comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹԻՄԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԻՄԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի համատեղ նիստը։
Նման ձևաչափով և նման կազմով երկու համասեռ կառույցներն ընթացիկ տարում առաջին անգամ են հանդիպում, ողջույնի խոսքում ասաց ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը։ Քանի որ ՀՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում կադրային փոփոխություններ էին կատարվել, Մ. Վիրաբյանը ներկայացրեց գործընկեր կառույցի նոր անդամներին՝ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին և անդամներ Մեսրոպ Մեսրոպյանին, Սեդա Շահինյանին, Սերգեյ Ավինյանին, Կամո Սարգսյանին և շնորհավորելով նրանց՝ արդյունավետ աշխատանք մաղթեց։
Հանձնաժողովների միջև համագործակցության հիմքը դրվել է դեռևս 2007 թվականից, և այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր, որոնց հիման վրա էլ ըստ տարիների կազմվել են համատեղ աշխատանքային ծրագրեր։ Ընթացիկ տարվա համատեղ աշխատանքային ծրագիրը ստորագրվել է Երևանում՝ ս.թ. մարտի 15-ին։ Համագործակցության առաջին համաձայնագրից առ այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվել պետության կարգավորման գործառույթի ինստիտուտի կայացման, միջազգային կառույցներին ինտեգրման և հանձնաժողովների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ գործընկեր կառույցի հետ իրականացվել են ոլորտները կանոնակարգող իրավական դաշտի՝ էներգետիկայի, ջրային համակարգերի գործունեության, հեռահաղորդակցության բնագավառների կարգավորման աշխատանքներ։ ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի նախագահն առանձնացրեց դրանցից մի քանիսը։ Իրավական կարգավորում է ստացել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը՝ հնարավորինս համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին, ներդրվել են սակագնային քաղաքականության վարման մեխանիզմներ, ընթացակարգեր, ուղեցույցներ։ Աջակցություն է ցուցաբերվել մասնագիտական կողմնորշման, կարողությունների զարգացման և մեթոդաբանության մշակման ուղղությամբ։ Այս տարիների ընթացքում ապահովվել է արցախյան կառույցի մասնագետների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին ու սեմինարներին։ ՙՀաշվի առնելով գործընկեր կառույցների համագործակցության արդյունավետությունը՝ նախատեսում ենք ունեցած ձեռքբերումների հիման վրա շարունակել թիմային համատեղ աշխատանքը, ինչն ավելի գործնական միջավայր կստեղծի խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ լուծման համար՚,- ասաց Մ. Վիրաբյանը։
Իր խոսքում ՀՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց արցախյան գործընկերներին՝ ջերմ ընդունելության և համագործակցության համար։ Գ. Բաղրամյանը հույս հայտնեց, որ երկու կառույցների միջև համագործակցությունն առաջիկայում նոր որակ կստանա, կլինի ավելի արդյունավետ։ ՙԱյն մարտահրավերները, որոնք առկա են Հայաստանի էներգետիկ համակարգում, ոլորտում իրականացվող զարգացումներն ու բարեփոխումները, կարծում եմ, մեր օգնությամբ պետք է իրականացվեն նաև ձեզ մոտ՝ նույն ձևով՚,- ասաց Գարեգին Բաղրամյանը։ Նրա հավաստմամբ՝ Հայաստանում՝ էներգահամակարգում տեղ գտած բարեփոխումները նպատակաուղղված են ոլորտի հուսալիության ու անվտանգության ավելացմանը։ Ի վերջո՝ այդ ամենն ինքնին հանգեցնում, նպաստում է սպառողներին էլ ավելի հուսալի ծառայություններ մատուցելու գործընթանցին։
Նիստի օրակարգը բավականին հագեցած էր. ընդգրկված հարցերի մեծ մասը էներգետիկ համակարգին էին առնչվում։ Հանձնաժողովի կայացրած որոշումներով էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվեց ՙԱրմեն-Շին՚ ՍՊԸ ՙՍպիտակաջուր՚ և ՙԻմաստ՚ ՍՊԸ ՙՀակ-2՚ փոքր հիդրոէլեկտրակայաններին։ Ուժը կորցրած ճանաչվեցին նախկին մի քանի որոշումներ, որոնց արդյունքում ՙԱրցախՀէկ՚ ԲԲԸ ՙՍարսանգ՚ և մի քանի փոքր հիդրոէլեկտրակայններից առաքվող էլեկտրաէներգիայի համար սակագներ սահմանվեցին։ Նույն ձևով սակագներ սահմանվեցին նաև ՙԹԱՐԹԱՌ ԷՆԵՐՋԻ՚, ՙՏՈՒՄ-ՀԷԿ՚ և ՙԷներգո-Սթար՚ ՍՊԸ-ների փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի համար։