comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՈՒ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՈՒ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Այսպիսին էր Շուշին 27 տարի առաջ` ազատագրումից հետո: Տղաներն իրենց պարտքը կատարել էին` Շուշին նորից հայկական է: Հայոց հնամյա քաղաքը վերականգնվում է, նրա ազգային դիմագիծը պահելու պարտավորությունն արդեն սերունդների վրա է: 

Չնայած պատերազմի հետքերը դեռ լրիվությամբ վերացված չեն, և քաղաքի փողոցներով քայլելիս ավերակները հիշեցնում են այդ մասին, պետք է նկատել, որ ներկայիս Շուշին արդեն այլ է և լրիվությամբ տարբերվում է 90-ականների և 2000-ականների բերդաքաղաքից: Այլ են նաև այստեղ ապրող մարդիկ: Շուշիում բահ ու քլունգի ծլնգոց և աշխատող շինարարական տեխնիկայի ձայն հիմա ավելի հաճախակի կարելի է լսել, մեքենաների շարժ կա, լվացքի պարանների առատություն` չորացող սպիտակեղենով: Այստեղ թանգարաններն այցելուների են սպասում, հյուրանոցի աշխատողը գրանցում է ժամանած հերթական զբոսաշրջիկին: Այստեղ մանուկների ժպիտներ կան, աշխատանքից հետո հանգստացող վարպետներ, որ աշխույժ զրույցի են բռնվել վերջին նորությունների շուրջ: Շուշիում այսօր կյանք կա, դա այնտեղ ապրողների, այն վերանորոգողների, ծրագրերի համար գումարներ հատկացնողների, Շուշին սիրողների ու նրա ճակատագրով մտահոգ մարդկանց ձեռքբերումն է:

Բարեկարգվող Շուշին
ՙՎերջին 8 տարում Շուշին անճանաչելիորեն փոխվել է։ Կարծում եմ` դա տեսանելի է նաև անզեն աչքով: Արցախի կառավարությունը հատուկ ուշադրության է արժանացնում Շուշին, և այդ ուշադրությունը հիմնավորված է։ Այն մեր անկախ հանրապետության դեմքն է, մեր հաղթանակների խորհրդանիշը, եթե կուզեք` մեր պատիվը՚,- զրույցի ընթացքում ասաց շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը:
Բարեկարգման և վերակառուցման նպատակով բերդաքաղաքին պետբյուջեից վերջին տարիներին յուրաքանչյուր տարի շուրջ 1մլրդ 800 մլն դրամ գումար է հատկացվում: Դատելով շինարարության ծավալներից` ներդրումներ կատարվում են ոչ միայն պետական միջոցներից: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 5կմ ճանապարհ է բարեկարգվել և ասֆալտապատվել, դրան զուգահեռ կառուցվել են համապատասխան բոլոր ենթակառուցվածքները` ջրագծեր, ջրահեռացման համակարգ, լուսավորություն և այլն:
Պետության կողմից շրջանին հատկացված ֆինանսական միջոցների հիմնական մասը նպատակաուղղվել է հենց քաղաքի ծրագրերի կենսագործմանը։ Համայնքներում, որոնք, ճիշտ է, շատ չեն` ընդամենը յոթը, քիչ ներդրումներ են կատարվել։ ՙԻնչը , իհարկե, համայնքներն անտեսելու նշան չէ. շրջանի բոլոր բնակավայրերն ապահովված են կենսական նշանակության ենթակառուցվածքներով ու կենսապայմաններով: Բոլոր գյուղերն ունեն դպրոց, համայնքապետարան, մշակույթի տուն, ապահովված են ջրով, էլեկտրաէներգիայով, ճանապարհները բանուկ են, գործում է տրանսպորտ: Պարզապես Շուշիում անելիքները շատ են, դրա համար էլ այսօր առավելապես քաղաքին ենք ուշադրություն դարձնում՚,-պարզաբանեց շրջվարչակազմի ղեկավարը:
Ներկայում բարեկարգման աշխատանքներ են ընթանում շրջկենտրոնի տարբեր թաղամասերում։ Ասֆալտապատում են իրականացրել, ինչպես շուշեցիներն են ասում, ՙներքին թաղից՚ մինչև շրջանային հիվանդանոց ընկած տարածքում, որը գտնվում է քաղաքի ծայրամասում: Բարեկարգվել են հիվանդանոցի շրջակա փողոցները։ Հախումյան փողոցում, որտեղ կա 3 բարձրահարկ շենք, բարեկարգվում են բակերը, փողոցները։ Բակերի բարեկարգման ծրագիրը շարունակական բնույթ է կրելու։
Շուշիի բարեկարգման գործընթացն ինքն էլ յուրահատուկ մոտեցում է պահանջում. հնարավորինս պետք է պահպանվեն նրա ուրույն ոճը, քաղաքի դիմագիծը: Իհարկե, միշտ չի ստացվում, հաճախ հին շենքերի կամ փողոցների նախկին տեսքի վերականգնման հաշվարկներն իրենց պահանջներն են թելադրում, որոնց հետ ստիպված են լինում հաշվի նստել, բայց, ամեն դեպքում, փորձում են առավել արդյունավետ տարբերակ գտնել:

