ազատազրկում մինչև վեց ամիս ժամկետով կամ տուգանք մինչև 10.000 ռուբլու չափով։


Պատերազմական ժամանակի կարիքներին առնչվող արտադրական աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության և առևտրի բնագավառների բանվորների և ծառայողների համար սահմանվեցին օրական մինչև 5 ժամ տևողությամբ պարտադիր արտաժամյա աշխատանքներ, թույլատրվեց 14-ից մինչև 16 տարեկան անչափահասներին ներգրավել օրական 3 ժամից ոչ ավել տևողությամբ պարտադիր արտաժամյա աշխատանքների։
Հանրահայտ ճշմարտություն է, որ պատերազմն արհավիրք է բոլոր ժողովուրդների համար։ Դա այն դեպքում, երբ Արցախի դեմ պատերազմ էր սանձազերծել 7-միլիոնանոց բնակչություն ունեցող Ադրբեջանը, որի կողմում կռվում են հազարավոր աֆղան, չեչեն և այլազգի վարձկաններ։ Գերի ընկած վարձկան մոջահեդ Բախտիյար Բաբերզաիդը, որը ՙհանուն հավատի՚ կռվում էր ՙանհավատ՚ հայերի դեմ, նշել է, որ Ադրբեջանի բանակում 2500 հոգուց ավելի մոջահեդներ կան, որից 250 հոգի կռվել են միայն Հորադիզի ուղղությամբ։ Իսկ Աղդամի ուղղությամբ չեչեն վարձկաններին առաջնորդել է տխրահռչակ Շամիլ Բասաևը։
Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, ադրբեջանական բանակի վարձկան Յու. Բելիչենկոն 1992թ. հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 20-ը 16 ավիաթռիչք է կատարել ԼՂՀ տարածքի վրա` ռմբակոծելով հանրապետության բնակավայրերը և կենսական նշանակություն ունեցող կարևոր օբյեկտները։ Նրա հանցավոր գործողությունների հետևանքով երկրին հասցված վնասը կազմել է 231 միլիոն 620 հազար 437 ռուբլի։ Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղը ռմբակոծելու ժամանակ հայ հակաօդայինների կողմից խփվեց վարձկանի ինքնաթիռը, և նա օդապարիկով իջնելու ժամանակ գերեվարվեց։ Զինդատարանի դատավճռով Բելիչենկոն դատապարտվեց պատժի առավելագույն չափի` մահապատժի։
Վարձկանության դեմ պայքարն ուժեղացնելու համար ԼՂՀ քրեական օրենսգիրքը լրացվեց ԱՊՀ երկրների մեջ իր նախադեպը չունեցող 631-րդ հոդվածով /Վարձկանություն/՝ սահմանելով մահապատիժ վարձկանության համար։ Օրենսգրքում մտցված այս փոփոխությանը հետադարձ ուժ տրվեց։
Պետության կողմից իրականացված արտակարգ քայլ հանդիսացավ նաև, երբ ԼՂՀ պաշտպանության զինծառայողների խիստ կարիքավոր ընտանիքներին, զոհվածների ընտանիքներին, ռազմական գործողությունների հետևանքով տուժած կամ թշնամու գրաված տարածքում տներ ունեցող հանրապետության բնակիչներին, փախստականներին և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այլ անձանց բնակարանով շուտափույթ ապահովելու նպատակով խորհրդարանի նախագահության 1993թ. դեկտեմբերի 14-ի հրամանագրով սահմանվեց կարգ, համաձայն որի` առանց տերերին դրամական փոխհատուցում վճարելու իբրև պետության սեփականություն առգրավել հանրապետության տարածքում գտնվող այն բնակելի, ներառյալ կոոպերատիվ, ինչպես նաև անավարտ շինարարությամբ և չգրանցված տները, որոնց սեփականատերերը կամ նրանց ընտանիքների զինապարտ անդամները 1989թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանում հեռացել են Արցախի տարածքից և մինչև 1994թ. ապրիլի 15-ը չեն վերադարձել հանրապետություն։ Նշված անձինք, ինչպես նաև նրանց զավակները, զրկվել են Արցախի տարածքում գտնվող որևէ գույք, ներառյալ՝ տուն ժառանգելու իրավունքից։ Ակնհայտ է, որ այս պարագայում շրջանցվել և խախտվել են քաղաքացիական և բնակարանային օրենսդրության բազմաթիվ նորմերի պահանջներ։
