comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑԸ ՔԱՐՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑԸ ՔԱՐՆ Է

Վարդուհի ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Ասկերանի շրջանի Հարավ գյուղը շրջակա գյուղերից առանձնանում է իր բարձր դիրքով։ Մայրաքաղաքից Հարավ հասնելու համար պետք է հաղթահարել ընդամենը 18 կմ ճանապարհ: Այն արդեն մի քանի տարի է` ասֆալտապատ է, ևս 3 կմ բարեկարգելու կարիք կա: Դա էլ պետության կողմից համայնքին ամեն տարի հատկացվող միջոցներով է նախատեսվում:

Ճանապարհի երկու կողմերում գյուղացիների անմշակ հողերն են։ Գյուղում գյուղատնտեսությամբ քչերն են զբաղվում: Ստեփանակերտի շուկայում Հարավի հողում աճեցված բանջարեղենից ու մրգերից հանդիպում ես հազվադեպ: Տարիներ առաջ Հարավի կարտոֆիլը շուկայում ամենապահանջվածներից էր, մրգերն ու բանջարեղենը ևս իրենց տեղը չէին զիջում այլ գյուղերի արտադրանքին։ Բայց ամեն ինչ ժամանակի հետ փոխվել է։ Անասնապահությունը նույնպես երանելի վիճակում չէ: Տեղացիները պատմում են, որ շուրջ երկու տասնամյակ առաջ գյուղում չկար մի ընտանիք, որը երկու - երեք խոշոր եղջերավոր անասուն չունենար, թռչնաբուծությամբ, ոչխարաբուծությամբ չզբաղվեր: Հիմա գյուղի առօրյան լրիվ այլ է: Երիտասարդ ու կարող ուժը ներգրավված է գյուղից ոչ հեռու գտնվող քարի արտադրամասերում, զբաղվում են քարե սալիկների արտադրմամբ և մշակմամբ։ Գյուղում գործում է այդպիսի չորս արտադրամաս։ Հարավի յուրահատկությունը նաև մարմարի առկայությամբ է պայմանավորված: Վարդագույն գեղեցկուհու հմայքը հայտնի է Արցախում ու երկրի սահմաններից դուրս: Քարի արտադրամասերը մեծ խթան են գյուղի երիտասարդությանը գյուղում պահելու համար։ Եթե գյուղում չգործեին քարի արտադրամասեր, երևի տեղի երիտասարդների մեծ մասը կտեղափոխվեր այլ վայրեր։ Քարի արտադրամասերում աշխատող որոշ երիտասարդներ էլ մայրաքաղաքից են հասնում գյուղ` աշխատանքի։ Որոշներն էլ հիմնականում ներգրավված են գյուղապետարանում, դպրոցում, բուժկետում, մշակույթի տանը, մանկապարտեզում։ Դպրոցն ու մանկապարտեզը գործում են իրար կից: Ամենամեծ ցանկություններից մեկն այստեղ այն է, որ երեխաներ շատ ծնվեն: Ամեն դեպքում տրամադրության պակաս գյուղում չկա: Մշակույթի տանը պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված տարբեր տոների, այս օրերին էլ կանանց մեծարման երեկո է կազմակերպվել:
Գյուղապետարանում պարբերաբար տեղի են ունենում ժողովներ` գյուղացիների խնդիրները լուծելու ակնկալիքով։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գյուղն ապահովվել է գրեթե ամեն ինչով` բնական գազով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, համացանցով, միջքաղաքային տրանսպորտով։ Գյուղի հրատապ խնդիրը եկեղեցու վերանորոգումն է։ Հարավցիների վաղուց են երազում ունենալ վերանորոգված ու գործող եկեղեցի, և հույս ունեն, որ մի գեղեցիկ օր բարի մարդկանց օգնությամբ կկատարվի իրենց և այդ երազանքը ևս։