comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԿԱՐԳԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼՈՒ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԿԱՐԳԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼՈՒ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ կառավարությունը վերջին նիստերից մեկում հավանություն է տրվել մի շարք ծրագրերի, որոնք սոցիալական որոշ խմբերի խնդիրների լուծում են խոստանում: Խոսքը 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` վերաբնակիչների ու փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի, երկկողմանի ծնողազուրկ երեխաների բնակարանային խնդիրների լուծմանն առնչվող` ԱՀ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխությունների ու սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգի մասին է:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի տեղեկատվությամբ, այս տարվա ընթացքում վերաբնակիչների ու փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների համար պետական բյուջեով 256 միլիոն դրամ է նախատեսված: Կիրականացվի ութ խումբ ծրագիր՝ միանվագ դրամական օգնություն, գույքի տեղափոխման փոխհատուցում, ճանապարհածախսի փոխհատուցում, բյուջետային վարկ, շենք-շինությունների ընթացիկ վերանորոգման և կառուցման աշխատանքներ, կենցաղային կահույքի և սարքավորումների ձեռքբերում։ Ընդհանուր ծրագիրը հաշվարկված է 180 վերաբնակ ընտանիքների համար: Բայց ծրագրով վերաբնակչի կարգավիճակ ստացել է 54 ընտանիք: Նախարարն առաջարկում է վերանայել ծրագիրը, քանի որ կառավարության վերջին որոշումները, որ կարգավորում են վերաբնակեցման գործընթացը, ընդունվել են 2003 թվականին, և ծախսային ծրագրերը, միանշանակ, ենթակա են վերանայման: Հատկապես եթե հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձի չափը և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մի քանի անգամ փոփոխվել են: Նախարարությունն արդեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրություններին: Մշակվում է համապատասխան հայեցակարգ, որով կփորձեն բոլոր խնդիրների պատասխանները տալ։ Անցյալ տարվանից սկսած քննարկումներ են տեղի ունեցել շահագրգիռ մարմինների հետ, փորձել են հասկանալ, թե ինչ նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն, որպեսզի այդ ծրագրերն արդյունավետ լինեն։ Ոլորտի պատասխանատուները վերաբնակեցումը դիտարկում են որպես երեք մասից բաղկացած գործընթաց. ներքին տեղաշարժ, ՀՀ-ից դեպի Արցախի Հանրապետություն և արտերկրից դեպի Արցախ վերաբնակեցում: Այդ ուղղություններից յուրաքանչյուրի հանդեպ տարբեր մոտեցումներ են պահանջվում։ Գործող ծրագրով ենթադրվում է կացարանի տրամադրում և որոշակի գումար` սկզբնական շրջանի համար։ Այսինքն, հետագայում զբաղվածության խնդիրը կարևորված չէ, ինչը, գերատեսչության ղեկավարի կարծիքով, ներկայումս գործող ծրագրի թերություններից է: Ներկայումս ուսումնասիրվում է հայրենադարձության, միգրացիայի ոլորտում հաջողություններ գրանցած երկրների փորձը` կիրառելու հայեցակարգի նախագծի մշակման ժամանակ: ՙՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ հաջողում են այն երկրները, որոնք առաջին հերթին կարևորում են աշխատանքը և ներկայացվող առաջարկությունների մեջ շեշտը դնում են հենց այս հանգամանքի վրա՚,-ասել է Սամվել Ավանեսյանը։
Բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովն այսուհետ գործունեություն կիրականցնի նոր կարգի համաձայն: Կառավարության համապատասխան որոշումը` Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ վերանորոգման կարգը հաստատելու մասին, ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, և նախագծի ներկայացումը պայմանավորված էր դրա հետ: Քննարկումներ համապատասխան կառույցների պատասխանատուների, այդ թվում և պետնախարարի մասնակցությամբ, կատարվել են։ Գրեթե բոլոր շրջվարչակազմերն ունեցել են իրենց առաջարկները, որոնք հաշվի են առնվել այս նախագիծը կազմելիս։
