ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույց Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
- Պարոն Սարգսյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Ձեր թեկնածությունն առաջադրելով Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնի համար։
- Որոշումս պայմանավորված է նրանով, որ իմ գիտակցական կյանքի ողջ ընթացքում, ինչպես նաև աշխատանքի բերումով, լինելով անշարժ գույքի գնահատման ընկերության հիմնադիրն ու տնօրենը, ամեն օր, ամեն ժամ շփվելով քաղաքացիների հետ, հնարավորություն եմ ունեցել տեղեկանալ նրանց մտահոգող հարցերին: Բացի այդ, աշխատանքի բերումով եղել եմ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում, քաղաքացիների բնակարաններում և առանձնատներում, ծանոթացել ամեն մի անկյան ու խնդրի: Դա է պատճառը, որ առավելագույնս տեղյակ եմ քաղաքում առկա խնդիրներին, ավելին? հստակ պատկերացնում եմ դրանց լուծման ուղիները և ունեմ մեծ ներուժ ու թիմ? քաղաքի մեծ ու փոքր խնդիրների լուծման համար, ինչը և հիմնական պատճառն է իմ որոշման: Բարձրագոչ բառեր չեմ ուզում հնչեցնել, պարզապես ուզում եմ օգտակար լինել իմ քաղաքին, նրա բնակչությանը:
- Ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը: Առաջնահերթ ի՞նչ խնդիրների եք ուշադրություն դարձնելու:
- Առաջնահերթ քայլս լինելու է քաղաքապետարանում գործունյա թիմ ձևավորելը, այսինքն` պետք է լուծել կադրային քաղաքականության հարցը, համակարգը համալրել բանիմաց կադրերով, հստակեցնել, դյուրին դարձնել քաղաքապետարան-քաղաքացի կապը, ներդնել էլեկտրոնային և մեկ պատուհանի համակարգերը: Կան բազում կենցաղային խնդիրներ, որոնք տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում: Բոլոր կետերն էլ կարևոր նշանակություն ունեն? սկսած քաղաքի կառավարման համակարգից, քաղաքաշինությունից, սոցիալ-տնտեսական զարգացումից, բնապահպանությունից մինչև կանաչապատում: Առավել հրատապներից կնշեի քաղաքում վտանգավոր, հակասանիտարական վիճակ ստեղծող, բաց հոսող կոյուղագծերը, արդիականացման ու լայնացման կարիք ունեցող ճանապարհները, շենքերի վթարային տանիքները, հանրային սանհանգույցների բացակայությունը: Բոլոր այս և էլի շատ խնդիրներ ֆիքսված են մեր նախընտրական ծրագրում. ընտրվելու դեպքում հենց այս խնդիրներն եմ առաջնահերթության կարգով փորձելու լուծել:
- Ավագանու ինստիտուտը, կարելի է ասել, մեզ մոտ դեռևս լիարժեք կայացած չէ: Ի՞նչ եք նախատեսում, ինչպե՞ս եք պատկերացնում ավագանու հետ Ձեր համագործակցությունը:
- Միանշանակ համաձայն եմ, ավագանու ինստիտուտը դեռ կայանալու տեղ ունի: Իմ կարծիքով՝ այս ընտրությունները պետք է մեկ քայլ առաջ լինեն, ու ընտրված ավագանու անդամներն իրենց գիտակցությամբ, պահվածքով, կեցվածքով քաղաքի հոգսերով մտահոգ մարդիկ լինեն? քաղաքի հին ավանդույթներին ու արժեքներին ծանոթ անհատներ, որոնց հետ քաղաքապետարանի համագործակցությունը կծառայի ի շահ Ստեփանակերտի ու նրա բնակիչների:
- Ինչպիսի՞ Ստեփանակերտ ենք ունենալու 5 տարի հետո։
- Ընտրվելու դեպքում մեր թիմը խոստանում է հինգ տարի հետո ունենալ ավելի հարմարավետ, ավելի գեղեցիկ, բարեկարգ, մաքուր, երիտասարդական ու ժպիտներով լի Ստեփանակերտ ոչ միայն ստեփանակերտցիների, այլ նաև նրա այցելուների համար:
- Ձեր խոսքն ընտրողներին։
- Ընտրողներին կասեմ հետևյալը. հարգելի՜ ստեփանակերտցիներ, այս մեկ ամսվա ընթացքում ձեզ հնարավորություն է տրված ծանոթանալու բոլոր թեկնածուների հետ, լսել նրանց ակնկալիքները թե՜ քաղաքի հետագա զարգացման, թե՜ առկա խնդիրների լուծման եղանակների և միջոցների վերաբերյալ, որոշել? ում վստահել, և ձեր քվեն տալ հենց այն թեկնածուին, ում հետ կապում եք մեր քաղաքի ապագան: Ընտրությունը ստեփանակերտցունն է, և հենց նա պիտի որոշի? ում ընտրել: Այստեղ կցանկանայի հավելել, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ ես շարունակելու եմ իմ ներդրումն ունենալ քաղաքի զարգացման գործում: