comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՏԱՇԻՐ՚-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՏԱՇԻՐ՚-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Արցախում իրականացվող սոցիալական տարբեր ծրագրերին ուրույն մասնակցություն ունեն բարեգործական հիմնադրամները, հայ բարերարները։ ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ` ի դեմս ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի, Արցախում հերթական անգամ կազմակերպվեց բազմազավակ ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագիրը։

Մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիսավոր պայմաններում 4000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վկայագրեր հատկացվեցին այն ընտանիքներին, որոնք 2018թ. ունեցան 4-րդ երեխան։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, նախարարներ, ՙՏաշիր՚ ընկերությունների խմբի և ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ։
Ս. Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվող սոցիալական այս ծրագիրը մեկնարկել է 2016թ., ինչի շնորհիվ վերջին երեք տարիներին աճել է արցախյան ընտանիքներում ծնված 4-րդ երեխաների թիվը։ Բնականաբար, ծրագիրն իր դրական ազդեցությունն է ունենում ժողովրդագրական վիճակի բարելավման համար։ Ողջունելով փաստը` պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ բարեգործական նման ակցիան նպաստում է երիտասարդ ընտանիքների կայացմանը և բազմազավակության խթանմանը, ինչը ամուր պետականության հիմքն է։ Ծրագրից օգտվել է արդեն 443 ընտանիք և 201-ն էլ արժանացան ֆինանսական այս աջակցությանը։ Պետնախարարը կարևորեց նաև հայրենանվեր առաքելություն իրականացնող հիմնադրամների դերը, որոնք մշտապես Արցախի ու արցախցու կողքին են՝ վաղուց ապացուցելով, որ կարող են լինել վստահելի ու կառուցողական ընկերներ։
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հատուկ նշեց բազմազավակ ընտանիքների առաքելությունը, որովհետև ներկայիս պայմաններում դժվար է պահել ու դաստիարակել 4 և ավելի երեխաների։ Բայց և այնպես Հ. Արշամյանը վստահեցրեց, որ համատեղ ուժերով կօգնեն բազմազավակ ընտանիքներին և պետք է հասնել նրան, որ մեր հայրենիքում կարիքավորներ չլինեն, բոլորը լինեն վճարունակ, ունենան շատ երեխաներ ու հնարավորություն՝ նրանց հասցնելու իրենց նպատակներին։ ՙՏաշիր՚ ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ամեն տարի մեծ ուրախությամբ սպասում է Արցախում իրականացվող անչափ կարևոր այս ծրագրի հանդիսավոր արարողությանը։ ՙՀայը չի կարող չուրախանալ նման միջոցառումներով, շնորհակալ եմ, որ բազմազավակ ընտանիքներն ավելի են խորացնում հայի արմատը և տա Աստված, որ ձեր բալիկները մեծանան ձեր երազած ձևով և իրականացնեն ձեր նպատակները։ Արցախը մեզ համար քննություն է, և եթե կարողանանք այն գերազանց հանձնել, կապացուցենք, որ այս տարածաշրջանում մենք արժանապատիվ ապրելու իրավունք ունենք՚,-հավելեց Ն. Կարապետյանը։
Ինչպես մեզ տեղեկացրեց ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, մինչև 2016թ. արցախյան ընտանիքներում ծնվող 4-րդ երեխաների թիվը հասնում էր 150-ի, իսկ նշյալ ծրագրի մեկնարկից հետո 2016թ. արդեն արձանագրվեց 4-րդ երեխայի 213 ծնունդ, 2017-ին՝ 230 և 2018-ին՝ 201 ծնունդ։ Արդյունքում՝ ընտանիքներում ծնված 4-րդ երեխաների թիվն աճել է 25%-ով, իսկ դա շատ լուրջ խթան է ժողովրդագրական վիճակի բարելավման համար։
Հանդիսավոր միջոցառմանը հանդես են եկել նաև ՙՂարաբաղ՚ պետական էստրադային համույթի ԱՀ վաստակավոր արտիստ Տաթև Բալայանը, մենակատար Լիլիթ Ավանեսյանը։ Բեմ հրավիրվեց նաև 2018թ. սեպտեմբերի 2-ին՝ ԱՀ անկախության հռչակման օրը լույս աշխարհ եկած Արցախ Ավանեսյանի մայրը՝ Նարինե Աբրահամյանը։ Նա խորին շնորհակալություն հայտնեց մեծ բարերար Սամվել Կարապետյանին հրաշալի նախագծի համար։ Լինելով զոհված ազատամարտիկի հարս` նա իր 4-րդ երեխային որպես հերոս պապիկի հետնորդ անվանել է Արցախ՝ հույս ունենալով, որ հայրենի եզերքում այսուհետ կտիրի խաղաղություն և մատաղ սերունդը կապրի ու կարարի խաղաղ երկնքի ներքո։ Ն. Կարապետյանն անձամբ փոխանացեց բազմազավակ մորը հատկացվելիք գումարի վկայագիրը։ Միջոցառումը եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնելիությունը և բազմազավակությունը ժողովրդի, պետության, եկեղեցու հիմքը համարեց։
Վերջում ծրագրի շահառուներին հանձնվեցին վկայագրեր, որոնք կներկայացնեն ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ի մասնաճյուղերում և կստանան 4000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի գումար։