comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԵՆՑ ԱՅՍՊԵ՛Ս ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՆՑ ԱՅՍՊԵ՛Ս ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ...

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Հնուց եկող մի ասացվածք կա. ՙՄինչև երեխան չլացի, մայրը կաթ չի տա՚: Բայց ահա Ստեփանակերտ քաղաքի ծայրամասային Արեշ թաղամասի դեպքում նույնիսկ ժողովրդական այս իմաստությունը չի գործում:

Արեշցիները բազմիցս բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, բայց մնացել են որպես ՙձայն բարբառո հանապատի՚: Կան բազմաթիվ առանձնատներ, որոնց մի մասը հատկացված է բազմաերեխատեր ընտանիքներին, բայց որոնք զուրկ են կենցաղային տարրական պայմաններից: Թաղամասն այս սկսել է կառուցվել 2005-2006թթ.-ից: Ժամանակի ընթացքում թաղամասն աճեց` խնդիրներն էլ հետը: Հենց սկզբից ենթակառուցվածքների ստեղծման խնդիր կար, մինչև այսօր թաղամասը զուրկ է կոյուղագծերից, գազիֆիկացումից, հեռախոսակապից, ասֆալտապատ չէ, արտաքին լուսավորությունը մասնակի է արված, տրանսպորտը գործում է ընդհատումներով: Ռաֆայել Հայրիյանն իր դժգոհությունն է արտահայտում. ՙ2007թ.-ից Արեշում եմ բնակվում: Երբ սկսեցի տուն կառուցել, նույնիսկ ջուր չկար: Արդեն 12 տարի է այստեղ եմ ապրում, խնդիրները շա՛տ-շատ են, ամենասարսափելին կոյուղու հարցն է, այն խայտառակ վիճակում է: Գազի համար կրկնակի գին ենք վճարում, ստիպված ենք բենզալցակայանից գազ գնել: Սուր է մեզ համար նաև տրանսպորտի հարցը: Մենք ապրում ենք թաղամասի փոքր-ինչ խորքում, իսկ երթուղայինը թաղամաս չի մտնում, և ստիպված հաճախակի օգտվում ենք տաքսի ծառայությունից՚:
Նույն թաղամասի բնակչուհի Ռիմա Խաչատրյանը ևս չի թաքցնում իր մտահոգությունը. ՙՏունը սկսել ենք կառուցել 2011-ին, ավարտել ենք 2017-ին: Տեղանքի առումով շատ ենք սիրել այս վայրը, դրա համար էլ այստեղ ենք սկսել տուն կառուցել: Ցավոք, խնդիրներն այստեղ բազմաթիվ են: Ես 3 երեխա ունեմ, և ամեն առավոտ դժվարությամբ ենք հասնում դպրոց: Այստեղ նույնիսկ կանգառ չկա. անձրևոտ և արևոտ եղանակներին երթուղայինին սպասելն անտանելի է՚:
Ստեփանակերտի քաղաքապետարանի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանն իրազեկում է. ՙԻսկապես բնակիչներն ամեն տարի կենցաղային կեղտաջրերի հեռացման, գազիֆիկացման վերաբերյալ ներկայացնում են իրենց բողոքները: Ցավով պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ կապիտալ շինարարության ծրագիր չունենք: Համայնքի միջոցների հաշվին իրականացնում ենք միայն ընթացիկ աշխատանքներ: Իսկ հիմնովին աշխատանքների համար բյուջեն չի ՙձգում՚: Ուստի քաղաքային համայնքը հնարավորություն չունի նաև այս` 2019 թվականին, այդ ծրագրերը կյանքի կոչել: Մենք համագործակցելու խնդրանքով դիմել ենք Քաղաքաշինության նախարարությանը, անցած տարի էլ պետնախարարին` Արեշ և Աջափնյակ թաղամասերի վերաբերյալ, սակայն առայժմ այդ ծրագրերին որևէ ընթացք չի տրվել՚:
Մինչ քաղաքապետարանը վեկտորներն ուղղում է Քաղաքաշինության նախարարության վրա, վերջինս, ի դեմս նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի, շեշտում է. ՙԹաղամասը կառուցվել է առանց ենթակառուցվածքների հարցերը լուծելու: Եթե ժամանակին գլխավոր հատակագծի մեջ ընդգրկվեին այդ հարցերը, հիմա ստիպված չենք լինի ահռելի ջանքեր գործադրել: Ներկայում Արեշ թաղամասի համար ունենք պատվիրված կոյուղու ցանցի նախագիծ, որն ունի երկու մաս: Ընդհանուր նախագծային արժեքը մոտ 150 մլն դրամ է: Ցանցը կընդգրկի նաև նոր հողամասերը, որտեղ, ի դեպ, ևս չկա ոչ մի ենթակառուցվածք, նույնիսկ էլեկտրականություն ու ջուր չկա, բայց այդ վիճակում քաղաքապետարանը շարունակում է այդ տարածքները վաճառել: Կառավարության որոշմամբ հաստատված է, որ 2020 թվականից կսկսվի կոյուղագծերի անցկացում: Պատվիրված է նաև գազիֆիկացման նախագիծ, բայց այն պետք է վերանայվի` կապված գազի գնի փոփոխության հետ: Գազիֆիկացման նախորդ հաշվարկը 50 մլն դրամ էր: 2019թ.-ին այդ խնդրի վերաբերյալ քննարկումներ եղել են, բայց այն դեռ չի համարվել առաջնահերթ: Հուսանք, որ հաջորդ տարի այն կդրվի առաջնահերթ խնդիրների շարքում: Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը. Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ծրագիրն ավարտված է, իսկ քաղաքապետարանը մի շաբաթ առաջ է միայն դիմել նոր հողամասերը ջրով ապահովելու համար: Իսկ հիմա պետք է այդ հողամասերի համար գլխավոր հատակագիծ կազմվի և այդ հարցերը լուծվի: Ճանապարհները ժամանակ առ ժամանակ կոպճապատվում են, սակայն քաղաքապետարանը պիտի իր վրա պատասխանատվություն վերցնի` այդ հարցերը լուծելու համար: Մենք ընդամենը ծրագրերն իրականացնող գերատեսչություն ենք՚:
Պարզ է դառնում, որ այս թնջուկը բացելը բարդ է: Շատ ավելի հուսադրող է, որ թեկուզ փոքր քայլերով, բայց, այնուամենայնիվ, սայլը տեղից շարժվում է: Միայն Արեշ թաղամասի բնակիչները պետք է զինվեն համբերությամբ, հավատով ու սպասումով, որ անորոշ ժամանակներին թողնված իրենց խնդիրները լուծում կստանան: