comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 ԱՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի 74-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձերի կապակցությամբ, սոցիալական որոշ խմբերի տրվում է միանվագ դրամական օգնություն։ 

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ Եռատոնի կապակցությամբ բնակչության առանձին խմբերի համար նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման մասով պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 84 մլն 137 հազ. դրամ։ Որոշման համաձայն՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան 16-հազարական դրամ, արցախյան գոյամարտի հաշմանդամ զինծառայողները՝ 10-հազարական դրամ, Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին և հաշմանդամներին կտրամադրվի 100-հազարական, իսկ նրանց հավասարեցված անձանց՝ 50-հազարական դրամ, նույն պատերազմում զոհվածների այրիներին նույնպես կտրամադրվի 100-հազարական դրամ և այդ շրջանի ԽՍՀՄ մեդալակիրներին (37 հոգի)՝ 11-հազարական դրամ։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ` կառավարության որոշմամբ կատարվել են որոշակի փոփոխություններ և այս տարվանից գումարներ են հատկացվելու նաև ԱՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) և հետմահու ՙՄարտական խաչ՚ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին։ Այդ առումով 40-հազարական դրամ կհատկացվի 226 հոգու։ Բացի դրանից 50-հազարական դրամ կստանան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստին մասնակցած 41 պատգամավոր։
Վճարումներն իրականացվում են մայիսի 1-ից` ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ¬ի կապի բաժանմունքներում, իսկ շրջաններում՝ համապատասխան շրջանային մասնաճյուղերի միջոցով։ Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ ԱՀ մշտական հաշվառում ունեցող անձանց դրամական օժանդակությունը նշանակվում է հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Ս. Իսրայելյանի պարզաբանմամբ՝ Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այն ընտանիքները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։
Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն կստանա 5165 հոգի։