comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԲ ՂԵԿԻՆ ԿԻՆՆ Է
Logo
Print this page

ԵՐԲ ՂԵԿԻՆ ԿԻՆՆ Է

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Ոչ վաղ անցյալում կանանց համար որոշ զբաղմունքներ համարվում էին անընդունելի։ Դրանց թվին էր դասվում նաև մեքենա վարելը։ Կանայք, սակայն, փորձեցին կոտրել այդ կարծրատիպը։ Ընդամենը 20 տարի առաջ արտասովոր թվացող այս երևույթն արդեն չի զարմացնում...

Կյանքի արագ ռիթմն այսօր թելադրող է։ Փոխվում են ժամանակները։ Իսկ ժամանակի հետ համընթաց քայլելն այսօր արդեն անհրաժեշտություն են։ Սա էր, որ պատճառ հանդիսացավ և Արինային դրդեց համալրել կին վարորդների շարքը: ՙՊետք է երեխաներին մանկապարտեզ և դպրոց տանել, գնումներ կատարել, հասնել աշխատանքի, հասցնել մի շարք գործեր, ինչն անհնար կլինի հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում, հատկապես, երբ բնակվում ես քաղաքի ծայրամասում՚,- ասում է իմ զրուցակիցն ու շտապում հավաստիացնել, որ կին վարորդներին հասցեագրված կարծիքներն ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը: ՙԿանայք ավելի կարգապահ և ուշադիր են։ Նրանց պատասխանատվությունն ավելի մեծ է։ Կանայք սովորաբար ալկոհոլի ազդեցության տակ մեքենա չեն վարում՚,-հիմնավորում է նա:
Չնայած նրան, որ կին վարորդների թիվն օրեցօր ավելանում է, դեռ կան տղամարդիկ, ովքեր շարունակում են չհաշտվել այն մտքի հետ, որ կանայք էլ կարող են, իսկապես, լավ վարել։ Իր կարծիքը շարունակում է չփոխել արդեն երկար տարիների վարորդական փորձ ունեցող Աշոտը: ՙԿանայք դանդաղաշարժ են, տարածության մեջ չեն կողմնորոշվում, ճիշտ չեն գնահատում հեռավորությունը։ Նաև անկանխատեսելի են՚,-սրանք էլ նրա հիմնավորումներն են: Աշոտ պապիկն ամեն կերպ փորձում է համոզել, որ կանայք ճանապարհին կարող են տեսնել ամեն ինչ՝ և՜ ցուցափեղկին փակցված զեղչերը, և՜ նորաբաց խանութները, բայց` ոչ ճանապարհային նշանները։ Զրուցակիցս հորդորում է կանանց զբաղվել միայն իրենց մոտ լավ ստացվող տնային գործերով։
Իհարկե, կան նաև հակառակ կարծիքներ։ Որոշ տղամարդիկ գտնում են, որ կանանց շրջանում ևս կարելի է հանդիպել խելացի վարորդների և խոստովանում են, որ հաճելի է, երբ ղեկին նաև կանայք են։ ՙՍեռն այստեղ բացարձակ կապ չունի. կարևորը ճիշտ մտածելակերպն է, արագ կողմնորոշվելու կարողությունն ու մեքենան զգալու ունակությունը՚,- սա մի խումբ տղամարդկանց տեսակետն է։
Հետաքրքիր է նաև, թե ինչպես սկսեց մեքենա վարել Լիլիթը. ՙՃիշտն ասած, վարորդ ասվածը մի քիչ հեռու է ինձանից։ Կին վարորդ ասվածը որպես այդպիսին չեմ ընկալում, ես պարզապես մեքենա եմ վարում։ Կարծում եմ, սա առավել նուրբ մոտեցում է և ավելի գեղեցիկ է հնչում՚,- խոստովանում է Լիլիթը։ Իսկ այն հարցին՝ տղամարդիկ են լավ վարո՞ւմ, թե՞ կանայք, Լիլիթի կարծիքով, միանշանակ չի կարելի պատասխանել։ Նրա համոզմամբ՝ երկար տարիների փորձ ու վարպետություն ունեցող մեքենա վարող կինը չի զիջի տղամարդ վարորդին. ՙԿարևորը ուշադրությունն է, լրջությունը և չշեղվելը։ Փոքր-ինչ անուշադրության դեպքում կարող է պատահել այն, ինչը երբեք չես պատկերացնի,- ասաց Լիլիթը և շարունակեց,-ի տարբերություն տղամարդկանց, ովքեր հաճախ գիտակցելով են խախտումներ անում, կանայք հազվադեպ են խախտում երթևեկության կանոնները, իսկ եթե խախտում են՝ պատճառը չիմացությունն է ու անփորձությունը՚։
