comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՊՐԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ԻՆՉՊԵ՞Ս
Logo
Print this page

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՊՐԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ԻՆՉՊԵ՞Ս

 

 

 

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ուսանողական տարիները երիտասարդության ամենաքաղցր հուշերով հագեցած ու լավագույն ժամանակահատվածն են։ Կարելի է ասել՝ այդ շրջանում են մարդիկ հասունանում, կյանքին սկսում այլ աչքերով նայել և հասկանալ, թե ինչպիսին են ուզում լինել և ինչպես են պատկերացնում իրենց ապագան: Սակայն ուսանողներին, մանավանդ՝ շրջաններից եկածներին, անհրաժեշտ է նաև բնակարան՝ թե՜ ուսումը լիարժեք ստանալու, թե՜ կրթօջախին մոտ լինելու համար։

Ստեփանակերտում ներկայում կա ուսանողական հանրակացարան, որտեղ ապրում են շրջաններից և գյուղերից բուհեր ընդունվածները։ Սակայն ոչ բոլորն են օգտվում իրենց համար նախատեսված բնակարաններից։ Իսկ թե ինչու են նրանք խուսափում հանրակացարանից, մի քանի տասնամյակ առաջ ինչպես է եղել ուսանողական կյանքն այնտեղ ու ինչպիսին է հիմա, պատմում են դասախոսներն ու ուսանողները։
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դասախոս, բ. գ. թ. դոցենտ Սիլվա Խաչատրյանն իր ուսանողական տարիներին բնակվում էր ուսանողական հանրակացարանում։ Նա ասում է, որ այն ժամանակ ուսանողներից բացի հանրակացարանում շատերն էին բնակվում ՝ դասախոսներ, փախստականներ։ Սական վստահեցնում է, որ, չնայած այդ ամենին, բավարարվում էին նրանով, ինչ ունեին։
ՙՄոտ 35 տարի առաջ էր, որ ուսանող էի և ասեմ, որ համեմատելի չէ այն ժամանակվա և ներկայիս ուսանողական հանրակացարանները։ Այն ժամանակ մենք ապրում էինք թատրոնով, կինոյով, գրքերով, գրողներով, չէինք էլ զգում, որ մեր սենյակի հատակը ներկված չէ։ Եղել են դեպքեր, որ դասից սոված գալիս էինք, մեր կաթսան դնում գազօջախին և երբ աչքներս թեքում էինք, ուրիշներն էին մեր կերակուրն ուտում, մենք էլ, չնայած սոված էինք մնում, երջանիկ էինք: Այդ ամենը հիմա միայն քաղցր հուշ է։ Իսկ այսօրվա սերունդն ավելի ուրախ պետք է լինի, որովհետև այնտեղ գրեթե ամեն հարմարություն ստեղծված է։ Հիմա այն բավականին բարեփոխվել է, նաև առանձին ուսանողական բաժանմունք կա՚,-պատմում է Ս. Խաչատրյանը և նշում, որ, երբ սենյակում առնվազն 4 ուսանող պետք է տեղավորվեր, շատ ժամանակ երեք ուսանող վճարում էին չորրորդի փոխարեն, որպեսզի սենյակը փոքր-ինչ ընդարձակ լինի։
Սիրանուշ Ադամյանը բնակվում է ուսանողական հանրակացարանում, որտեղ, իր կարծիքով, պայմանները բավարար են, կա գրեթե այն ամենը, ինչ պետք է ուսանողին։ Կա ընդհանուր խոհանոց, որ 12 հոգու համար է և բաղնիք՝ 5-6 հոգու համար։ Նա փաստում է, որ, եթե հարևանությամբ ապրող աղջիկները, այսպես ասած, ՙլավն՚ են լինում, ապա ընդհանրությունը խնդիրներ չի առաջացնում։ Իսկ հանրակացարանում ապրելու պատճառը հետաքրքրությունն է, թե ինչպես է անցնում ուսանողական կյանքը հենց այնտեղ։ Խոսելով առկա անհարմարություններից՝ իմ զրուցակիցը նշեց, որ սկզբնական շրջանում մեկ ամիս համացանցից օգտվելու հնարավորություն չուներ, որը յուրաքանչյուր ուսանողի, մանավանդ լրագրության բաժնում սովորողի համար, անհրաժեշտ է։
ՙԸնդհանուր առմամբ՝ կան որոշակի թերություններ, օրինակ՝ շաբաթ և կիրակի օրերին ջեռուցում չի լինում։ Բացի այդ, այստեղ լյումինեսցենտային լամպերն են թույլատրված, ինչը, կարծում եմ, սխալ է։ Բայց այդ ամենին զուգահեռ՝ ամենամեծ առավելությունն այն ընկերական միջավայրն է, որ ստեղծվում է հանրակացարանում. կարելի է ասել՝ այստեղ երբեք քեզ մենակ չես զգում, ցանկացած պահի կարող ես դիմել ընկերներին ինչ-որ օգնության համար՚,-ասում է Սիրանուշը և ավելացնում, որ ինքը ընդհանրություն չի սիրում, բայց ժամանակի ընթացքում հարմարվել է։
Հասմիկ Խաչատրյանը ևս որոշ ժամանակ բնակվում էր ուսանողական հանրակացարանում։ Ինչպես ինքն է պատմում՝ որոշել էր այնտեղ ժամանակավոր բնակվել, մինչև ավելի հարմար բնակարան գտներ: Հանրակացարանում մնացել է ընդամենը մեկ շաբաթ, այնուհետև տեղափոխվել է վարձով տրվող բնակարան։
ՙՈւսանողական հանրակացարանից տեղափոխվելու հատուկ պատճառ չկար, ուղղակի չէի կարողանում հարմարվել, միջավայրը իմը չէր: Եթե համեմատելու լինեմ, միանշանակ կընտրեմ այն բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, քանի որ այն և՜ շատ հարմար է, և՜ հնարավորություններն ավելի մեծ են: Նախընտրում եմ մեկ կամ երկու ընկերուհու հետ մնալ, որովհետև սիրում եմ հանգիստ միջավայրը, ու դա նաև չի խանգարում իմ ուսմանը՚,-ասում է Հասմիկը։
Էլլա Խաչիյանը երբեք էլ չի մտածել ուսանողական հանրակացարանում բնակվելու մասին։ Երրորդ կուրսի ուսանող է և այդ տարիներին վարձով է բնակվել մի քանի ընկերուհիների հետ, իսկ ներկայիս բնակարանն էլ, քանի որ շատ է փոքր, չի կարծում, որ հանրակացարանի համեմատ առավելություններ շատ ունի։
ՙՈւսանողական հանրակացարանում բնակվելու մասին երբևէ չեմ մտածել և հարմարություններին էլ ծանոթ չեմ, բայց ինձ թվում է, թե կլինեն նպաստավոր պայմաններ։ Իսկ այս բնակարանում ապրելն այնքանով է հարմար, որ սենյակս շատ տաք է, որն ամենակարևոր պայմաններից մեկն է՚,-մանրամասնում է Էլլան։
Աննա Ահարոնյանն Ստեփանակերտցի է: Այն փաստը, որ բնակվում է իրենց տանը, ունի և՜ առավելություն, և՜ թերություն։ Նրա հավաստմամբ՝ ամենամեծ առավելությունն, իհարկե, այն է, որ որևէ մեկին գումար չի վճարում։
ՙՏանն ամեն ինչ իմ ցանկությամբ է՝ իրերի դասավորություն, գույների համադրություն, ինչպես ասում են՝ ես եմ իմ գլխի տերը։ Իսկ թերություններ, բնականաբար, կան։ Նախ՝ համալսարանից շատ է հեռու, որն ամենաբացասական կողմն է, նաև, քանի որ սիրում եմ նոր ծանոթություններ ստեղծել, շատ ընկերներ, նոր շրջապատ ունենալ, այդ առումով սեփական մեր բնակարանում ապրելը ՙխանգարում՚ է։ Միշտ բարի նախանձով եմ վերաբերում այն ուսանողներին, ովքեր հանրակացարանում են ապրում կամ թեկուզ վարձով տրվող ուրիշի բնակարանում, որովհետև նրանք դասերից դուրս հնարավորություն են ունենում շփվել, ծանոթանալ, իսկ մեր տանը դա այդքան էլ հարմար չէ՚,-ասում է Աննան, նշելով, որ անկախ ամեն ինչից, ուսանողական իր օրերը հետաքրքիր ու հագեցած են անցնում, բայց մեծ ցանկություն ունի գոնե մի քանի օրով ապրել հանրակացարանում, ապրել այն աշխուժությունը, որ, իր կարծիքով, միայն այնտեղի ուսանողներին է հատուկ։
Ուսանողներից ոմանք դժգոհ չեն հանրակացարանից, սակայն շատերն էլ չեն նախընտրում այնտեղ բնակվել ոչ միայն այն պատճառով, որ տեղերը սահմանափակ են, այլև շատ ավելի հարմար է մի քանի ուսանողներով ապրել ավելի հարմարավետ վարձու բնակարանում, նաև՝ հեռու հանրակացարանային կյանքից։ Իսկ ոմանց երազանքն է՝ ապրել այնտեղ ու զգալ հանրակացարանային կյանքի ողջ քաղցրությունը։ Գնահատենք այն, ինչ ունենք, որովհետև տարիներ առաջ ուսանողները թշնամու ռմբակոծության ժամանակ անգամ չեն դժգոհել եղածից. իսկ սովորելուն ոչինչ էլ չի կարող խանգարել, եթե լինեն իրական նպատակներ…

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.