ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Երկար տարիներ շարունակ քննարկվում էր, որ Ստեփանակերտի նախկին "Օկտյաբր" կինոթատրոնի տարածքում պիտի կառուցվի մարզամշակութային համալիր: Նախագիծը, որ բավականին թանկարժեք է, ու պետբյուջեի վրա մեծ բեռ կդառնար` կապիտալ շինարարության ծրագրում ընդգրկելու դեպքում, մի քանի անգամ դրվել է տարբեր բարեգործների սեղանին:
Խոսակցություններ կային, որ այն կառուցելու պատրաստակամություն են հայտնել մեկ` Ս. Կարապետյանը, մեկ` Գ. Ծառուկյանը, մեկ Մ. Բաղդասարյանը: Փաստն այն է, որ երկար տարիներ քաղաքի կենտրոնում գտնվող այդ տարածքը շարունակում էր մնալ անբարեկարգ, իսկ Ստեփանակերտի երիտասարդությունն ու հյուրերը` առանց իրենց ժամանցը լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու հնարավորության:
Ամեն պատեհ առիթի մարզահամալիրի կառուցման թեման լրագրողները բարձրացնում էին քաղաքաշինության նախարարի մոտ ու ստանում հերթական` "միջոցներ չկան" պատասխանը:
Անցյալ տարի օգոստոսին մարզամշակութային համալիրի կառուցման գործընթացը վերջապես մեկնարկեց. 3500քմ տարածք զբաղեցնող շինհարթակում ընթանում են երկաթբետոնե կարկասի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացանք շինարարության աշխատանքները վերահսկող Գառնիկ Աբրամյանից, շինությունը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջինում կգտնվեն մարզական օբյեկտները:
Մասնաշենքի երկաթբետոնե կարկասի ավելի քան 10 մետրն արդեն կառուցվել է: Շուտով կանցնեն ծածկին: Նկուղային աշխատանքները սկսել են իրականացնել անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին, և այսօր արդեն երկաթբետոնե աշխատանքների 60 տոկոսը կատարված է, նոյեմբերի սկզբին դրանք կավարտվեն, կմեկնարկեն ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները:
Շինարարությունն իրականացնում է "Եվրոստրոյ" ՍՊԸ-ն, որի տնօրենը Գարիկ Աթայանն է, գլխավոր ճարտարագետը` Տիգրան Ավանեսյանը: Ընդհանուր մարզահամալիրը տեղակայված է լինելու շուրջ 2000 քմ վրա, ունենալու է 800-տեղանոց համերգասրահ` ունիվերսալ դահլիճով, 100-տեղանոց գերժամանակակից թատրոն, բացօթյա ամֆիթատրոն: Երկրորդ մասնաշենքում տեղակայված են լինելու սննդի ու զվարճանքի օբյեկտները, բոուլինգի ու այլ սրահներ, վարչական մասը, պատկերասրահը, այլ օբյեկտներ: Մի խոսքով, այստեղ երիտասարդների համար կլինեն հանգստի և ժամանցի բոլոր հարմարությունները: Ծրագրվում է մարզամշակութային համալիրի շինարարությունն ավարտել հաջորդ տարվա ընթացքում` կախված ֆինանսավորման, եղանակային պայմաններից:
Աշխատանքներում ընդգրկված է 25-30 մարդ. կան ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից հրավիրված մասնագետներ:
Շինարարներն ասում են, որ որևէ խնդրի չեն առնչվում, ցանկացած ապրանք առաքվում է ժամանակին, որպեսզի աշխատանքների ընթացքը չընդհատվի: Ընկերությունը ապահովված է համապատասխան մասնագետներով, ունի անհրաժեշտ քանակի տեխնիկա, այնպես որ այդ առումով էլ խնդիրների չեն բախվում:
Նշենք, որ "Եվրոստրոյ" ընկերությունն ունի բավականին փորձ, համագործակցում է ԱՀ կառավարության, այդ թվում` ՊԲ հետ: Այն իր մասնակցությունն է բերել նաև Թալիշի շինարարության գործում:
Ծրագիրն իրականացվում է "Հայաստան" համահայկական հիմնադրամի խողովակներով` "Տաշիր գրուպ" ընկերության միջոցներով: Նախագիծը պատվիրվել է "Արվեստարքիտեքս" ՍՊԸ-ին, գլխավոր ճարտարապետը` Ս. Եղիազարյան: