comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅ ՄՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ՄՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոգեբան, ԱրՊՀ պրոֆեսոր

Երեսուն տարի առաջ փորձություն ապրող, դժվարին կացության մեջ գտնվող մեր երկրում ձևավորվեց ՙՄայրություն՚ հիմնադրամը, որի շուրջ համախմբվեցին մեր երկրի մտավորական, հայրենասեր կանայք` նպատակ դնելով լուրջ առաքելության։ Իսկ այդ առաքելության անցաթուղթը հենց իր անվան մեջ է։ Պետության կայացման, պետականաշինության գործում մեծ դերակատարություն են ունեցել հայոց ընտանիքները։ Խրիմյան Հայրիկը ժամանակին մի այսպիսի հանճարեղ միտք է ասել. ՙԱսում են` տղամարդը տուն է կառուցում, իսկ կինը՝ ընտանիք՚։ Իրոք, մայրերի դերակատարությունը ընտանիքների ամրության գործում նշանակալից է։ Սակայն նույնքան մեծ եղավ նաև մայրերի դերակատարությունը Արցախյան շարժման, գոյամարտի և այսօրվա մեր հասարակական-քաղաքական գործունեության մեջ։ Գաղտնիք չէ, որ հայ մայրերի առաքելությունն ունեցել է երեք ուղղություն. պահպանել լեզուն, նախնիների հավատը և հայրենասիրությունը։ Հիշենք` Դեր-Զորի անապատում շիկացած ավազի վրա մայրը երեխային գրել էր սովորեցնում, այն դեպքում, երբ գաղթի ճանապարհին ահավոր իրավիճակ էր, և արյունարբու Թալեաթի զինվորները չէին խնայում մեծին ու փոքրին։ Այդպիսի հանգամանքներում մայրը մտածում էր պահպանել լեզուն... և պահպանեցինք ու դարերի խորքից եկող մեր ասքը հասցնում ենք ապագային։ Մենք պահպանեցինք նաև մեր հավատը... Մեր եկեղեցին մեծ դեր է կատարել, որին նպաստեցին նաև մայրերը։ Հայկական կերպարվեստում կա մի շատ հետաքրքիր գեղանկար՝ Հակոբ Կոջոյանի վրձնած ՙԳաղթ՚-ը։ Դեռատի կինը կանգնած է Խաչքարի առջև և աղոթում է, նա գրկել է երեխաներից մեկին, շալակն է առել երկրորդ երեխային, իսկ փեշից բռնել է երրորդը։ Իսկ նա աղոթում էր, թիկունքին էլ վառվող գյուղն էր։ Նրա ձեռքին` շորի մեջ փաթաթած, մի փոքրիկ կապոց կա, թվում է, թե պետք է մտածես, որ նա վերցրել է կարևոր մի իր, երևում է, որ մի հին փոքրիկ գիրք է՝ Աստվածաշունչը։ Նա իր տնից տանում է ամենաթանկը` իր երեխաներին և իր հավատքի նշխարհը՝ Աստվածաշունչը։ Ահա այսպես մենք պահպանեցինք մեր ազգը, մեր լեզուն, մեր հավատը։ Եվ, վերջապես, շատ կարևորում եմ այն ոգին, որ մեր մայրերը ներշնչել են իրենց զավակներին և հայրենասիրության դասեր տվել նրանց։ Աշխարհում չկա մի ազգ, մի մայր, ով իր երեխային քնեցնելիս արթնության կանչի. ՙԶարթնի՜ր լաո, Սուլթան կուզե ջնջել մըզի...՚: Մայրը սառնասրտորեն արթնության է կանչում զավակին, դա է հայ մոր կեցվածքը, պահվածքը, հայրենասիրություն ներշնչելու պատրաստակամությունը։ Հայոց բանահյուսության մեջ կա մի քառատող, որը ցնցում է ցանկացած մոր, ցանկացած տղամարդու, զինվորի։ Բոլորիս հայտնի է, որ մեր ժողովրդի համար շատ կարևոր էր ֆիդայական, հայդուկային շարժումը, և այն ընտանիքը, որի զավակին ֆիդայի չեն ընդունել, բոլորի կողմից անտեսվել է։ Եվ ահա մայրը դիմում է ֆիդայիներին. ՙԷ՛յ ֆիդայի, ձեզի մատաղ, ձեզ հետ տարեք իմ տղուն, ձեզ հետ կռվի, ձեզ հետ մեռնի, ազգիս մատաղ իմ տղան՚։ Ահա այս է հայ մայրը։ Հայ մայրը ոչինչ չի խնայում իր երկրի համար, իր հայրենիքի համար։ Եվ այսօր մեր մայրերը ևս շարունակում են այս առաքելությունը։ Վերջերս մի ցնցող հոդված կարդացի։ Արցախյան քառօրյա պատերազմում զոհվածի մայրը դիմում է զինկոմիսարիատ խնդրանքով. ՙԶոհվել է ավագ որդիս, երկրորդ որդիս գնում է բանակ, խնդրում եմ տարեք նրան այն զորամասը, որտեղ որդիս է զոհվել, և թող քնի այն մահճակալին, որտեղ քնել է իր եղբայրը՚։ Սա հերոսություն է, սա մոր կոչման բարձրակետն է։ Մեր բոլոր մայրերն արժանապատիվ մարդիկ են, արժանապատիվ արցախցիներ։ Որպես արցախամայր` կցանկանայի ասել. թող մարի աչքիս լույսն անգամ, միայն թե հառնի Արցախ-Հայաստանը... Արցախը՝ անունս, Հայաստանը՝ ազգանունս։

Պատրաստեց Ս. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