Շրջվարչակազմի շենքի մոտից, հայտնի ՙԹուրքական բաղնիքներ՚-ից քիչ ներքև սկսվող նեղլիկ փողոցում, պահպանվել են Շուշիին հատուկ ճարտարապետության նշխարներ` կամարաձև պատուհաններ, դարպասներ, անտաշ քարից շինություններ: Փողոցը մոտ ապագայում կսալապատվի, կմաքրվի ավերակներից, կվերականգնվեն շինությունները` վերածվելով փոքրիկ արվեստանոցների, արհեստանոցների, կրպակների ու խանութների` դուքանների: Այն կհիշեցնի հին Շուշին` հայկական արվեստների ու արհեստների քաղաքը, և կդառնա զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը:
Շուշիում ավերակներ, ինչպես նշել ենք, դեռ կան: Դրանք որոշակիորեն աղավաղում են բարեկարգվող քաղաքի տեսքը և իրականում խնդիր են հանդիսանում քաղաքի իշխանությունների համար: Բանն այն է, որ քաղաքի բոլոր տարածքները, այդ թվում և անշարժ գույքը, սեփականաշնորհված են: Տերերի մի մասն այստեղ չի բնակվում, մի մասն ավերակներից ազատվելու ցանկություն կամ հնարավորություն դեռ չունի: Քաղաքապետարանն ազդեցության մեխանիզմներ առայժմ չունի, և ավերակները դեռ ապրում են` հիշեցնելով անցած պատերազմի մասին:
Բազմահարկ շենքերին հարող տարածքներում ավերակներ չկան: Բացառություն է կազմում մեկը, որի 46 բնակարանի վերանորոգման ծրագիրը մշակման փուլում է. դրանք կտրամադրվեն բազմազավակ` 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների, որոնց թիվը Շուշիում 19 է, բայց ավելանալու միտումներ ունի: Նշված շենքից բնակարաններ կստանան նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաները և զոհվածների ընտանիքները։ Ուսումնասիրություններ են տարվում նաև բնակարանային խնդիր ունեցող սոցիալական այլ խմբերի շրջանում` նրանց ևս ազատ բնակարաններից հատկացնելու նպատակով:

