ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ՏՈՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սեպտեմբերի 2-ը ոչ միայն արցախցիների, այլև համայն հայության տոնն է։ Տոն՝ ազգի արժանապատվության, տոն՝ պատմական արդարության հաղթանակի։ 1991թ. այդ օրը շրջադարձային եղավ Արցախի ժողովրդի կյանքում՝ ազդարարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը, որը ոսկե տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Արցախի խիզախ ժողովուրդն այդ հռչակագրով արտահայտեց ազատ ու անկախ ապրելու իր վճռականությունը։
Եվ ահա արդեն քսանութ տարի Արցախի ժողովուրդը շարունակում է իր անշեղ ընթացքը՝ կառուցելով ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն։ Կառուցում է, սեփական հողի վրա՝ սեփական ջանքերով օր օրի շենացնելով հայրենի օջախն ու անառիկ պահելով հայրենի երկրի սահմանները։ Դրանք ինչպես դժվարությունների հաղթահարման, այնպես էլ ձեռքբերումների ու արարման տարիներ էին, ինչը հնարավոր դարձավ հայ ժողովրդի հավաքական ուժի և միասնականության շնորհիվ։ Մայր Հայաստանի ու Սփյուռքի հետ միասին Արցախը կարողացավ պատվով իրականացնել իր առաքելությունը՝ պահպանելով պետական անկախությունը և է՜լ ավելի ամրապնդելով սեփական անվտանգությունը։
ԼՂՀ հռչակման օրվան նվիրված տոնակատարությունները հանրապետությունում մեկնարկեցին մի քանի օր առաջ՝ տարաբնույթ միջոցառումներով։ Հարկ է նշել, որ հայության բոլոր հատվածներից այստեղ հավաքված ներկայացուցիչների ոգևորության աճը տարեցտարի էլ ավելի ակնառու է դառնում։
Որպես ավանդույթ՝ մայրաքաղաք Ստեփանակերտում վաղ առավոտից տոնական տրամադրություն ստեղծողները զինվորական շարասյուներն էին՝ իրենց քայլերթով ու հայրենասիրական երգերով։ Դեպի Հուշահամալիր ձգվող մարդկանց հոսքը ստվար էր, իսկ Վերածննդի հրապարակից սկիզբ առած համահայկական երթը՝ առավել խրոխտ ու ինքնավստահ։ Դեպի սրբավայր էին շտապում կրթական հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներ, զինվորականներ, երիտասարդական կառույցների խմբեր... Կարելի է ասել՝ ամեն մեկը յուրովի էր բերել իր մասնակցությունը համազգային տոնին։ Եվ որպես կանոն՝ այդ օրը բոլորն առաջին հերթին հիշում են նրանց, ում գիտակցված մահով ձեռք են բերվել ազատությունն ու անկախությունը, վերականգնել մեր ոտնահարված իրավունքները։ Ու շտապում էին մարդիկ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայոց քաջազուն զավակների հիշատակին, քանզի տոնն ամենից առաջ նրանց սխրանքը գնահատելու, անցյալն արժևորելու խորհուրդ ունի։
Վերածննդի հրապարակից երթին միացան Արցախի Հանրապետության իշխանությունները և Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ ԱՀ պատվիրակության կազմում էին երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ։
Հավերժական կրակի մոտ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պատվո պահակախումբն էր։ Պետական այրերն ու արարողության մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հուշահամալիրի կենտրոնական կոթողի պատվանդանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակների հիշատակը։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին նաև Հուշահամալիրի տարածքում ամփոփված՝ Արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին։
Բարձրաստիճան պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին։
Որ Հռչակագրի ընդունումն անխուսափելի էր՝ հաստատել է ժամանակը։ Այսօր արդեն քսանութամյա Արցախը խրոխտ ու հպարտ քայլերով ընթանում է առաջ՝ դեպի իր պայծառ ու լուսավոր ապագան՝ անկախ այն բանից՝ աշխարհը ճանաչո՞ւմ է իր անկախությունը, թե ոչ։ Այս մասին են վկայում նաև պետական այրերն ու արարողության մասնակիցները՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրվա խորհրդին։
Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԱՀ երկրորդ նախագահ.- Նախ՝ շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այս պանծալի տոնի առթիվ։ Սա հայ ժողովրդի տոնն է, որովհետև ակնհայտորեն դրան հասել և հաղթել ենք պատերազմում միայն ու միայն մեր միասնականության, մեր համախմբվածության շնորհիվ։ Այսօր էլ, քսանութ տարի անց, չի փոխվել օրվա խորհուրդը՝ ազգի միասնական լինելու գաղափարը։ Եվ իմ ամենամեծ ցանկությունն է, որ հայ ժողովուրդը լինի համախմբված, որ բոլորս խփենք նույն մեխին։ Մեր անկախությունը վտանգված է, քանզի շրջապատված ենք մեզ չկամեցող երկրներով։ Վտանգը, հիրավի, շատ մեծ է, և համախմբվածությունն այն անհրաժեշտությունն է, որը հնարավորություն կտա մեզ շարունակել հետայսու ևս հաղթանակներ արձանագրել։
-Պարոն Ղուկասյան, Արցախյան շարժման սկզբնափուլում Մայր Հայաստանին վերամիավորվելու պահանջով էինք դուրս եկել հրապարակ։ Այսօր՝ 28 տարի անց, դարձյալ հրապարակայնորեն հնչեցվում է նույն պահանջը։ Ըստ Ձեզ՝ մենք ինքնորոշվելու խնդիր ունե՞նք։
- Հիրավի, մենք մեր Շարժումն սկսել ենք միացման գաղափարով, և մեր բոլորիս երազանքը միավորումն էր Մայր Հայրենիքին։ Շատերն են երևի հիշում մեր կարգախոսները, ցուցապաստառները... Երբ որ Հայաստանի կողմից մեզ առաջարկվեց հռչակել անկախ հանրապետություն՝ այն մեկ կարևոր նպատակ էր հետապնդում՝ Հայաստանը հեռու պահել ճնշումներից։ Մենք մեծ դժվարությամբ ընդունեցինք այդ գաղափարը, քանզի, կրկնում եմ, մեր երազանքը միացումն էր։ Եվ այսօր, երբ մեղադրում են արցախցիներին, իբր անկախություն են հռչակել և չեն ցանկանում միանալ Հայաստանին՝ աբսուրդ է։ Եթե Հայաստանն ընդունի այդպիսի որոշում՝ Արցախը սիրով կմիանա Հայաստանին։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանը հեռու պահենք ճնշումներից։ Հայաստանը մեր հայրենիքն է, մեր երազանքը: Եվ եթե այսօր Հայաստանը պատրաստ է միացման գաղափարին, վստահ եմ, որ Արցախում այդ առումով որևէ խնդիր չի լինելու։
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ, ՀՀ ԱԺ նախագահ.-Ես շնորհավորում եմ բոլորիս՝ հրաշալի տոնի կապակցությամբ։ Անշուշտ, տարեցտարի ամրացվել են անկախ պետականության հիմքերը, և այսօր ուրախությամբ պիտի փաստենք, որ Արցախի ազատությունն ու անկախությունը բազմաթիվ սերունդների նվիրական երազանքն են եղել, որն էլ իրականություն է դարձել։ Եվ մենք բոլորս պետք է ջանք չխնայենք, փայփայենք ձեռք բերվածը, կարողանանք էլ ավելի ամրապնդել և հասցնել իր տրամաբանական ավարտին։
-Պարոն Միրզոյան, այսօր տարբեր հարթակներից հնչում են հայտարարություններ, որ, իբր, ոմանք փորձում են սեպ խրել Արցախ-Հայաստան կապերի մեջ։ Դուք նման խնդիր տեսնո՞ւմ եք։
-Հնարավոր չէ և որևէ մեկը երբևէ չի կարող սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև։ Դա անհնարին է, անկախ ժամանակից ու առկա քաղաքական այս կամ այն իշխանությունից։ Եվ թող չփորձեն նեղ, անձնական շահերից ելնելով նման հայտարարություններ տարածել։
-Պարոն Միրզոյան, Արցախի ինքնորոշման իրավունքը տարբեր ատյաններում ներկայացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
- Պետք է շարունակենք բոլոր հնարավոր հարթակներում պաշտպանել արցախցիների ինքնորոշման իրավունքը։ Ի վերջո դա մարդու հիմնարար իրավունքներից է, և աշխարհն այսօր, հուրախություն մեզ, գնում է դեպի առաջադիմություն, որի հիմքում մարդու իրավունքն է։ Իսկ ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը ևս այդ հիմնարար իրավունքերի շրջանակներում են։ Եվ ես կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը, հատկապես խորհրդարանականը, բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործի, որպեսզի հենց այս ասպեկտով ներկայացնի խնդիրը, որովհետև ինչքան էլ մեր սրտին մոտ է պատմական արդարության վերականգնումը, միևնույն է՝ պետք է հասկանանք, որ աշխարհն այլ լեզվով է խոսում, աշխարհն իրավունքների լեզվով է խոսում...
Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.
-Օրվա խորհուրդը երիտասարդությունն է, որն այսօր արժանապատիվ կեցվածքով ապրում, ստեղծագործում է։ Քսանութ տարի առաջ Արցախի ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը: 28 տարվա ընթացքում մենք, մեր որոշ սխալներով հանդերձ, պաշտպանեցինք մեր ինքնությունն ու պետականությունը։ Պիտի շարունակենք մեր ճանապարհը, մինչև որ մեր հայրենիքը լինի ամբողջական, ազատ ու անկախ... Վստահ եմ, որ այդ ուղին հաստատ է, և ժողովուրդը տրամադրված է վճռական, ու մենք անպայման հասնելու ենք մեր նպատակին։
Տոնական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ զենքի և ռազմական տեխնիկայի ցուցադրություն, որտեղ ԱՀ պաշտպանության բանակը ցուցադրեց նաև հայրենական արտադրության վերջին զինատեսակները։ Ժամը 14.00-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում տեղի ունեցավ ՙՄարաթուկ՚ ազգագրական երգի ու պարի համույթի համերգը։ Իսկ երեկոյան՝ ժամը 20.00-ին, Վերածննդի հրապարակում կայացավ տոնական համերգ՝ արցախյան համույթների, Շուշան Պետրոսյանի, Գևորգ Հաջիյանի, Գարիկ Պապոյանի, Սոնա Ռուբենյանի և ՙՄարաթուկ՚ ազգագրական երգի ու պարի համույթի մասնակցությամբ։
Տոնական օրվա վերջին ակորդը ճոխ հրավառությունն էր։
Հավելենք, որ նմանատիպ միջոցառումներ տեղի են ունեցել նաև հանրապետության բոլոր շրջաններում ու շրջկենտրոններում։