ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
Օրերս հանրապետության առողջապահության նախարարության պլանային ծրագրի համաձայն՝ նախարարի խորհրդատուներ, տարբեր մասնագետ-բժիշկներ (ընդհանուր` 10 հոգի) այցելեցին Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ, որտեղ կայացավ բաց դռների օր։
Տարածքի 10-ից ավելի բնակավայրերից մոտ 300 այցելու հետազոտվեց բարձրակարգ բժիշկների կողմից։ Քաշաթաղի ՙԱրցախ Բունիաթյանի անվան շրջանային բուժմիավորում՚ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց. ծրագիրն իրականություն է դարձել առողջապահության նախարարի առաջարկով, որ բժշկական օգնություն ցուցաբերվի այն բնակիչներին, որոնց բնակավայրերում հիվանդանոցներ չկան։ Նշվեց, որ հիմնականում այն մասնագետ-բժիշկներն են եկել , որոնց կարիքը կա նաև շրջանային բուժմիավորումում՝ ակնաբույժ, քիթ-կոկորդի բժիշկ, գինեկոլոգ և այլն։ Խմբի համակարգող, ուռուցքաբան Արմեն Հայրիյանը նույնպես կարևորեց ծրագիրն այն առումով, որ նման սպասարկումը դյուրին է դարձնում առողջական խնդիրներ ունեցող բնակչության բուժզննումը, հետազոտումը։
Օրվա ընթացքում նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի, համակարգի խորհրդատուների, շրջանների և մայրաքաղաքի բուժական հաստատությունների գործադիր տնօրենների ուղեկցությամբ Մոշաթաղ այցելեց նաև առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը՝ հետևելու բաց դռների օրվան: Նա ընթացքում զրուցեց բուժզննում և հետազոտում անցնող բնակիչների հետ։ Առավել շատ այցելուներ ընդունեց ակնաբույժը, մոտ 100 օպտիկական ակնոց անվճար հատկացվեց այցելուներին: Մանկաբույժ Կարինե Թարխանյանը 40-ից ավելի երեխաների զննեց, այցելեց նաև Մոշաթաղի մանկապարտեզ, ծանոթացավ պայմաններին, հետազոտեց բոլոր երեխաներին։ Մինչ Քաշաթաղի շրջան գալը՝ բժիշկներն այցելել էն Մարտունու շրջանի Բերդաշեն, Հադրութի շրջանի Տող և Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղեր։ Այցելուներին, բացի օպտիկական ակնոցներից, անվճար հատկացվեցին բժշկական այլ պարագաներ։ Այն հարցին՝ ե՞րբ կշահագործվի Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր շենքը, Ա. Բաղրյանն ասաց՝ շինարարությանը զուգահեռ աշխատանքներ են տարվում անհրաժեշտ բուժսարքավորումներ և գույք ձեռք բերելու համար։ Նախատեսած է 2019-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շահագործել նոր շենքը։ Այս մասին հաղորդել էր նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
Մոշաթաղի դպրոցի ուսուցչանոցում նախարարն անցկացրեց արտագնա խորհրդակցություն, որին ներկա էին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի, ծննդատան, ՙԱրևիկ՚ բուժմիավորման գործադիր տնօրեններ Կարեն Բազյանը, Վարդգես Օսիպովը, Մհեր Մուսայելյանը, նախարարության խորհրդատուներ, շրջանների բուժմիավորումների գործադիր տնօրեններ։ Քննարկվեցին երկու հարցեր։ Առաջինը նվիրվեց էր Համահայկական խաղերի անցկացմանը։ Նախարարը տեղեկացրեց, որ այդ օրերին 10000-ից ավելի հյուրեր են գալու մեր հայրենիք, ուստի առողջապահական համակարգը պետք է աշխատի արտակարգ ռեժիմով։ 2-րդ հարցը նվիրված էր առողջապահական համակարգի էլեկտրոնային տարբերակին անցնելու խնդիրներին։ Քաշաթաղի շրջանի Արցախ Բունիաթյանի անվան բուժմիավորման 2018-2019թթ. կատարած աշխատանքներին անդրադարձավ գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը։ Քննարկվեցին այլ հարցեր ևս։ Հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչները նախարարի հետ նաև այցելեցին Մոշաթաղի հարևան Ծիծեռնավանք գյուղի պատմական վանական համալիր Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ եկեղեցի, ծանթացան սրբատան և գյուղի պատմությանը: