comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Առողջապահության նախարարի պարզաբանումները

Ինչպես հայտնի է, Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում վերջերս ներդրվել է առողջապահության էլեկտրոնային համակարգ, որը խոստանում է մի շարք բարեփոխումներ, այդ թվում և` քաղաքացիների հերթագրման գործընթացի պարզեցնում, բյուրոկրատական քաշքշուկներից ազատում, հիվանդների սպասարկաման մակարդակի բարձրացում: Այն նաև նպատակ է հետապնդում հեռախոսակապով գրանցվելու միջոցով կանոնակարգելու հերթերը: Քաղաքացիների համար գործում է 33-03 կարճ հեռախոսահամարը: Զանգահարելով և հայտնելով անձնագրի կամ սոցիալական քարտի համարը, քաղաքացիները հերթագրվում են և օգտվում պոլիկլինիկայի մատուցած ծառայություններից: Այս կարգը գործում է ս.թ. ապրիլի 1-ից: Շուտով բնակիչները կկարողանան նաև էլեկտրոնային եղանակով հերթագրվել: Դա թույլ կտա խնայել քաղաքացիների ժամանակը, կարգավորել բժիշկների աշխատաժամանակը, կբացառի մեծաթիվ կուտակումները պոլիկլինիկայի տարածքում:

Այդ մասին զեկուցելով Կառավարության վերջին նիստում առողջապահության նախարար Ա. Բաղրյանը նշել է, որ համակարգը բազմաֆունկցիոնալ է, այն առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են բնակիչների առողջությանը վերաբերող ամբողջական տվյալներ։ ՙԱռողջապահության էլեկտրոնային համակարգը կլինիկական ռիսկերի նվազեցում, ժամանակի տնտեսում, ծախսերի կրճատում, հասանելիություն է ենթադրում՚,-ասել է Ա. Բաղրյանը։
Իսկ ինչո՞ւ են հենց հերթագրումից սկսել. քանի որ հենց դա է բազմաթիվ բողոքների ու գանգատների և քաղաքացիների մտահոգության տեղիք տալիս։ Ըստ 2018թ. վիճակագրական տվյալների, պոլիկլինիկա օրական հաճախում է 450 մարդ։ Նույնչափ հաճախումներ կան ընթացիկ տարում։ Հերթագրման վերոնշյալ կարգը սահմանելուց հետո օրական շուրջ 100 հոգի նախօրոք հերթագրվում է, այսինքն` մոտ 25-30 տոկոսով կարողանում են հաճախումները պլանավորել։ Ա. Բաղրյանի խոսքով` դեռ չի կարելի ասել, որ խնդիրը լրիվությամբ լուծվել է, կուտակումներ, քաղաքացիներից որոշակի դժգոհություններ կան, քանի որ դեռևս լրիվությամբ չեն հարմարվել սպասարկման նոր կարգին։
Արայիկ Բաղրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իրականում այդ դժգոհությունները մասամբ տեղին են։ Նախարար հաճախակի է լինում պոլիկլինիկայում` համակարգի ուժեղ ու թույլ կողմերին ծանոթանալու նպատակով։ Բժիշկների ու մյուս բուժաշխատողների համար համակարգի առավելությունն արդեն տեսանելի է, քանի որ ստիպված չեն լինում ընդհատել աշխատանքը` հերթերի ժամանակ ծագող վեճերը հարթելու համար կամ ակամայից ունկնդիրն ու ականատեսը դառնալու նմանատիպ ընդհարումներին: Խոստովանենք, դա այնքան էլ հաճելի չէ և հաճախ խանգարում է բուժսպասարկման գործընթացին: Այս պահին պոլիկլինիկայի բոլոր բժիշկները հանգիստ են աշխատում, ու սա արդեն խոսում է համակարգի առաջին լուրջ առավելության մասին։ ՙՄնացած առավելությունները կերևան համակարգի լրիվ գործարկմանը զուգահեռ. մարդիկ կսովորեն, որ նախօրոք պետք է գրանցվել, այնպես, ինչպես գրանցվում են վարսավիրանոց հաճախելուց առաջ, կամ` մեկ այլ մասնագետի մոտ ընդունելության դեպքում՚,-համոզված է նախարարը:
Ինչ վերաբերում է հիվանդներին, որոնք բողոքում են, թե, վատառողջ լինելով հանդերձ, ստիպված են լինում սպասել բժշկի նշանակած օրվան` հետազոտվելու համար, Ա. Բաղրյանն ասաց, որ նման դեպքերի համար Հանրապետական բժշկական կենտրոնում գործում են այլ ծառայություններ, այդ թվում և առաջին բուժօգնության: Իսկ պոլիկլինիկան առաջին հերթին պլանային հետազոտման ֆունկցիա է իրականացնում։ Լրագրողները նախարարին փոխանցեցին Արցախում բնակվող, բայց ԼՂՀ քաղաքացիություն չունեցող անձանց բողոքները, ովքեր բուժսպասարկման հետ կապված դժվարություններ են ունենում: Ա. Բաղրյանը պատասխանեց, որ տեղյակ է խնդրին, նման դեպքեր լինում են ինչպես հիվանդների, այնպես էլ հղիների հետ. նրանց առանձին հրամանով կցագրում են ծննդատանը և պոլիկլինիկայում, որպեսզի պատշաճ բուժսպասարկում ստանան Արցախի հանրապետության մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներով։ Առողջապահության նախարարությունն ամենօրյա մոնիտորինգի միջոցով վերահսկում է իրավիճակը: Նախարարը համոզմունք հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին խնդիրը լրիվությամբ կկարգավորվի։
