Արցախում ՏԻՄ ընտրություններ են
Սրբուհի Վանյան
Այս պահին Արցախում ընթանում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս ընտրություններում առավելապես մեծ է ուշադրությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի և ավագանու անդամ դառնալու համար պայքարողների նկատմամբ:
ՙԱզատ Արցախ՚-ը վաղ առավոտից շրջայցեր է կատարում Ստեփանակերտի ընտրատեղամասերում, հետևում ընտրությունների ընթացքին, քվեարկողների տրամադրությանը:
Քաղաքապետի պաշտոնի համար, ինչպես հայտնի է, հինգ թեկնածու է պայքարում: Նրանցից ամենավաղն ընտրատեղամաս է այցելել Ստեփանակերտի քաղաքպետի թեկնածու Արայիկ Ավանեսյանը: Նա քվեարկել է մայրաքաղաքի թիվ 11 դպրոցում, որտեղ տեղակայված են թիվ 2/8 և 2/9 ընտրատեղամասերը: Քվեարկել է հանուն ՙմեր բալիկների վառ ապագայի՚: Ընտրվելու դեպքում առաջին քայլերը, ինչպես նշել է, կլինեն նախընտրական խոստումների իրա•ործումը` ըստ առաջնահերթությունների: Իսկ թե ինչպիսին է տեսնում Ստեփանակերտը` հինգ տարի անց, քաղաքապետի թեկնածուն պատասխանել է կարճ` այնպիսին, ինչպիսին նշված է նախընտրական ծրագրի վերջին կետում:
2/8 ընտրատեղամասի նախագահ Ռուզաննա Մելքումյանը տեղեկացրեց, որ բոլոր գործընթացներն ընթանում են օրենքի և ընթացակարգերի համաձայն. ճիշտ ժամին բացվել է տեղամասը, կատարվել է աշխատանքի բաշխում: Առավոտյան ժամը 10-11-ի դրությամբ այդ և նույն դպրոցում տեղակայված մյուս տեղամասում խախտումներ չէին արձանագրվել, որևէ խախտում կամ դժգոհություն չեն գրանցել նաև դիտորդներն ու թեկնածուների վստահված անձիք: Նշված ժամանակահատվածում քվեարկողների մեծ ակտիվություն դեռևս չկար. տեղամասերից յուրաքանչուրում քվեարկածների թիվը հասնում էր մոտ մեկ հարյուրյակի: Ռ. Մելքումյանը նշեց, որ բավականին շատ են դիտորդները. 2/8 տեղամասում մեր այցելության պահին 4 դիտորդ կար և 7 վստահված անձ: Դիտորդներից Տաթևիկ Պողպատյանը, ով ներկայացնում էր Transparency International կազմակերպությունը, նշեց, որ այդ պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է ընթանում, մանրամասներ չցանկացավ հայտնել, նշելով, որ կազմակերպությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Վստահված անձիք` Գ. Խաչատրյան` Ա. Հակոբյանի վստահված անձ, Ն. Բաբայան` Գ. Սահակյանի վստահված անձ, Մ.Վարդանյան` Դ. Սարգսյանի վստահված անձ, Ս. Սարգսյան` Ա. Ավանեսյանի վստահված անձ, Ա. Զաքարյան` Ա. Ավագյանի վստահված անձ, այդ ընթացքում որևէ օրինախախտում չեն նկատել. միակ վերապահումը ընտրողների ոչ այնքան ակտիվ հոսքի վերաբերյալ էր:
Այստեղ քվեարկել է նաև գործող փոխքաղաքապետ Ս. Թամրազյանը, ով Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Ա. Հակոբյանի նախընտրական շտաբի պետն է: Նա նշել է, որ բարձր տրամադրությամբ է եկել իր քաղաքացիական պարտքը կատարելու և վստահ է, որ իրենց թեկնածուի ընտրության դեպքում Ստեփանակերտը կլինի ավելի բարեկարգ, իսկ ստեփանակերտցիները` առավել բարեկեցիկ կյանքով կապրեն: