comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ապրիլի 11-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը: Օրակարգային հարցերի քննարկումից հետո, այլ հարցերի շրջանակներում ավագանու անդամները բարձրացրին համայնքին հուզող մի շարք հարցեր:

Բայց մինչ այդ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու հաստատմանը ներկայացրեց Ստեփանակերտի տեղանունների և վերանվանման հանձնաժողովի` ապրիլի 4-ի նիստում կայացրած որոշումը, համաձայն որի՝ նկատի ունենալով ՀՅԴ կուսակցության և ՙՄայրություն՚ ՀԿ-ի առաջարկը, թիվ 6 դպրոցն անվանակոչվեց ԱՀ և ՀՀ հերոս Յուրի Պողոսյանի անունով: Ավագանին հաստատեց հանձնաժողովի կողմից ընդունված այդ որոշումը մի վերապահումով՝ մինչև համապատասխան որոշում ընդունելը հանձնաժողովը ծանոթացնի եղած առաջարկների հետ: Փողոցների վերանվանման հետ կապված բոլոր առաջարկները քաղաքապետի բացատրությամբ կհետաձգվեն` քանզի այս տարի սպասվում են ՏԻՄ ընտրություններ, մյուս տարի էլ՝ նախագահական, և հնարավոր է, փողոցների փոխած անուններն ընտրությունների ժամանակ առաջացնեն խառնաշփոթ: Սակայն նա հանձնարարեց ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի մայրաքաղաքի որոշ փողոցների, նրբանցքների, փակուղիների վերանվանման անհրաժեշտությունը, դրա հետ կապված օրենսդրական դաշտի հնարավոր փոփոխությունները:
Բարձրացվեցին որոշ փողոցների, արվարձանների արտաքին լուսավորման հետ կապված հարցեր: Բացատրվեց, որ կյանքի է կոչվում դրա հետ կապված ծրագիր, որով նախատեսվում է 3 տարվա ընթացքում լիարժեք լուծել արտաքին լուսավորման խնդիրը:
Հաճախ բարձրացվող հարցերից էին գերեզմանատան ճանապարհների բարեկարգման, աղբահանման խնդիրները: Ավագանու անդամները քննադատեցին ՙՌիտուալ՚ սերվիսի աշխատանքը, որի գործառույթների մեջ են մտնում նշված, ինչպես և մի շարք այլ հարցերի կշռադատված լուծումներ, որոնք տեղի չեն ունենում: Քաղաքապետը հանձնարարեց ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի համապատասխան օրենքները, որի շրջանակներում էլ պատասխանատվության կկանչվի ՙՌիտուալ՚ սերվիսի ղեկավարությունը: Քաղաքապետարանի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետին հանձնարարվեց սկսել ճանապարհների կոպճապատման աշխատանքները: Ապրիլի 20-ին էլ՝ համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում, հիմնովին կլուծվեն աղբահանման հետ կապված հարցերը:
Հաջորդ հարցն առնչվում էր ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ վերջերս ընդունված օրենքի կիրառման հետևանքների հետ: Բողոքներ են հնչում հատկապես շինանյութերի խանութների տերերից: Ըստ նոր օրենքի՝ աղբահանման սակագինը նմանատիպ մի շարք օբյեկտներում բարձրացել է, և տերերն աղբահանման հարցը ցանկանում են լուծել սեփական միջոցներով, ինչը օրենքով չի բացառվում:
Վերջին հարցը վերաբերում էր գովազդային պաստառների նպատակահարմարության քաղաքականությանը: Ավագանու մի քանի անդամներ առաջարկեցին գովազդել երկրում տեղի ունեցող նշանակալից անցուդարձերը՝ կրթության, մշակույթի, սպորտի և այլ ասպարեզներում մեծ հաջողություններ գրանցած երևույթները ու դրանց նպաստողներին: Առաջարկեցին գովազդային այդ պաստառները դարձնել գրավիչ, տեղադրել գլխավոր փողոցներում, ինչն էլ կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, և նրանք կտեղեկանան նաև մեր հաջողությունների մասին, կճանաչեն հայտնի դարձած մեր երիտասարդներին, ինչը կնպաստի մեր երկրի համբավին:

;