ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐՄԱՑՆԵԼ ՀՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ
Ս.թ. հուլիսի մեկից Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը վերսկսել էր պեղումները պատմական քաղաքում։ Վաղքրիստոնեական եկեղեցու հարավային բակում մասնագետները գտել են կացարաններ և աշխատանքները շարունակել ոչ թե փոքր՝ ինչպես նախկինում, այլ ավելի ընդարձակ մակերեսով, որ շերտագրական պատկերը հստակ լինի։
Հնագետ Տատյանա Վարդանեսովան կացարանները թվագրում է 12-14 և 14-16-րդ դարերին։ Հատկանշական է, որ պահպանվել են թոնիրն ու հացահատիկի պահպանման համար օգտագործված հորը. ՙՀորի խորությունը 2,1 մետր է, լայնությունը՝1,3 մետր։ Պետք է ասել, որ բավականին ամուր են այն կառուցել, տպավորություն է, որ հորի ներսը բետոնապատված է՚։
Մեզ հետ զրույցի ընթացքում նշվեց, որ մասնագետները ջնարակ գտածո են հայտնաբերել՝ արծվի պատկերով խեցեղեն։ Հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքով՝ Տիգրանակերտը տարեցտարի փաստում է, որ միջազգային քաղաքակրթական մասշտաբի հնավայր է: ՙՏիգրանակերը ոչ թե քաղաք էր միայն, այլ մեծ տարածաշրջանի կազմակերպիչ։ Մենք տեսնում ենք երկու եկեղեցի այստեղ, մեկ եկեղեցի` Վանքասարի գագաթին, և այս օրերին Ցից սարի գագաթին պեղում ենք կամ մատուռ կամ դամբարան։ Եվ եթե նկատի ունենանք Խաչենագետի եկեղեցական համալիրը նույնպես, ապա կարող ենք ասել, որ վաղ քրիստոնեության ժամանակ քաղաքը գոնե փորձել է կազմակերպվել որպես տարածական մեծ միավոր՚,-նկատել է տալիս արշավախմբի ղեկավարը։
Տիգրանակերտում պեղումներն ավելի մեծ ծավալով շարունակելու համար պետությունն այս տարի 10-ի փոխարեն հատկացրել է 18 միլիոն դրամ։ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կարծում է, որ ֆինանսավորման դրական դինամիկան կշարունակեն հաջորդ տարիներին. ՙՄենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Տիգրանակերտի պեղումները շարունակվեն, և Տիգրանակերտն իր նյութերով հիացնի ոչ միայն մեր հայրենակիցներին, այլ նաև Արցախ այցելող զբոսաշրջիկներին՚,-նշել է Լ. Հովհաննիսյանը։
Պատմական քաղաքի անտիկ թաղամասից ոչ հեռու արշավախումբը պեղել է երկրորդը. մասնագետներն այսպես են թվագրում, որ գտածոները համեմատեն ուսումնասիրությունների համար։ ՙԽաչենագետի ներքնահովտի ճարտարապետությունը՚ թեմայով դոկտորական ատենախոսության հեղինակ, ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանի գնահատմամբ՝ անտիկ շրջանում կառուցվածի վրա հետագայում վեր են խոյացել միջնադարյան պատերը. սենյակներն ուղղանկյունաձև են, երկար չափսերի՝ մինչև 6 մետր երկարությամբ և 3,2 կամ 4,5 մետր լայնությամբ։ Այս սենյակները հետագայում ՝ անտիկ դարաշրջանի մեկ այլ փուլում կարծես թե մանր պատերով տրոհվել են։ Պատերի վերին՝ միջնադարյան շերտը կառուցվել է ավելի փոքր քարերով։
Ըստ հնագետ Ինեսսա Կարապետյանի՝ անտիկ թաղամասում պեղումների շարունակությունը շերտագրական պատկերի իմաստով նույնպես արդյունավետ է։ Հուսով է, որ կհասնեն Տիգրան Մեծի ժամանակներում կառուցված պատերին։ Նախանշաններ մասնագետը տեսնում է. ՙԱնսպասելին և շահեկանն այն է, որ այստեղ շերտագրական պատկերը, կարծես, ավելի փաստացի է, և մենք, բնականաբար, նյութերը համապատասխանեցնում ենք ժամանակին։ Եթե առաջին թաղամասում հիմնականում նյութով էինք որոշում, ապա այստեղ արդեն կողմնորոշվում ենք շերտագրական պատկերով։ Դա հաստատում է բերում մեր ասածներին՚,-ասում է հնագետը:
Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատը շարունակում է զարմացնել հնագետներին ու զբոսաշրջիկներին։ Պեղումների հերթական փուլում արշավախումբը բացել է պարսպի ևս 12-մետրանոց հատված։ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ որոշ տեղերում տեսանելի են եռաշարք քարերն ու ծիծեռնակապոչ կապերը. ՙՍրբատաշ քարերի շարվածքն ուղղակի հիանալի է։ Ի դեպ, այս անգամ փորձում ենք համագործակցել երկրաբանների հետ` հատկապես երկրաշարժերի հետ կապված։ Ուզում եմ ասել, որ Տիգրանակերտի ամրաշինական համակարգը հիանալի սեյսմակայունություն ունի, ինչը փաստում է, որ կառուցելիս ճիշտ միջոցառումներ են կատարվել։ Այդ վկայությունները մենք ամեն օր կարող ենք տեսնել՚,-նշում է Հ. Պետրոսյանը:
Կարասային թաղման դամբարանադաշտում հնագիտական արշավախումբն առաջին անգամ մագնիսական սկանավորում է կատարել։ Այն թույլ է տալիս առանց փորելու հասկանալ գտածոյի վայրը երկրի մագնիսական դաշտի արհեստական փոփոխության շնորհիվ։