ՄԵՂՐԻ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջվարչակազմի նախաձեռնությամբ, աջակցությամբ և ֆինանսավորմամբ Քարվաճառում կայացավ Մեղրի առաջին փառատոնը, որին ներկա էին հանրապետության առաջին դեմքերը` Նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախարարներ, պատգամավորներ, շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հայտնի է, որ Քարվաճառը բարձրորակ մեղրի արտադրման համբավ ունի: Եվ ինչպես նշում է շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանը, պատահական չէ, որ հենց Քարվաճառը դարձավ Մեղրի փառատոնի անցկացման առաջին և մշտական վայրը:
Ի տարբերություն նախորդ օրերի անձրևոտ եղանակի, շաբաթ օրն արևոտ ու պայծառ էր: Կազմակերպիչներն էլ ջանացել են, որ փառատոնին ներկայանան հանրապետության բոլոր շրջանները, յուրաքանչյուրն իր արտադրանքով: Քարվաճառի հանրակրթական դպրոցի ընդարձակ տարածքում գեղեցիկ զարդարված տաղավարներում տեղավորվել էին մեղր արտադրողները` այցելուներին առաջարկելով ոչ միայն մեղրի զանազան տեսակներ, այլ դրա հետ մեկտեղ նաև այլ գյուղմթերք` միս, կաթնամթերք, մրգեղեն: Եվ ինչ փառատոն` առանց ազգային խոհարարության ամենատարածված ուտեստների` խորովածի, ժենգյալով հացի և կուրկուտի: Համտեսել ցանկացողների պակաս չկար: Իսկ Մարտունու շրջանը ներկայացնող մեղվաբույծը այցելուներին հյուրասիրում էր ոչ միայն մեղրով, այլև մեղրից թորած օղիով:
Արևի շողերից շողշողացող քաղցրահամ ու գեղեցիկ փաթեթավորված մեղրն ուղղակի աչք էր շոյում: Կարելի էր համտեսել ու գնել, կամ պարզապես հիանալ մթերքի առատությամբ: Տարբեր շրջանների մեղվաբույծները միակարծիք էին` տարին մեղրի արտադրանքի առումով հաջող էր:
Իսկ այցելուներին ուղեկցում էին մեղվին խորհրդանշող զգեստով երեխաները` օգնելով այցելուներին գտնել ուզած մթերքը:
Այս ամենին միացան մշակույթի գործիչները: Յուրաքանչյուր շրջան ներկայացնում էր իր մշակույթը: Համույթները, երգիչները, երաժիշտները, պարախմբերը` ազգային երգերով, պարերով էլ ավելի էին բարձրացնում մարդկանց տրամադրությունը, աշխուժացնում փառատոնին տիրող տոնական մթնոլորտը:
Կազմակերպիչներն առանձին տաղավարներ էին տրամադրել նաև արվեստագետներին` ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպելու համար: Յուրաքանչյուր շրջանում գործող արվեստի դպրոցների, ստեղծագործական կենտրոնների աշակերտների, անհատների աշխատանքներն ուշադրություն էին գրավում իրենց գունային ներկապնակով, վարպետորեն և սիրով կատարած գործերով:
Մի խոսքով, փառատոնի մի քանի ժամերն անցան աննկատ ու հագեցած: Մեղրի առաջին փառատոնը կարելի է համարել հաջողված` միակարծիք են թե՜ այցելուները և թե՜ կազմակերպիչները: Փառատոնի նպատակն էր աջակցել արտադրանքի իրացմանը, դրանով իսկ խթանել մեղվաբուծության զարգացումն Արցախում: Ըստ մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանի, կազմակերպիչները փառատոնի անցկացումը գնահատել են բավարար: Մեղրի փառատոնը ներկայացնում էր շրջանի դեմքը և այն էլ` բավականին բարձր մակարդակով: Այս ամենի հանրագումարում կարելի է արձանագրել. շրջանն ունի այն ներուժը, որը հնարավորություն կտա փառատոնն անցկացնել ամեն տարի, ինչն էլ կխթանի շրջանի ընդհանուր զարգացման գործընթացը: