comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՈՒՍԱՊԱՅԾԱՌ ԱՆՈՒՆ՝ ԱԼՎԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒՍԱՊԱՅԾԱՌ ԱՆՈՒՆ՝ ԱԼՎԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Խորհրդային 4-րդ բանակի հրամկազմի թողտվությամբ ու աջակցությամբ ադրբեջանական օմօնը հայկական Մարաղայում վայրենի խոշտանգումներով սպանդի ենթարկեց գյուղի խաղաղ բնակչությանը` հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր էին: Դա ապրիլի 10-ին էր: Ապրիլի 22-23-ը Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, և նորից ազերիների կոտորածի զոհ դարձան մոխրացած գյուղ վերադարձած և իրենց սպանված հարազատներին հողին հանձնելու գործով զբաղված բնակիչներին: Մեծ թվով մարաղեցիներ գերվեցին ու պատանդվեցին: Անհետ կորածների թիվն անցնում է 40-ից: 

1915-ը կրկնվեց խորհրդային հայկական գյուղում: Դահիճները նույնն էին, զոհերը` նույնպես: Մենք, որպես հիշատակի խնկարկում անմեղ զոհերի, ներկայացնենք նրանցից մեկին` մի պայծառ ու լուսավոր անուն` մանկավարժ Ալվինա Շմավոնի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
Նրա մասին տեղեկություններ ստացանք Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցում, որտեղ գեհենից մազապուրծ փրկվածների վկայությունների հիման վրա դպրոցի տնօրեն Լյուբա Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ Ալվինա Բաղդասարյանին նվիրված անկյուն է ստեղծվել նրա լուսանկարով, որոշ նյութերով, որը հիմնականում տրամադրել է տնօրենի մորաքրոջ աղջիկը` լենինավանցի Ժաննա Պետրոսյանը:
Բաղդասարյաններից Շմավոնը 4 դուստր է ունեցել և մեկ որդի: Որդին` Հայկազը, անհետ կորել էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Դուստրերից ժոզեֆինան բժշկուհի էր:
Ալվինա Բաղդասարյանը քիմիա-կենսաբանություն է դասավանդել է Մարաղայի և Լենինավանի (Մարգուշևան) միջնակարգ դպրոցներում: Հարգված անուն էր մանկավարժական հանրության շրջանում: Ուսուցիչ-մեթոդիստ էր, շրջանային առարկայական օլիմպադաների անցկացման հանձնաժողովի անդամ: Նրա սաներից շատերը դարձել են բժիշկներ, ուսուցիչներ:
Երջանկահիշատակ կենսաբան Ժորա Գրիգորյանը, որն այդ տարիներին աշխատում էր ԼՂ ուսուցիչների կատարելագործման ինստիտուտում` որպես կենսաբանության բաժնի վարիչ, 2004թ. ՙԼուսարար՚ թերթում, շատ ուշ իմանալով Ալվինայի զոհվելու մասին, տպագրել էր ՙՆերիր ինձ, Ալվինա՚ հոդվածը, որը հետագայում զետեղել է ՙԿենսաբանությունը առօրյա կյանքում՚ իր գրքում: ՙԱլվինա, քո գեղեցիկ ու բովանդակալից դասերի մասին արդեն լավ իմանում էին Լենինավանում, Մարաղայում, հարևան գյուղերում, մարզժողկրթբաժնում: Ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց քո վերջին բաց դասը Լենինավանի դպրոցում: Տնօրեն Լենա Գյուրջյանը դասին մասնակից էր արել բոլոր ուսուցիչներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես ես աշակերտներին տալիս ամենօրյա կյանքում կիրառվող գիտելիքներ: Բաց դասին դա քեզ հաջողվեց: Բայց սկսվեց անողոք պատերազմը, և ես չկարողացա ժամանակին ընդհանրացնել գեղեցիկ և արդյունավետ դաս կառուցելու քո առաջավոր փորձը՚,- գրում է նա:
Իսկ այժմ հենվենք դպրոցից ստացած մեր տեղեկությունների վրա:
Պատվախնդիր ու արժանապատիվ ընտանիքի գեղեցկուհի դուստր Ալվինան չընտանիքավորվեց: Սակայն նա իր անունը խիզախությամբ պսակեց 1988-ի փոթորկուն օրերին: Շարժման առաջին օրերին գյուղի երբեմնի հեղինակություններից ոչ մեկը չէր շտապում առերես դուրս գալ: Ալվինա մանկավարժի որակն ու էությունը այլ էին: Նա իր առարկայից ոչ պակաս տիրապետում էր իր երկրի պատմությանը: Պատահական չէր, որ Շարժման ընդհատակյա փուլում աջակցում էր տղաներին, նրանց ոգևորում ու լիցքավորում պատմագիտական նյութերով: 1988-ին, երբ ամեն ինչ հայտնի դարձավ, անհայտ չմնաց և Ալվինայի դիրքորոշումը: Լինելով երդվյալ ազատամիտ և անկախ ոգի` այդպիսին մնաց մինչև չարաբաստիկ գերության oրը` 1992թ. ապրիլի 10-ը: Այդ օրը մեկ անգամ ևս փայլատակեց վաստակաշատ մանկավարժի ազգային արժանապատվության ըմբոստ ոգին: Զինված խուժանը մտել էր Բաղդասարյանների օջախ, տնից հանել ուսուցչուհուն: Երկրորդ հարկի աստիճանահարթակից նա նայել է բախտակից համագյուղացիներին, որոնց ճնշող մեծամասնությունն իր սաներն էին, ու ամեն ինչ պարզ էր դարձել միանգամից. մահը երկու քայլի վրա էր:
Պահի հրամայականով կոչ է արել համագյուղացիներին չընկճվել. ՙԱյս ճիվաղների դաժանությունների առաջ մի ընկրկեք, մահը դիմավորեք ոտքի վրա, միևնույն է, սրի են քաշելու մեզ, լաց ու կոծը չի մեղմացնի թուրքի սիրտը՚: Այդ պահին առաջին հարվածը իջել է թիկունքին: Նրան լռեցնելու փորձ են արել մերձավորները` ՙԽղճա քեզ ու մեզ՚ ասելով: Բայց մինչև վերջ Ալվինան չէր կորցրել իրեն: Ծեծը, շղթաները, շիկացրած երկաթը անուժ են գտնվել լռեցնելու նրան: Նա իր խոսքը մերթ ուղղում էր յուրայիններին, մերթ` խուժանին.
- Գերելով կարող եք մեզ սպանել, բայց ոչ հաղթել: Գնդակը կարող է մեզ մահ բերել, բայց դա դեռ ձեր հաղթանակը չէ: Լսեք, խղճուկ գյադաներ, դուք դեռ լավ չեք ճանաչում մեր ազգին, որ հազարամյակներ գոյատևել է իր հավատքին ու լեզվին ապավինած: Սպանեք, բայց իմացեք, մերոնք մեկին տասով են հատուցելու: Մարաղան չեք մարսելու, էժան չի նստելու ձեզ վրա:
Իր բախտակից համագյուղացիների հետ Ալվինան հայտնվել է Միր Բաշիրի բանտում: Մարդասպանները ավելի շատ գազազել էին նրա պատասխաններից: Երբ հարցրել էին, թե ում է պատկանում Ղարաբաղը` ակնկալելով այլ պատասխան, հայրենասեր ուսուցչուհին ասել էր. ՙՂարաբաղը հայկական հող է, հային էլ կմնա՚:

Դահիճները կրկնել են հարցը, պատասխանը հնչել է նույն ձևով: Մինչև վերջ Ալվինան անդրդվելի է մնացել՝ չնայած անասելի կտտանքներին: Բանտի աշխատողը նրա ձեռքն էր տվել երկաթե ունելին, որ քաշի ոսկյա ատամները: Ալվինան պատասխանել էր. ՙՔեզ է պետք, դու էլ պոկիր՚: Այս խոսքերին հետևել է կրակոցը: Այդ մասին մեզ պատմեց Ժաննա Պետրոսյանը՝ վկայակոչելով Ալվինայի հետ նույն բանտախցում նստած ընկերուհուն, որին տեղափոխել այլ խուց, երբ ցանկացել էր կապել Ալվինայի վերքերը: Նա պատմել է նաև, որ երբ իրեն դուրս էին հանում, Ալվինայի խցից լսել է երկրորդ կրակոցը: Դրանից հետո նրան չի տեսել...
Վաստակաշատ կեսաբան Ժ. Գրիգորյանն ափսոսանք է հայտնել, որ որպես մանկավարժ, կենդանության օրոք Ալվինա Բաղդասարյանն ըստ արժանվույն չի գնահատվել, և առաջարկել է պատկան մարմիններին զոհված ուսուցչուհի Ալվինա Բաղդասարյանին հետմահու ներկայացնել կառավարական բարձր պարգևի: ՙԱլվինա Բաղդասարյանը վաստակաշատ ուսուցչուհի էր խաղաղ օրերին: Նա խիզախ քաղաքացի մնաց գերության մեջ, հերոս հայուհի` մահվան ընդառաջ գնալիս՚,-գրել է նա:
Վերաբանակեցված Նոր Մարաղայում այսօր մոռացության չեն տրվում նահատակները: Մեծերը հիշում և փոխանցում են նոր սերնդին, որ լավագույն մանկավարժ Ալվինա Բաղդասարյանն իր գիտելիքներն ու կենսափորձը նվիրել է հայրենի գյուղին, ասել է թե` ազգին: Իր սեփական ընտանիքը չի ունեցել, բայց որդեգրել էր գյուղի երիտասարդությանը: Նա ոչ հրացանակիր էր, ոչ զորահրամանատար, բայց կարողացել է գորշ գայլերի ոռնոցը սաստել իր աներևակայելի համարձակությամբ:
Հերոսներին ըստ արժանվույն գնահատելը և հիշատակը վառ պահելը մեռածներին պետք չէ բնավ, դա ապրողներին է շատ հարկավոր: Հանրահայտ հորդորը արդիական է բոլոր ժամանակներում:
;