Էլեկտրոնային համակարգը փորձ է արվում ներդնել նաև սոցիալական ոլորտում, ասենք` նպաստների համար: Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները սկսված են, դրանք կավարտվեն մեկ-երկու ամսից։ Սոցիալական ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրումով նվազագույնի կհասցվի ծնողների ներգրավվածության անհրաժեշտությունը երեխաների ծննդյան, նպաստների ստացումն ապահովող փաստաթղթերի ձևակերպման մեջ, տարբեր կառույցների հետ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ և կիրականացվի ժամանակի տնտեսումով:
Լրագրողներն Արայիկ Բաղրյանի ուշադրությունը հրավիրեցին առողջապահության համակարգում առկա մի շատ կարևոր խնդրի՝ մասնագետների պակասի վրա, ինչը ևս ինչպես հերթերի, այնպես էլ բուժսպասարկման մակարդակի անկման պատճառ է հանդիսանում։ Ի՞նչ մեխանիզմներ է կիրառում նախարարությունը պետպատվերի շրջանակներում ուսումն ավարտած մասնագետներին հետ` Արցախ բերելու և աշխատանքով ապահովելու համար: Անվիճելի է, որ մասնագետների պակաս իրականում կա, հատկապես շրջաններում։ Նախարարի տեղեկատվությամբ` Հայաստանի Հանրապետությունում այս պահին պետպատվերի շրջանակներում 175 ուսանող է բժշկական կրթություն ստանում, մինչև 2025 թվականը սպասում են նրանց վերադարձին, ինչպես նշված է պայմանագրում: Մեր նկատառմանը, թե պայմանագիր ունեին նաև մինչ այս պահն ավարտածները, որոնք այդպես էլ չեն վերադարձել, նախարարը պատասխանեց, որ չվերադառնալու պայմաններն ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ են, և խնդիրը լրիվությամբ դեռևս հնարավոր չէ կարգավորել։ Նա տեղեկացրեց, որ պայմանագրի ձևերը խստացվել են: 2018 թվականին ունեցել են դեպք, երբ շրջանավարտը հրաժարվել է կատարել պայմանագրի պարտավորությունները և վերադառնալ: Ներկայումս, սահմանված ժամանակացույցով, իր ուսման վրա ծախսված պետական միջոցները հետ է վերադարձնում։
2018 թվականին համակարգը համալրվել է 19 մասնագետով: Այս տարի սպասում են 7 շրջանավարտի, որոնք պատրաստ են վերադառնալ և աշխատել այստեղ։ Նախարարի խոսքով` յուրաքանչյուր տարի այդ թիվն ավելացվելու է։ Խնդիրը լուծելու համար պարբերաբար նաև դրսից են մասնագետներ հրավիրում:
Առողջապահության նախարարը կառավարության հաստատմանն է ներկայացրել նաև պոլիկլինիկաների, առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կունսուլտացիաների, հիվանդանոցային ու կալանավորված անձանց ու դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական ու մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին որոշման նախագիծը։ Արայիկ Բաղրյանը նշել է, որ ներկայացված նախագծի հիմնական նպատակը լաբորատոր ախտորոշիչ տեսակների տարանջատումն է, սարքավորումների և գործիքների հագեցվածության սահմանումը, տեխնիկական պահանջների ու պայմանների նորացումը, պարզեցումը, կրճատումը, համապատասխանեցումը ժամանակակից նորագույն սարքավորումներին և բժշկական պահանջարկին։ Կգործի բուժաշխատողների պարտադիր վերապատրաստման նոր կարգ։ Կսահմանվեն կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպության կողմից տրամադրվող բուժօգնության և սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները, ներառյալ քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ պարտադիր մասնագիտական գործունեության պահանջները։ Նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ։