Logo
Print this page

ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՄՈՒՐ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Հարցազրույց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժնի վարիչ Ալբերտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ։

-Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որոնց վրա ընթացիկ տարում սևեռված է Ձեր ուշադրությունը։
-Առաջնահերթը սոցիալական առանձին խմբերում ընդգրկված անձանց ընտանիքներին օգնության ցուցաբերումն է։ Այդ խմբերում ընդգրկված են զոհված ազատամարտիկների ընտանիքները, Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամները, բազմազավակ և երկկողմանի ծնողազուրկ ընտանիքները...Եվ, իհարկե, եթե ծրագրերը շարունակական կլինեն, կվերաբնակեցնենք նաև փախստական և վերաբնակ ընտանիքներին։ Պետության կողմից տարվող բնակավորման քաղաքականությունը միտված է վերոնշյալ ծրագրերին և մենք էլ առաջնահերթ աշխատում ենք այդ ուղղությամբ։
-Գրեթե չորս տասնամյակ Դուք ղեկավարում եք բաժինը. եթե համեմատական անցկացնենք անցած տասնամյակի և ներկայի միջև, ինչպիսի՞ պատկեր կունենանք։
-Փոխվել են բաժնի անունը, կառավարման ձևը, իսկ գործի բնույթը, էությունը մնացել են նույնը։ Հրադադարի հաստատումից այս կողմ մեր գործունեության մեջ մեծ փոփոխություններ են կատարվել, առանցքային նորամուծություններ են արվել` գործի բնույթից ու ծավալներից ելնելով։
Ասկերանի շրջանում առկա է 42 համայնք, որոնցում ընդգրկված է 47 գյուղ...դրանցում քաղաքաշինական գործունեությունը հիմնականում համակարգվում է մեր բաժնի կողմից։ Շրջանը գտնվում է հանրապետության կենտրոնական մասում և մոտ է մայրաքաղաքին։ Միջշրջանային կենտրոնական ճանապարհները հիմնականում անցնում են Ասկերան շրջկենտրոնով, ինչը ևս մեր առանձնահատկությունների շարքում է։
Ինչ վերաբերում է խնդիրներին...Այսօր մենք շրջանի հեռանկարային զարգացման խնդիր ունենք, սակայն բացակայում է գլխավոր հատակագիծը, բացակայում են գոտիավորման համապատասխան փաստաթղթերը, դրանք կապված են մեծ գումարների հետ: Այսպես թե այնպես` այդ հարցերը ժամանակի ընթացքում պետական մակարդակով լուծում կգտնեն։ Եթե մեր համայնքները զարգանան, ինքնաբավ դառնան, գուցե այդ ժամանակ արդեն կկարողանանք լուծել նաև գլխավոր հատակագծի հարցը։ Ներկա դրությամբ բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելիս մենք օգտվում ենք միայն ու միայն հողօգտագործման ժամանակավոր սխեմաներից։ Սխալ է առանց գոտիավորման աշխատելը, պիտի հստակ իմացվի` որն է արդյունաբերական գոտին, բնակարանային, հասարակական շինարարությունը որ թաղամասում պիտի լինի, որտեղ է կորիզը՝ կենտրոնական մասը, որը պիտի ձևավորվի ու կառուցապատվի։
1982թ. Ասկերանն ուներ ՙԱզգոսպրոյեկտ՚ նախագիծը, որի գլխավոր ճարտարապետը հայ էր՝ Կարեն Ավակովը, նրա հետ մենք համագործակցել ենք։ Փաստորեն 1982 թվականին Ասկերանի գլխավոր հատակագիծը պատրաստ էր, սահմաններն որոշակիորեն սահմանազատված էին, դրանից մասնակիորեն այսօր էլ օգտվում ենք, բայց այն պաշտոնական փաստաթուղթ չէ, և պիտի վերանայվի։ Շրջանի գյուղական բնակավայրերում հիմնականում անհատական բնակելի տներ են կամ առանձնատներ, գումարած դպրոցական շենք, գյուղապետարան կամ համայնքային կենտրոն, բուժկետ և մշակույթի տուն։ Հարկ է առանձնացնել մասշտաբային դպրոցաշինությունը։ Վերակառուցվել ու կառուցվել են նոր դպրոցներ, շատ քիչ համայնքներ են դուրս մնացել դպրոցաշինության ծրագրից, այդ ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են, ունենք եռամյա ծրագիր, որտեղ նախանշված է այն դպրոցական շենքերի ցանկը, որոնք դեռևս վերանորոգման կամ կառուցման կարիք ունեն։
Իսկ նորակառույց դպրոցների ցանկը մեծ է, նորակառույց են Ասկերանի, Նորագյուղի, Խնձրիստանի, Իվանյանի, Խաչենի, Շոշի միջնակարգ դպրոցները։ Ունենք այնպիսիք, որոնք կառուցվել են խորհրդային շրջանում, բայց տիպային են, նմանատիպ դպրոցները պարզապես հիմնանորոգման կարիք ունեն։ Դրանք են Խնապատի, Նախիջևանիկի, Ավետարանոցի և Այգեստանի միջնակարգերը։ Ներկա դրությամբ փոխվում է Ավետարանոցի դպրոցի տանիքը, Խնապատի միջնակարգում մասնակի աշխատանքներ են տարվել, իսկ ներսի աշխատանքները դեռ մնում են։ Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը սահմանամերձ Նախիջևանիկի դպրոցի հիմնանորոգումն է, այն սպասարկում է նաև Վարդաձորի աշակերտներին, ինչպես նաև Սառնաղբյուր գյուղի բարձրդասարանցիներին։ Նախիջևանիկի դպրոցում վթարային վիճակ է, այն ոչ միայն հրետակոծության, այլև տարիների ընթացքում քայքայվելու հետևանք է։ Շենքը մասնագետների կողմից ուսումնասիրվել է, նախագիծը պատվիրված է, հույս ունենք ընթացիկ տարում սկսել շինաշխատանքները. այն հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է։
-Մեր խնդիրների խնդիրը թերևս լուծարված, կամ լուծարման եզրին գտնվող գյուղերն են, ի՞նչ է արվում նմանատիպ բնակավայրերին կենդանության շունչ հաղորդելու համար։
-Ցավոք, ունենք լուծարված և լուծարման եզրին գտնվող շատ փոքր գյուղեր, օրինակ, շատերին հայտնի Ուլուբաբ գյուղը, նույնը և Քարագլուխը, իսկ Քյաթուկը լուծարման եզրին է` չնայած շրջկենտրոնին ու մայրաքաղաքին մոտիկ գտնվելուն, էլ չենք խոսում հրաշալի բնության, տեղանքի հարմարավետության մասին։
-Ձեր բաժինը նաև վերաբնակեցման խնդիրներով է զբաղվում, այդ ուղղությամբ ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում։
-Համայնքներում բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, մեր ուշադրությունն այսօր սևեռված է դրանց վրա։ Դա չի նշանակում, որ մեր տեսադաշտից դուրս է բնակավայրերի վերաբնակեցումը։ Դա ևս առաջնահերթությունների շարքից է։ Օրինակ, Քյաթուկ գյուղում որոշակի նախապատրաստական աշխատանքներ տարվել են, այս պահին աշխատանքները սառեցված են` որոշ հանգամանքներից ելնելով, բայց հույս ունենք` անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում, ակտիվացնել գործընթացը:
Էլի փոքր գյուղեր ունենք, ասենք Վերին Սզնեքը, Մոշխմհատը, որտեղ չկա բնական աճ, չկա զարգացում, շատ փոքր համայնքներ են, ճիշտ է, առանձին համայնքների կարգավիճակ ունեն և դեռևս գոյատևում են, մինչև մի տեղից հույսի դուռ կբացվի։
-Իսկ խոշոր գյուղերից, որտեղ կյանքն իսկապես եռում է, և որտեղ լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում, որո՞նք կառանձնացնեիք։
-Շրջկենտրոնից հետո կառանձնացնեի Նորագյուղը, Իվանյանը, ի դեպ, վերջինս` որպես նոր ստեղծված բնակավայր, լայն թափով զարգանում է. նոր համայնքային կենտրոն, դպրոց, մանկապարտեզ, քայլեր են արվում խմելու ջրի վերականգնման ուղղությամբ։ Շոշ գյուղը կառանձնացնեի, բավականին կայացած համայնք է, նույնը և Խնձրիստանը, Այգեստանը, Ավետարանոցը, Պատարան, Աստղաշենը...
