comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ
Logo
Print this page

ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ 

ք. Մարտունի

 Մարտունի քաղաքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների, այդ թվում` Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 2 մանկապարտեզի, ֆուտբոլի մարզադաշտի հիմնանորոգման և մարզասրահ-ֆիթնեսի կառուցապատման աշխատանքները:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՙՎարանդաշին՚ ՓԲԸ տնօրեն Արթուր Մուսայելյանը, նախատեսված է մանկապարտեզի աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա հունիս ամիսը: Արդյունքում կունենանք տիպային, տասներկու խմբերի համար նախատեսված, ամբողջությամբ նոր կահույքով կահավորված, ընդարձակ այգով ու խաղահրապարակով, ասֆալտապատված բակով մանկապարտեզ: Նշվեց, որ հանրապետությունում նման մեծ չափերի հասնող միայն երկու մանկապարտեզ կա: Աշխատանքների մեծ մասը (տանիքը, ջեռուցման համակարգը` լրիվությամբ) արդեն ավարտված է, ներկայում երկրորդ մասնաշենքի ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում:
Մանկապարտեզի շենքի բակի ասֆալտապատումը, կաթսայատան և ջերմուղու կառուցումը, նոր կահույքով ապահովումը և որոշ այլ աշխատանքներ կատարվում են կառավարության և Մարտունու շրջվարչակազմի միջոցներով, իսկ շենքի երկու մասնաշենքերի վերանորոգման, արտաքին և ներքին հարդարման, այգու բարեկարգման ողջ գործընթացը կատարվում է ՙՀայկական գյուղերի զարգացման՚ հիմնադրամի կողմից` ի դեմս Վոլոդյա Ավագյանի:
Ինչպես գիտենք, ConiFA ֆուտբոլի Եվրոպայի հերթական առաջնությունն կանցկացվի Արցախում` 2019 թվականի հունիս ամսին: Մարտունու ֆուտբոլի մարզադաշտն ընդգրկված է ընդունող մարզադաշտերի շարքում:
Համաձայն ՙՀայկական գյուղերի զարգացման՚ հիմնադրամի փոխտնօրեն Էդգար Վարդապետյանի տեղեկատվության` հունիսի 1-ի դրությամբ մարտունեցիները կունենան ամբողջովին հիմնանորոգված, 1.080 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ, որի վերակառուցումն ընթանում է նախապես որոշված, լրջորեն փոփոխված նախագծով, ինչը ենթադրում է ինչպես մարզադաշտի ընդհանուր, ավելի շքեղ և հանդիսավոր տեսք, այնպես էլ ամենաժամանակակից խոտածածկի տեղադրում:
Մարզադաշտի տրիբունայի և հանդերձարանի կառուցումը, դաշտի հողային աշխատանքները, դրենաժային համակարգի կառուցումը կատարվում են կառավարության միջոցներով, իսկ դրենաժային համակարգի համար նախատեսված խողովակների ձեռքբերումը և գերժամանակակից ու թանկարժեք խոտածածկի տեղադրումն ամբողջությամբ կկատարվի ՙՀայկական գյուղերի զարգացման՚ հիմնադրամի կողմից:
Նշենք, որ մարզադաշտի կապալառուն ՙՀայր և որդի Մուսայելյաններ՚ ՍՊԸ-ն է:
Ավարտական փուլում է Մարտունու Ն. Ստեփանյանի անվան հ.1 միջնակարգ հոսքային դպրոցում նոր մարզասրահի կառուցումը:
Ամբողջությամբ նոր ու ժամանակակից մարզագույքի վրա իրենց պարապմունքները կվերսկսեն ըմբշամարտի խմբակները, Մարտունի քաղաքում առաջին անգամ կգործեն բռնցքամարտի խմբակներ: Մարզասրահում տեղակայված կլինի ֆիթնես-կենտրոն` ժամանակակից մարզասարքերով (տրենաժորներով)` նախատեսված բոլոր տարիքի տղաների և աղջիկների համար: Մարզասրահը կապահովվի հանդերձարաններով, բաղնիքներով և սանհանգույցներով:
Ֆիթնես-կենտրոնը վերակառուցվում է շրջվարչակազմի միջոցներով՝ ՙՎարանդաշին՚ ՓԲԸ-ի կողմից, իսկ ողջ մարզագույքը և մարզասարքերի ամբողջական համալիրը տրամադրվում են ռուսաստանաբնակ բարերար Վոլոդյա Ավագյանի հիմնադրած ՙՀայկական գյուղերի զարգացման հիմնադրամ՚-ի կողմից:
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.