Այս տարվանից բարեփոխումներ են ենթադրվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովման բնագավառում. մեկսենյականոց բնակարանների փոխարեն նրանց պետք է տրամադրվի առնվազն երկսենյականոց բնակարան, որի մակերեսը որոշվելու է ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, այսինքն, ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով առնվազն 9 քառ. մետր տարածքի հաշվարկմամբ: Նոր նախագծով առաջարկվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխային տրամադրած բնակելի տարածությունն անհատույց օգտագործման իրավունքով ժամկետը լրանալուց հետո սեփականության իրավունքով փոխանցել նրան, իսկ վերջինիս ամուսնացած լինելու դեպքում ընտանիքին` համատեղ սեփականության իրավունքով։ Առաջարկվում է սահմանել նաև, որ բնակելի տարածությունը արտահերթ կտրամադրվի երեխաների խնամք, պաշտպանություն իրականացնող հաստատությունում բնակվող, բնակելի տարածություն չունեցող անձանց։ Այսպիսով, նպատակ է հետապնդվում շտկելու այն խնդիրները, որոնք, փաստորեն, առկա են 2004 թվականից գործող կառավարության որոշման մեջ։ ՙՄեկսենյականոց բնակարանի տրամադրմամբ, փաստորեն, վերջնական լուծում չի տրվում երկկողմանի ծնողազուրկ երեխայի բնակարանային խնդրին,-ասել է Ս. Ավանեսյանը:-Այդ իրավունքը կիրացվի 18-20 տարեկան երեխաների համար՚։
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը մշակել է նաև ուղեցույց վարչակազմերի համար, որոնք արդեն իսկ տրամադրվել են, և այսուհետ խնդրի համալիր լուծումը վերապահվում է շրջանների վարչակազմերին և քաղաքապետարանին։
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգի հաստատմամբ սեզոնային աշխատանքի միջոցով շուկայում անմրցունակ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց ժամանակավոր զբաղվածություն ապահովելու համար կստեղծվեն պայմաններ։ Ծրագիրն առաջնահերթության կարգով նախատեսվում է իրականացնել գյուղացիական տնտեսությանը բնական պատճառներով հասցված վնասների վերականգնման համար։ Մեկ ծրագրի առավելագույն արժեքը սահմանվել է 700 հազար դրամ, իսկ առավելագույն տևողությունը որոշվում է գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների իրականացման ժամկետներին համապատասխան։ Հողօգտագործողի հետ կնքվում է աջակցության պայմանագիր, որը նրան հնարավորություն է տալիս որպես վարձու աշխատող ծրագրում ընդգրկել նաև նախարարության ենթակայությամբ գործող Աշխատանքի և զբաղվածության գործակալությունում հաշվառված` աշխատանք փնտրող անձանց։ Ծրագրի շահառուների մասին առաջին տեղեկատվությունը պետք է ներկայացվեն համայնքի ղեկավարի կողմից, հետագայում վարչակազմերի համապատասխան բաժինները դրանք կուսումնասիրեն, կամփոփեն և կներկայացնեն նախարարություն։ Արդյո՞ք հակասություններ չեն ծագի Գյուղնախարարության միջև` կապված գյուղատնտեսության բնագավառի ծրագրի` Սոցապ նախարարության կողմից իրականացվելու հետ. հարցին ի պատասխան Ս. Ավանեսյանն ասաց, որ նախկինում էլ նմանատիպ պիլոտային ծրագիր իրականացվել է շրջաններում, և ոչ մի խնդիր չի առաջացել, կատարվել է աշխատանքի բաժանում և իրականացվել պատշաճ մակարդակով։ ՙ2018 թվականի բյուջեն քննարկելիս եկանք այն եզրահանգման, որ ծրագիրը պետք է վերականգնվի, քանի որ այն հնարավորություն է տալիս բնական աղետներից տուժած կամ ինչ-ինչ պատճառներով իրենց հողը չմշակող հողատերերին տալ հնարավորություն` մտնելու աշխատանքների իրականացման փուլ՚,-ասել է սոցապնախարարը:
;