ՔԱՂԱՔՆ՝ ԻՐ ԲԱԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ
ՙԵթե Ղարաբաղը ոսկե մատանի է, Հադրութը նրա ադամանդե ակն է՚
Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ
Հադրութ անունը պարսկական ծագում ունի, որը նշանակում է երկու գետերի միջակայք։ Իրոք, Հադրութի երկու կողմերից հոսում է երկու գետ, որոնք անվանվում են ՙԳյունե գետ՚ և ՙՂուզե գետ՚։ Այդ գետերն առաջանում են բազմաթիվ աղբյուրներից, որոնք հոսում են արևմտյան լեռներից։ Դրանք իրար են միանում Հադրութի վերջնամասում, Խոր աղբյուր կոչվող տեղամասում։
Հադրութը Արցախի Դիզակ գավառի հնագույն բնակավայրերից է։ 1923 թվականից այն շրջանի վարչական կենտրոնն է։ Մակար Բարխուդարյանցի վկայությամբ` Հադրութի մի մասի բնակիչները բնիկ են, իսկ մի մասը գաղթել է Ղազանչիից (Գողթն գավառ), Բարգաշատից, Թիֆլիսից, Ցորից։ Մինչև 1961 թվականը Հադրութն ուներ գյուղական բնակավայրի կարգավիճակ։ 1961 թվականին Հադրութը ստացավ ավանի կարգավիճակ և իր մեջ ներառեց Թաղասեռ, Վարդաշատ, Տյաք, Վանք , Կարմրակուճ, Այգեստան և Նորաշեն գյուղերը։ 1995 թվականին այդ գյուղերն առանձնացվեցին և կազմեցին առանձին գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսություններ (ԳԿՏ)։ Այնուհետև Հադրութը քաղաքի կարգավիճակ ստացավ։ Ի դեպ, ավանի կարգավիճակ ստանալուց հետո արագ թափ ստացավ ինչպես բազմաբնակարան, այնպես էլ անհատական բնակարանաշինարարությունը։ Կառուցվեցին կուսակցության շրջկոմի, շրջխորհրդի գործկոմի վարչական շենքերը, 50-տեղանոց հյուրանոցը, մշակույթի տունը, 120 մահճակալատեղով հիվանդանոցը, այլ շենքեր ու շինություններ։ 1974-1976 թվականներին կառուցվեցին քաղաքի ներքին ջրատար ցանցը, ջրամբարը, պոմպակայանը, փորվեցին արտեզյան ջրհորեր։ Այնուհետև կառուցվեցին Պարզագետ և Արջին աղբյուր ջրատարները։ Անցկացվեց քաղաքի կոյուղու ցանցը։ Քաղաքը լրիվությամբ գազիֆիկացվեց։ Բարեկարգվեցին, լուսավորվեցին ու ասֆալտապատվեցին մի շարք փողոցներ։ Շրջկենտրոնն ու նրա շրջակայքը հարուստ են բազմաթիվ տեսարժան վայրերով։ Տեղում հանդիպող տասնյակ հուշարձանների բեկորները վերաբերում են թե՜ հեթանոսական և թե՜ վաղ քրիստոնեական և միջնադարյան շրջաններին։ Արևելյան մասում կա 5 գերեզման։ Տեղացիներն այդ գերեզմաններից մեկն անվանել են Կռապաշտի հանգստարան, կամ Հին հանգստարան, որտեղ թաղումներ չէին իրականացնում։ Հյուսիսարևելյան մասում, 1,5 կմ հեռավորության վրա նկատվում են շատ հին բերդապարիսպների հետքեր։ Հադրութ քաղաքում է գտնվում Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ Վանք գյուղի տարածքում` Սպիտակ խաչ վանքը, որը կառուցվել է 14-րդ դարում։ Բարերար Միքայել Բաղդասարովի հովանավորությամբ վերանորոգվել է Սուրբ Հարություն եկեղեցին։
Որպես ավանդույթ` ամեն տարի օգոստոսի 15-ին նշվում է Հադրութ քաղաքի վերածննդի և Առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օրը, որը միշտ տոնվում է նոր կառուցված Ազատության հրապարակում։ Արցախյան գոյամարտում և Ապրիլյան քառօրյա պատերազմում Հադրութ քաղաքից զոհվել է 79 ազատամարտիկ։ Մեծ Հայրենականում Հադրութից զոհվել է 200 հոգի։ Նրանց հիշատակին Հադրութի հուշահամալիրում կանգնեցված են հուշարձաններ։
Վերջին տարիներին Հադրութը շատ է փոխվել։ Շրջկենտրոնում բազում ծրագրեր են իրականացվել։ Հադրութի նորընտիր քաղաքապետ Վահան Սավադյանը համարում է, որ քաղաքը կենդանի ու բարդ օրգանիզմ է, որտեղ ամեն օր խնդիրներ են լուծվում, նոր խնդիրներ առաջանում։ Իսկ դրանք պարզ են` ապահովել քաղաքային կյանքի բնականոն ընթացքը, բարելավել բնակչության կենսապայմանները, հարմարավետ միջավայր ստեղծել ինչպես աշխատելու, այնպես էլ հանգստի համար։ Ըստ քաղաքապետի` այսօր լուծում պահանջող կարևոր խնդիրներից են կողուղու ցանցի արդիականացումն ու մաքրման կայանի շինարարությունը, քաղաքի փողոցների ասֆալտապատումն ու բարկարգումը, երիտասարդ ընտանիքներին