ՖՐԵԶՆՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՙՉԵՎԻ ՉԵՍՏ՚-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բժշկական առաքելության և ՙՉեվի Չեստ՚ կազմակերպության մասնագետները հերթական անգամ Արցախում կազմակերպեցին ՙԲաց դռների օր՚, որի շրջանակներում իրականացրին բժշկական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, վիրահատական միջամտություններ։ Հոկտեմբերի 6-11-ն ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում, ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, ՙԴենտեքս Դենտալ՚ ատամնաբուժարանում և Մարտակերտի շրջանային բուժմիավորումում Արցախի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերեցին ոչ միայն հայ, այլև այլազգի բուժաշխատողներ։ Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին, խմբի անդամներին և ՙՉեվի Չեստ՚ կազմակերպության մասնագետներին ընդունել են Նախագահ Բակո Սահակյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը: Նրանք բարձր են գնահատել նման մարդասիրական առաքելությունը, մեծ պատրաստակամությունը հայրենակիցներին օգնելու հարցում։ Նման բժիշկ-մասնագետների այցերը նաև նպաստում են հանրապետությունում բժշկական ծառայության որակի բարձրացմանը։
Ֆրեզնոյի բժշկական առաքելության խմբի համակարգող Վաչե Վասիլյանը տեղեկացրեց, որ հերթական անգամ 28 հոգուց բաղկացած` ընդհանուր վիրաբույժ, մանկաբույժ, ատամնաբույժ, ակնաբույժ, սրտաբան և այլ նեղ բժիշկ-մասնագետները ցուցաբերեցին ոչ միայն մասնագիտական բարձրակարգ օգնություն, այլև տեղի բուժանձնակազմի հետ կիսվեցին իրենց փորձով, վերջին սերնդի նորարարական մեթոդներով։ Բժիշկների մարդասիրական խումբն Արցախի առողջապահության ոլորտին նվիրաբերեց նաև դեղորայք, բուժսարքավորումներ։ Նշյալ օրերին, բացի նախօրոք հերթագրված անձանցից, հետազոտվում էին այլ դիմողներ ևս։ Բժիշկներն առավոտյան ժամը 8-ից մինչև ուշ երեկո, բացի հետազոտություններից, իրականացնում էին բարդ վիրահատություններ։ Կային գինեկոլոգիական վիրահատություններ, որոնք եթե տեղի բժիշկները կատարում էին երկու ժամում, ապա արտերկրի մասնագետների նորարարական մեթոդների շնորհիվ դրանք արվում էին ընդամենը 15 րոպեում։ Նույնիսկ այնքան շատ էին գինեկոլոգիական խնդիրներով վիրահատական միջամտությունները, որ ամերիկացի բժիշկն առաքելության խմբի ղեկավարին խնդրեց մեկ օր ևս մնալ Արցախում:
Վիրաբույժ Վան Պողոսյանը հերթական անգամ կատարեց բացառիկ վիրահատություններ։ Նրա կարծիքով, տեղի մասնագետները բանիմաց ու գրագետ են, սակայն կարիք ունեն հմտանալու և տեղեկանալու ոլորտի նոր մեթոդներին։ Ֆրեզնոյի հայ օգնության միության մասնաճյուղի աջակցությամբ դեղորայք և բուժսարքավորումներ նվիրաբերվեցին նաև շրջանային բուժհաստատություններին, մասնավորապես` Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոցը համալրվեց ատամնաբուժական նոր սարքավորումներով, նյութերով։ ՙՉեվի Չեստ՚ կազմակերպության ակնաբույժ Մերելի Համբարյանն արդեն երկրորդ տարին է Արցախում մարդասիրական առաքելությամբ։ Նրա խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում առավել տարածված են կատարակտա և գլաուկոմա ակնաբուժական բարդությունները։ ՙՄենք բերել ենք անհրաժեշտ սարքավորումներ, որպեսզի նոր եղանակներով իրականացնենք ակնաբուժական վիրահատական միջամտությունները։ Ամեն օր հետազոտել ենք 30-50 հիվանդի և անհրաժեշտության դեպքում կատարել վիրահատություններ։ Տեղի մասնագետներն էլ սկսել են այդ նոր մեթոդներով կատարել վիրահատությունները, ինչի շնորհիվ հիվանդի տեսողությունն ավելի արագ է վերականգնվում, վիրահատական ու հետվիրահատական ընթացքն ավելի ապահով է ընթանում՚,- նշեց Մ. Համբարյանը։
ՙՉեվի Չեստ՚ բժշկական խմբի ղեկավար Ռաֆի Սարգսյանի խոսքով` 6 ամիս առաջ տեղեկացել են բուժօգնության կարիք ունեցող անձանց խնդիրների մասին և իրենց հետ բերել անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Հետազոտության ընթացքում դեղորայքի կարիք ունեցողները տեղում ստացել են անհրաժեշտ դեղաչափերը։ Բժշկական այս խմբի համակարգողները մտադիր են հաջորդ տարի աշխատանքների մեծ մասը կազմակերպել Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, որովհետև այնտեղ նորարարական մեթոդներով վիրահատական միջամտություններ իրականացնելու կարիք շատ կա։
;