comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԵԼԸ ՀԸՄԱՆՉՈՒՄ ՉԻ, ՊԵԼԵՆ ՏԱՐՆԱ ՀԸՄԱՆՉՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵԼԸ ՀԸՄԱՆՉՈՒՄ ՉԻ, ՊԵԼԵՆ ՏԱՐՆԱ ՀԸՄԱՆՉՈՒՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Արցախի հուշարձանների շարքում յուրօրինակ պատմություն ունի 1967թ. ստեղծված ՙՄենք ենք, մեր լեռները՚ հուշակոթողը, որը դարձել է Արցախի խորհրդանիշը։ Այն Ստեփանակերտի մուտքի մոտակա բլրի գագաթին կարմիր տուֆից քանդակել է վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանը։

Հուշարձանը խորհրդանշում է է արցախյան հողի և ժողովրդի միջև ամուր կապը, արցախցու երկարակեցությունը, հաստատուն ու անսասան մնալու վեհ գաղափարը։ Բնականաբար, նման հուշարձան ունենալու գաղափարին, շինարարությանը և տեղադրմանը ժամանակին ընդդիմացել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը։ Ի հեճուկս բարձրացված բողոքների` հուշակոթողի կառուցումը նախաձեռնողներն այդ ժամանակաշրջանում կարողացան հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները։ Ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս ուսի, հաստատուն ու սևեռուն, խրոխտ հայացքով ՙՏատիկ-պապիկ՚ քանդակի ճարտարապետը Յուրի Հակոբյանն էր (1929-1981թթ. Ստեփանակերտի գլխավոր ճարտարապետն էր)։ 2013թ. հուշակոթողի տարածքը բարկարգվել է ծննդով ստեփանակերտցի, ռուսաստանաբնակ գործարար Կարեն Ավագիմյանի միջոցներով։


Արդեն 52 տարի է հուշակոթողը ոչ միայն արցախահայության խորհրդանիշն է, այլև ամենաայցելվող զբոսաշրջավայրը։ Սակայն ի դեմս հուշարձանն ըստ արժանվույն պահելու բոլոր ջանքերի, ժամանակ առ ժամանակ այն կեղտոտվում է որոշ անձանց կողմից։ Խնդրի առնչությամբ օրերս ահազանգեց Արցախի նկարիչների ՙԳԱՄարտ՚ միջազգային միության նախագահ Ռոբերտ Ասկարյանը։ Հերթական անգամ նա ձեռնամուխ եղավ հուշարձանը մաքրելու, վերականգնելու և նախնական տեսքին վերադարձնելու գործին։ Մինչ աշխատանքներին անցնելը նա դիմեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, ոստիկանությանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ առկա խնդիրը համատեղ և ընդմիշտ վերացնելու համար։ Շուրջ 7 տարի առաջ Ռ. Ասկարյանը 3 ամսվա ընթացքում հուշակոթողը վերականգնել և մաքրել էր անկիրթ քաղաքացիների կողմից փորագրված ավելի քան 300 տարաբնույթ գրություններից։ Սակայն պատմությունը կրկնվեց, և հուշակոթողի մինչև 1մ 20սմ բարձրությամբ հատվածի երկայնքով քաղաքացիների կողմից վերստին փորագրվեցին բազմապիսի անիմաստ ու անհեթեթ գրություններ, որոնք իսկ փաստում են, որ նման ՙհիշատակումներ՚ թողողները դպրոցականներ են, մասնավորապես` ավարտական դասարանների, ինչպես նաև սիրահարներ՝ հասկանալի ու անհասկանալի անվանատառերով խոստովանություններով, այլանդակ գրություններով։ Իհարկե, դրանք վկայում են հեղինակների մակարդակի մասին: Խնդիրն այն է, որ այսօր, փաստորեն, մեր հասարակության առանձին շրջանակներում բացակայում է հուշարձանների պահպանության հոգատար վերաբերմունքի պատասխանատվությունը։ Հուշակոթողի տարածքում Ստեփանակերտի Թախտաջյանի անվան բուսաբանական այգու աշխատողներն օրվա մինչև 16.00 ժամանակահատվածը հնարավորինս վերահսկում են տարածքը և չեն թույլատրում հուշակոթողը գրություններով այլանդակել, իսկ ավելի ուշ ժամերի դա դառնում է անվերահսկելի։ Նրանց պատմելով՝ աշակերտները հիմնականում ուսուցիչների հետ են այցելում հուշակոթող, և առանձին դեպքերում ականատես են եղել ուսուցչի ներկայությամբ գրություններ թողնող աշակերտների։ Աշխատողների հանդիմանությանն ի պատասխան` ուսուցիչը ոչ միայն չի սաստել, այլև հորդորել է չխանգարել երեխաներին։ Ցավալի է, որ ներկայիս մատաղ սերունդը քաջատեղյակ չէ մեր հուշարձանների ստեղծման, կառուցման պատմություններին, նրանց պահպանման և խնամքի կարևորության մասին, ինչը չափազանց կարևոր է առողջ, հայրենասեր ու կիրթ սերունդ դաստիարակելու գործում։ Իհարկե, ոչ միայն երեխաներն են գրություններ թողել, այլև երիտասարդներ, մեծահասակներ, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ ազգային արժեքների, պատմամշակութային հուշարձանների, կոթողների պահպանության հարցում պետք է պարբերաբար իրականացնել համալիր միջոցառումների ծրագիր՝ ընդգրկելով շահագրգիռ բոլոր կառույցներին։ Բարձրացված ահազանգին արձագանքել է Ստեփանակերտի քաղաքապետարանը և իր աջակցությունը հայտնել Ռ. Ասկարյանին։ ՙԱյսօր ամեն մի սուպերմարկետի մոտակայքում շուրջ 5 տեսախցիկ են տեղադրում, բայց մի՞թե Արցախի խորհրդանիշը հանդիսացող հուշարձանն արժանի չէ հարգալից վերաբերմունքի։ Նման խայտառակություն երևի թե թույլ չեն տա ոչ մի քաղաքակիրթ երկրում։ Հերթական անգամ նախաձեռնում ենք հուշակոթողի անհեթեթ ու անպարկեշտ, անվայել գրությունների մաքրումը և հորդորում մեր քաղաքացիներին ուշադիր լինել ոչ միայն այս հուշակոթողի, այլև մյուս պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանների հանդեպ, իսկ ԱՀ ոստիկանությանը` ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ` տուգանքի կամ պատժի այլ ձևերով՚,-նշեց նկարիչ-քանդակագործը։ Արդեն մի քանի օր է` նա իր աշխատանքային խմբով, հատուկ գործիքներով տաշելով ու փորելով մաքրում է հուշակոթողը դժվարանցանելի նիտրոներկերով գրություններից։ Իր հերթին քանդակագործը կրկին առաջարկում է տարածքում տեղադրել մի քանի տեսախցիկներ, ու ԱՀ ոստիկանությանն էլ` աչալուրջ հետևել, որպեսզի նման խայտառակությունը մեկընդմիշտ բացառվի։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին էլ հորդորում է պատրաստել տեղեկատվական տեսահոլովակ հուշակոթողի մասին և պարբերաբար այն ցուցադրել ազգաբնակչությանը: Իրազեկման նմանատիպ աշխատանքներ պետք է իրականացվեն նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում, մանավանդ ՙՎերջին զանգ՚-ի օրը, երբ դասարան առ դասարան այցելում են ՙՏատիկ-պապիկ՚-ի մոտ: Հաճախ ենք խոսում բարձր ու վեհ գաղափարներից, քաղաքակիրթ աշխարհին ներկայանալու պահանջներից, բայց այդ նույն աշխարհին երբեմն հրամցնում ենք արտառոց վերաբերմունք մեր իսկ հոգևոր և նյութական արժեքների նկատմամբ։ Ռ. Ասկարյանի հետ ունեցած զրույցի ընթացքում մեզ մոտեցան պարսիկ զբոսաշրջիկներ և հետաքրքրվեցին քանդակի պատմությամբ։ Զրուցակիցս պատմեց հուշարձանի մտահղացման պատմության, Արցախի համար դրա նշանակության մասին և փորձեց հյուրերին հնարավորինս շեղել ու ցույց չտալ հուշարձանի գրություններով հետևի հատվածը. ինչպես ղարաբաղցին է ասում` ''Պելը հըմանչում չի, պելեն տարնա հըմանչում'': Համարյա ամեն օր տարբեր երկրներից զբոսաշրջիկներ են այցելում հուշակոթողի տարածք, և մեզ վայել չէ մեր խորհրդանիշը ներկայացնել նման խայտառակ, ամոթալի վիճակում։ Ռ. Ասկարյանը հիշեց, որ քանդակագործ Ս. Բաղդասարյանի հետ ծանոթացել էր դեռևւս 1992թ. իր արվեստանոցում, այնուհետև 1997թ. Ստեփանակերտում կազմակերպված մի սիմպոզիումի ժամանակ հայտնի քանդակագործն իր որդու հետ դիմում է նկարչին՝ հանրահայտ հուշարձանը վերականգնելու համար։

Այդ օրվանից հուշակոթողի պահպանման հարցերով յուրատեսակ պատասխանատվությամբ է զբաղվում Ռ. Ասկարյանը։ Սակայն, Արցախի խորհրդանիշը հանդիսացող հուշակոթողի լիարժեք պահպանությունն ու խնամքը և՜ շահագրգիռ կառույցների, և՜ մեր` քաղաքացիներիս սուրբ պարտականությունն է։