ԼՂՀ սահմաններից դուրս բնակության մեկնած քաղաքացիներին պատկանող բնակելի տների առգրավման կարգը սահմանվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կարգադրություններով։ Համաձայն դրանց՝ բնակարանն առգրավելու մասին որոշումը կատարվում էր ՊՊԿ շրջանային և Ստեփանակերտ քաղաքի լիազոր ներկայացուցիչների որոշմամբ` համապատասխան բնակարանային հանձնաժողովների եզրակացության հիման վրա։ Ի դեպ, ԼՂՀ ՊՊԿ լիազոր ներկայացուցիչների կարգադրությունները չկատարելու դեպքում մեղավորները պատասխանատվություն են կրել պատերազմական ժամանակի օրենքներով։ Լիազոր ներկայացուցչի կարգադրությունը ԼՂՀ օրենքներին, խորհրդարանի որոշումներին, ԼՂՀ ՊՊԿ որոշումներին և կարգադրություններին չհամապատասխանելու դեպքում կարող էր վերացվել կամ կասեցվել միայն ՊՊԿ նախագահի կողմից։

Խորհրդարանի նախագահության մեկ այլ հրամանագրով այն անձանց, որոնց զինապարտ զավակներն անհարգելի պատճառներով խուսափել են Արցախի պաշտպանության բանակում ծառայելուց, արգելվում էր ընտրովի և ղեկավար կամ այլ պատասխանատու պաշտոններ զբաղեցնել պետական, կոոպերատիվ, գյուղատնտեսական և հասարակական հիմնարկներում, ձեռնարկություններում և կազմակերպություններում։ Նման անձինք զրկվել են նաև ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքից։
Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում իրենց գործունեությունն էին ակտիվացրել ԼՂՀ բնակչության պառակտմանը նպաստող, հանրապետությունում ներքին կայունության և բարոյահոգեբանական իրադրության ամրապնդմանը խոչընդոտող, ինչպես նաև զինվորական ծառայության նկատմամբ անհարգալից վերաբերմունք քարոզող ԼՂՀ-ում չգրանցված զանազան կրոնական կազմակերպություններ և աղանդներ, ԼՂՀ ՊՊԿ որոշմամբ, բացի Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից, արգելվեց սահմանված կարգով չգրանցված կրոնական խմբերի և աղանդների գործունեությունը հանրապետության տարածքում։
Չնայած վերոնշյալ նորմատիվ ակտերն առաջին հայացքից հակաժողովրդավար ական և հակասահմանադրական են թվում, բայց դրանք պետք է գնահատել ոչ թե այսօրվա, այլ այն դաժան ժամանակների դիրքերից, երբ ամեն ինչ դրված էր ռազմական ռելսերի վրա, իսկ հակառակորդը պատկերացնում էր, թե ինչպես է Ստեփանակերտում կիսալուսնի դրոշը ծածանում և Սևանի քաղցրահամ ջրերում լողանում։
Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ արցախյան գոյամարտի տարիներին պետական շինարարության և պատժիչ քաղաքականության հարցերում երկրի իշխանությունները հիմնականում աչքի առաջ ունեցել են Խորհրդային Միության` Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիների փորձը և ձեռնարկած քայլերը։
Արցախի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։ Դատական իշխանության իրականացման հիմնական ձևն արդարադատությունն է, որի հասցեատերը դատարաններն են։ Սահմանադրությունը նշում է, որ Արցախում գործում են Գերագույն դատարանը, վերաքննիչ դատարանը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։ Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ։ Սահմանադրությամբ արտակարգ դատարանների ստեղծումն արգելված է։
Այսպիսով, Սահմանադրությունից նկատելի է, որ, երկրում գործող դատարաններից բացի, մասնագիտացված դատարանների ստեղծումը վերապահված է օրենսդիր մարմնին։ Թե դրանք ինչ դատարաններ կլինեն, ինչ գործեր կքննեն և ինչ իրավասություններ կունենան, պարզ կլինի միայն համապատասխան օրենքի ընդունման դեպքում։ Ամեն պարագայում՝ մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի նրանով, որ երկրում գործող դատական համակարգն ի վիճակի չէ պատշաճ արդարադատություն իրականացնել։
Իրավական և ժողովրդավարական պետությունում ցանկացած վիճահարույց խնդրի իրավական կարգավորման ճիշտ ճանապարհը դատական գործընթացներն են, հակառակը հանգեցնում է ՙգրպանային արդարադատության՚, որը ոչ այլ ինչ է, քան դատական իշխանության յուրացում։
Անվիճելի է` օրենքը շատ լավ բան է, իսկ լավ օրենքը՝ ավելի լավ բան, բայց դրանից հետո գալիս է օրենքի կիրառումը, որն ամենակարևոր գործընթացն է։ Յուրաքանչյուր հասարակություն ինքն է իր սեփական ճանապարհն ընտրում։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.