Logo
Print this page

«Ողբերգական Զատիկ». մի շարք երկրների առաջնորդներ և բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են Շրի Լանկայում որոտացած պայթյուններին

Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 215 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա: Տուժածների թիվը 450 է, այս մասին հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը՝ բուժհաստատությունների տվյալներին հղումով: 

Պայթյունների առնչությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հայտնել է, որ ներկա պահին ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են պայթյուններին մասնակցության համար:

Ավելի վաղ տարբեր աղբյուրներից հաղորդումներ էին ստացվել մինչև 187 զոհի և մի քանի հարյուր տուժածի մասին:

 Շրի Լանկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ֆոնին մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցել են Շրի Լանկայի ժողովրդին և դատապարտել տեղի ունեցածը, որը շատերի կողմից ահաբեկչական հարձակում է որակվել:

«Միացյան Նահանգների ժողովրդի անունից ակնեղծորեն ցավակցում եմ Շրի Լանկայի ժողովրդին: Մենք պատրաստ ենք մեր օգնությունն առաջարկելու»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Խորապես վշտացած եմ Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում իրականացված ահաբեկչական գործողությունների առնչությամբ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի գործողությունները: Զատիկի օրը Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին»,- գրել է Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նույնպես դատապարտել է տեղի ունեցածը՝ այն դաժան բռնություն անվանելով: Կաթոլիկների առաջնորդը ելույթ է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ հայտնելով, որ կաղոթի ողբերգությունից  տուժածների համար:

«Մենք պետք է համախմբվենք, որպեսզի թույլ չտանք, որ որևէ մեկը երկյուղի մթնոլորտում հետևի իր հավատի սովորություններին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ իր հերթին ցավակցելով ողբերգությունից տուժածներին:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ՄԱԿ-ի ներկայացուցիչները Շրի Լանկայում, ինչպես նաև Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի, Պակիստանի Բահրեյնի, Քաթարի, Միացյալ Արաբական Էմիրությունների և այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչները նույնպես դատապարտել են կատարվածը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զատիկի տոնակատարությունների ժամանակ երկրի տարբեր մասերում 8 պայթյուն էր որոտացել:  

Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել` պարետային ժամ հայտարարելով, փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները, իսկ ապրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.