-Այժմ դառնանք շրջկենտրոնին ու նրա զարգացման հեռանկարներին։
-Ասկերանը որպես շրջկենտրոն կազմավորվել է 1978 թվականին (Ստեփանակերտի շրջանը դարձավ Ասկերանի շրջան): Ասկերանը դարձավ շրջկենտրոն, բնակչությունն ավելացավ, ենթակառուցվածքներն սկսեցին գործել: Արցախի հյուսիս-արևելյան հիմնական դարպասը ամրակայվեց ու դիմակայեց Աղդամին։ Իսկ մինչ այդ այն գյուղատիպ ավան էր և գոյատևում էր, ինչպես մեր շատ շեներ։ Այսօր Ասկերանն արդեն կայացած միջուկ է` մեծ դիմադրողականությամբ օժտված։ Ասկերանում այսօր կա դինամիկ աճ:
Անցած և ընթացիկ տարում կառուցվել և կառուցվելու են բազմաբնակարան շենքեր։ Նախագծերն արդեն պատվիրված են, և հավանաբար մոտ ժամանակներն կմեկնարկի երեք նոր բազմաբնակարանոց շենքի շինարարությունը։ Բնակարանները տրվելու են սոցիալական առանձին խմբերում հաշվառված բնակիչներին, մի մասն էլ կտրվի հիփոթեքային վարկավորմամբ. այս պահի դրությամբ շուրջ 50 հոգի արդեն հերթագրվել է քաղաքապետարանում` ծրագրից օգտվելու համար։
Պատվիրված է նաև շրջկենտրոնի մշակույթի տան նախագիծը, օրախնդիր է կենտրոնական փողոցի բարեկարգումը: Պատերազմի հետքերը մասամբ են վերացվել, պատերազմական հիշողությունները պիտի արմատախիլ արվեն առաջին հերթին մարդկանց հիշողությունից: Նրանք պիտի տեսնեն, զգան նորացող շրջկենտրոնի շունչն ու թարմությունը։ Ասկերանը պիտի փոխի իր կերպարը։ Տեսնո՞ւմ եք, թե մայրաքաղաքն ինչ նոր, թարմ լուծումներ է ստացել, ուղղակի հիանալ կարելի է, այդպես համաչափ էլ պիտի զարգանան շրջկենտրոնները, և գյուղական համայնքները, սա, կարծում եմ, հոգեբանական մեծ ազդեցություն կունենա բնակչության վրա։ Այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, բարեկարգում, խճապատում, ասֆալտապատում ենք փողոցները, ճանապարհները։
2018 թվականից սկսած ՙԽաչենշինի՚ ուժերով նոր թափ են ստացել շինարարական-բարեկարգման աշխատանքները։ Արդեն ամեն հարց կարգավորվում է տեղում, ունենք շինտեխնիկա, ինչի շնորհիվ աշխատանքն ավելի արդյունավետ ու ավելի արագ է իրականացվում ։
Ասկերանին նոր տեսք է տալիս Արցախի փողոցը։ Շահագործման է հանձնվել Արվեստի դպրոցը: Այդ ամենով հանդերձ` դեռևս կառուցապատման խնդիրներ ունենք, մեզ շատ աշխատանքներ են սպասվում, բազմաբնակարան, բազմահարկ շենքեր պիտի կառուցվեն, որ շրջկենտրոնը լիարժեք տեսքի գա, թարմ լուծումներ են անհրաժեշտ քաղաքատիպ շրջկենտրոն ունենալու համար։ Հասկանում եմ` ակտիվ սեյսմիկ գոտում ենք, բայց 3-4 հարկանի շենքերն անհրաժեշտություն են։ Շրջանի զարգացման հեռանկարներն անկասելի են ու շարունակական։ Ես լավատես եմ և այն կարծիքին եմ, որ կառուցելու ու արարելու ենք ողջ սահմանի երկայնքով ու խորքով՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Քարը քարին ենք դնելու հույսով, հավատով ու ապագայի հանդեպ խորը վստահությամբ և այն համոզմունքով, որ վաղն ավելի լավ է լինելու։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.