Այնուամենայնիվ, մեքենա վարելու կանացի ոճը շատերն են անկանխատեսելի համարում։ Ճանապարհային ոստիկանության տեսուչները հարցին, թե ինչքանո՞վ են կին վարորդները հետևում երթևեկության կանոններին, պատասխանեցին, որ կան և՜ կանոնները խախտող (շատ հաճախ չիմացության պատճառով), և՜ երթևեկության կանոններին հետևող կին վարորդներ։ Նրանց կարծիքով, յուրաքանչյուր վարորդ՝ կին թե տղամարդ, ունի մեքենա վարելու իր ուրույն ոճը։ Եվ որոշակի սահմանման վերագրումը բոլորին ճիշտ չէր լինի։ Տեսուչներն առհասարակ յուրաքանչյուր վարորդի խորհուրդ են տալիս լինել միշտ զգոն ու սթափ։
Մասնագիտությամբ հոգեբան, լոգոպեդ Էմմա Մելքումյանն արդեն 15 տարի է, ինչ մեքենա է վարում։ Նա առաջարկում է ՙվտանգավորության՚ պիտակ չկպցնել կին վարորդներին։ ՙԺամանակները, կյանքը և մտածելակերպը փոխվել են։ Մեքենա վարելը կնոջ համար այսօր արդեն պահանջ է, իսկ մեքենա ունենալը՝ անհրաժեշտություն՚,- ասում է տիկին Էմման և խոստովանում, որ շատ է սիրում մեքենա վարել։ Դեռ մանկուց էր երազում այդ մասին, բայց սեփական ավտոմեքենա չունենալու պատճառով տարիներ հետո միայն երազանքն իրականություն դարձավ։ Սեփական ավտոմեքենա ունենալուն պես տիկին Էմմայի ամուսինը, հաշվի առնելով կնոջ նախասիրությունը, նրան վարել սովորեցրեց։ Այսօր նրանց ընտանիքում մեքենա վարելու արհեստին տիրապետում են նաև նրանց դուստրերը։ ՙԳուցե կարծիքս հակասում է որոշ տղամարդկանց, բայց կանայք սովորաբար առավել ուշադիր ու պատասխանատու վարորդներ են։ Բացառություններ միշտ էլ կան, բողոքել պետք չէ, վատ վարորդների կարելի է հանդիպել նաև տղամարդկանց շրջանում՚,- ասում է տիկին Էմման։ Նա սկսնակ կին վարորդներին խորհուրդ է տալիս մեքենա վարելը եսակենտրոն վարքի դրսևորման տարբերակ չդարձնել, սահմանված արագությունը երբեք չգերազանցել, միշտ հետևել ճանապարհին, զիջել անցորդներին, վարել համարձակ և, ամենակարևորը, առանց լարվածության։ ՙՍովորաբար կանայք ավելի զգացմունքային են ու տպավորվող, այդ պատճառով, հայտնվելով վտանգավոր իրավիճակներում, ավելի հաճախ են խուճապի մատնվում։ Բայց կանանց մոտ ավելի լավ է զարգացած ինքնապաշտպանության ռեֆլեքսը, ինչն էլ նպաստում է մեքենայի ավելի ուշադիր վարելուն։ Այնպես որ, կին և տղամարդ վարորդներին համեմատել պետք չէ։ Եվ եթե անգամ մեքենա վարելուց ինչ-որ տեղ թերանում են կին վարորդները, ապա միայն մեքենայի տեխնիկական խնդիրների դեպքում. այս պարագայում կանայք միանշանակ զիջում են՚,- խոստովանում է տիկին Էմման։
Ճիշտ է, հաճախ ամայի տարածքում վարելիս, հանգստություն և առողջ դատողություն ցուցաբերելով, ներշնչվում ես ինքնավստահությամբ, բայց անհրաժեշտ է գիտակցել, որ հարթ ու սահուն ճանապարհը փոխարինվում է դժվար ու ոլորապտույտ ճանապարհներով։ Ասել է թե` ցանկացած պահի պետք է զգոն լինել:
Այնուամենայնիվ, անհրաժեշտությունը, և պարզապես ցանկությունն ու նորաձևության հետ քայլելու մոլուցքը պետք է կարողանալ տարանջատել միմյանցից։ Պետք է հասկանալ, որ մեքենան շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց։ Իսկ վարորդական իրավունքը պարզապես նվեր ստացած մեքենայի բաղկացուցիչ մաս չպետք է լինի։ Եթե փորձում և այդպես էլ չեք կարողանում վարել մեքենան, կամ սովորել երթևեկության կանոնները, փորձեք փնտրել այլ փոխադրամիջոց՝ խուսափելով և՜ ձեր, և՜ մյուսների կյանքը վտանգի ենթարկելուց։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.