Շուշին կունենա
մաքուր ջուր


Շրջկենտրոնը խնդիրներ դեռ շատ ունի: Բայց առաջնայինն այստեղ խմելու ջրի որակի բարելավումն է: Անձրևային եղանակներին ծորակներից կեղտաջուր է հոսում, ինչը, բնականբար, հնարավոր չի լինում օգտագործել, չնայած նրան, որ քաղաք մտնող ջուրը Քիրսի զուլալ աղբյուրներից է գալիս: Վլադիմիր Կասյանը հավաստիացնում է` Շուշին կունենա մաքուր ջուր: Եվ այդ օրը հեռու չի: Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքի բնակիչներին շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, վերակառուցվում է քաղաքի ներքին ջրատար ցանցը: Քաղաքը պայմանականորեն բաժանվել է 4 գոտու, որի 3/4-ում այդ գործընթացն ավարտված է: Այսօրվա դրությամբ աշխատանքներ են ընթանում 4-րդ գոտում, որը քաղաքի ծայրամասային հատվածն է։ Խոստանում են` մինչև տարեվերջ բոլոր շուշեցիները կունենան շուրջօրյա ջուր: Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա պետք է նշել, որ արդեն 2 ամիս է ինչ սկսված է քաղաքի ֆիլտրկայանի շինարարությունը: Նախատեսվում է այն ավարտել սեպտեմբերին։ Ծրագրի շրջանակներում կառուցվում է երկու ջրամբար` 1000 խոր.մ տարողությամբ: Դրա շահագործմամբ հիմնովին կլուծվի նաև Շուշի քաղաքի խմելու ջրի որակի խնդիրը։
Շուշիում առաջնահերթ լուծում պահանջող հարցերից մեկն էլ գործազրկությունն է: Խնդիրը երկու կողմ ունի. կա 

աշխատանք, որը չեն ուզում անել, հիմնականում սպասարկման ոլորտում, և կան գործազուրկներ, որոնք համապատասխան աշխատանք չեն գտնում: Այս հարցի լուծումները շրջանի ղեկավարությունը դեռ չունի: Մինչդեռ զբաղվածության խնդրի լուծումը կարևոր ազդակ կլինի ինչպես ծնելիության խթանման, այնպես էլ մի շարք այլ հիմնախնդիրների լուծման ու քաղաքի զարգացման համար:

Կրթամշակութային Շուշին


Շուշիի` որպես հայկական կրթամշակութային օջախի վերականգնումը, պետության ռազմավարական նպատակներից է, և պատահական չէ, որ մի շարք կրթական ու մշակութային կենտրոններ, այդ թվում և Մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարությունը տեղափոխվել են այստեղ: Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որոշ հաստատություններ ևս տեղակայվել են բերդաքաղաքում, որոնք ուսանողներին առաջարկում են կրթության լավագույն պայմանները: Դրանցից Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանն ուսուցման գործընթացը կազմակերպում է ֆրանսիական մոդելով: ի դեպ, ուսումնարանի աշկերտների միջոցով Շուշիում նույնիսկ շինարարություն են իրականացնում: Գործում են հումանիտար քոլեջ, երաժշտական դպրոց, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, Տեխնոլոգիական համալսարան (վերջինս ունի քիմիական և Ֆիզիկայի լաբորատորիաներ, որտեղ գիտական կարևոր փորձարկումներ են արվում): Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը լավ առաջարկներ ունի արվեստով հրապուրվածների համար: Արվեստասերները հաճախ են լինում նաև Նարեկացի արվեստի միությունում, որը հաճախ է հանդես գալիս հետաքրքիր նախաձեռնություններով: Ի դեպ, նման հաստատությունների տեղակայումը և ուսանողների ներկայությունը բավականին աշխուժացրել են քաղաքի կյանքը:
Տարիներ առաջ քննարկվում էր դատական համակարգը Ստեփանակերտից Շուշի տեղափոխելու հարցը, այդ նպատակով նույնիսկ հարմարավեր շենք էր կառուցվում: Տեղեկացանք, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են. համակարգը տեղափոխելն առայժմ հարցեր է ծնում. պատճառաբանվում է, որ քաղաքացիների համար լրացուցիչ անհարմարություններ կարող են առաջանալ:
Ներկայացնելով Շուշին, չի կարելի չխոսել գործող թանգարանների, հյուրանոցների մասին, որոնք Արցախ եկած տուրիստին անպայման ձգում են: Շուշին ինքը թանգարան է բաց երկնքի տակ, և պատահական չէ, որ զբոսաշրջիկների համար այն Արցախի թիվ 1 այցելության վայրն է։ Տուրիստների ստույգ թվի մասին հաշվարկներ չկան, բայց այն բավարար է, որպեսզի Շուշիում գործող հյուրանոցներն ու թանգարանները տարեշրջանին մեծաթիվ այցելուներ ունենան: Հյուրանոցներից ստացված տեղեկությունների համաձայն` այս տարի մայիսից մինչև հոկտեմբեր Շուշիի բոլոր հյուրանոցների ու հյուրատների համարներն ամրագրված են:

Շուշին`
մեկ տասնամյակ անց


Շուշին այսօր ավելի քան 5000 բնակիչ ունի։ Ինչպիսի՞ն կլինի այն մեկ տասնամյակ հետո: Ինչպիսի՞ն կցանկանայինք տեսնել այն: Այս մասին շրջվաչակազմի ղեկավարն իր պատկերացումներն ունի. ՙՄեր շրջանն ընդհանրապես չի կարելի համեմատել Արցախի մյուս վարչատարածքային միավորների հետ. այն շատ աղքատ է վարելահողերով, չունի գյուղատնտեսական ռեսուրս։ Չունենք այգիներ հիմնելու, բանջարաբոստանային մշակաբույսեր և ցորեն արտադրելու հնարավորություն։ Շուշիի որոշ գյուղեր ընդամենը մեղվաբուծությամբ և անասնաբուծությամբ կարող են զբաղվել, քանի որ հազարավոր հեկտար արոտավայրեր և խոտհարքեր ունենք: Մեղվաբուծությունը լայն կիրառություն ունի Բերդաձորի ենթաշրջանում, որը միշտ աչքի էր ընկնում իր անարատ մեղրով։ Մինչև 3500 փեթակ կա այնտեղ, իրացման հետ կապված խնդիրներ չունեն։
Ինչ վերաբերում է քաղաքին, ապա խորհրդային ժամանակներից այն առողջարանային գոտի էր, ակտիվ գործում էին արհմիությունները, կարողանում էին ԽՍՀՄ ամբողջ տարածքից հանգստացողներ և բուժվողներ ուղեգրել այստեղ։ Իհարկե, այդ գործելաոճը ներկայում կիրառելի չէ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Շուշին դառնա զբոսաշրջային կենտրոն, քանի որ այն իսկապես թանգարան է բաց երկնքի տակ և աշխարհին կարող է ներկայանալ իր մշակութային անցյալով: Ինչու չէ` նաև ներկայով:
Եթե մասնավոր հատվածն էլ սկսի ակտիվ ներդրումներ կատարել, այն ավելի կբարգավաճի։ Տարիներ անց պատկերացնում եմ, որ Շուշին լինելու է մոտ 10-հազարանոց բնակչությամբ ծաղկուն բնակավայր, կոկիկ, մաքուր և բարեկարգ, որն աշխարհին ասելիք է ունենալու. աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ կգան ճանաչելու այն, ծանոթանալու արցախյան մշակույթին ու կենցաղին՚։

Ի դեպ, մասնավոր ներդրումների աղբյուրներն արդեն ուրվագծվում են. հենց ՄԵՀԶ նախարարության շենքի դիմաց ռուսաստանաբնակ գործարարներից մեկը զբոսաշրջային կենտրոն է կառուցում: Այնտեղ կլինեն հյուրանոցներ ու ռեստորան, կներկայացվեն արհեստի տարբեր ճյուղեր, արցախյան խոհանոցի կերակրատեսակներ: Շուշիից Ստեփանակերտ նախատեսվում է ճոպանուղի կառուցել` դարձյալ ռուսաստանաբնակ գործարարի ֆինանսավորմամբ: Ծրագիրը նախագծման փուլում է։ Աշխատանքները, հավանաբար, կսկսվեն 2020 թվականին։