ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Փետրվարի 28-ին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Մանուշ Մինասյանը ԶԼՄ-ներին ներկայացրեց Արցախի 2019թ. սոցիալ-տնտեսական ընդհանուր պատկերը։ Մամուլի ասուլիսին նա անդրադարձավ Արցախի տնտեսության զարգացման հիմնական ցուցանիշներին և հավաստեց, որ այդ զարգացումը միշտ էլ ընթացել է օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված որոշակի սահմանափակումներով։ Դրանով հանդերձ, Արցախում վերջին տարիներին արձանագրվել է միջինում տարեկան 10,4 % աճ։ Աճի ցուցանիշները Մ. Մինասյանը պայմանավորեց տնտեսության հիմնական ճյուղերում արձանագրված դրական տեղաշարժերով։ Դրանք հանգեցրել են համախմբված բյուջեի եկամուտների ավելի քան չորս անգամ աճի, ընդ որում` հարկային եկամուտներն աճել են 15,8 անգամ, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2,6, միջին անվանական կենսաթոշակը՝ 2,3 անգամ։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության 2019թ. սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների վերլուծությանը, Մ. Մինասյանը նշեց, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2019թ. կազմել է 342,5 մլրդ դրամ, 2018թ.` 310,3 մլրդ դրամի փոխարեն։ ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 110,3%, ինդեքս-դեֆլյատորը` 100,1։ 2019թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 2 մլն 307,6 հազ. դրամ, 2018թ.՝ 2 մլն 103,3 հազ. դրամի դիմաց: ՀՆԱ-ի արձանագրված 10,3% հավելաճի տեմպի 5,4%-ն ապահովել են առևտրային և այլ ծառայությունները, 4,4%-ը՝ արդյունաբերությունը, ներառյալ էներգետիկան, 2,2%-ը` շինարարությունը:
2019թ. ԱՀ-ում փաստացի գներով թողարկվել է 165 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել 164,3 մլրդի պատրաստի արտադրանք: 2018թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 140,1%, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում` 97,2%, մշակող արդյունաբերության` 270%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 114,9 % և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 85%: Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2019թ. փաստացի գներով կազմել է 70,6 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2018թ. համեմատ, համադրելի գներով, նվազել է 3,7%-ով` պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի նվազմամբ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 43,6%-ը բաժին է ընկել բուսաբուծության, 56,4%-ն անասնաբուծության ճյուղին: Նշյալ արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է մսի (36,7%), հացահատիկի և հատիկաընդեղենի, ներառյալ եգիպտացորեն (19,5 %), կաթի (13,4 %) արտադրությանը: Դիտարկվող ժամանակահատվածում հանրապետությունում սպանդի համար իրացվել է 15,2 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա համեմատ աճը՝ 3,7%), արտադրվել է 44,2 հազ. տոննա կաթ (աճը՝ 3,1%), 47,3 մլն հատ ձու (նվազելով 1,6%-ով) և 205 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 15,4 %):
Ինչ վերաբերում է շինարարության ծավալներին, ապա 2019թ. հանրապետությունում իրականացվել է 64,6 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 23,1%-ով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 90,9%ը: Շինարարության 42,6%-ը կատարվել է կազմակերպությունների, 41,5%-ը` պետական բյուջեի, 7,2%-ը` այլ միջոցների, 4,3%-ը` բնակչության միջոցների, 3,1%-ը` մարդասիրական օգնության, 1,1%-ը` արտաբյուջետային միջոցների և 0,2%-ը` համայնքների միջոցների հաշվին:
Տրանսպորտի ոլորտում վիճակագրական ցուցանիշներով՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1140,7 հազ. տոննա, որը 2018թ. նկատմամբ աճել է 10,6%-ով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2019թ. կազմել է 60,3 մլն տոննա/կմ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9,1%-ով: Տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 22,2մլն մարդ` աճը նախորդ տարվա համեմատ կազմելով 6%, իսկ ուղևորաշրջանառությունը կազմել է 218 մլն ուղևոր/կմ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,4%-ով: Մայրուղային-խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 38,4 հազ./տ., նախորդ տարվա համեմատ աճել է 12%-ով:
Մ. Մինասյանը ներկայացրեց նաև առևտրաշրջանառության, գների, կապի և այլ ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալները։ Այնուհետև, անդրադառնալով 2019թ. տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձին, նշեց, որ այն կազմել է 175,5 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 8,9 %-ով, ընդ որում` պետական հատվածում կազմել է 169,6 հազ. դրամ, ոչ պետական հատվածում՝ 187,2 հազ. դրամ: Միջին ամսական իրական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 8,1%-ով: Սահմանված նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ կազմել է 31,3%, իսկ նվազագույն սպառողական բյուջեի նկատմամբ` 91,9%:
Տնտեսական գործունեության սուբյեկտների մասով, ըստ ԱՀ արդարադատության նախարարության տվյալների, 2019թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 1251 սուբյեկտ, ընդ որում՝ 278 կազմակերպություն և 973 անհատ ձեռնարկատեր: ԱՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած ցուցանիշներով՝ 2019թ. համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 61,4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 10,6%-ով: Ծախսերը կազմել են 113 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6,9%-ով: 2020թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի), վարկերը կազմել են 192,8 մլրդ դրամ և 2019թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 15,2 %-ով:
Ժողովրդագրության ցուցանիշներով՝ 2019թ. հանրապետությունում ծնվել է 2119 երեխա։ Գրանցվել է բազմապտուղ 32 ծնունդ՝ նախորդ տարվա 26-ի դիմաց: Բազմապտուղ ծնունդներից 32-ը երկվորյակ են: Մեռելածինների թիվը փոքր-ինչ աճել է, ընթացիկ տարում կազմել է 12 երեխա՝ նախորդ տարվա 8 երեխայի դիմաց: 2019թ. ծնվածների դիտարկմամբ՝ ունենք առաջնածին 682 երեխա (ծնվածների 32,2%-ը), ընտանիքում ծնված երկրորդ 672 երեխա (ծնվածների 31,7%-ը), ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ 765 երեխա (ծնվածների 36,1%-ը): Երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը եղել է շուրջ 28 տարեկան, ընդ որում` առաջնեկ ունեցող մոր միջին տարիքը՝ մոտ 25 տարեկան:
Ծնված երեխաների անվանակոչման դիտարկումներով՝ աղջիկների համար նախընտրվել են՝ Նարե (46 դեպք), Մարիա (44), Մարիամ (40), Անի և Աննա (32-ական դեպք), տղաների համար՝ Գոռ (77), Դավիթ (65), Տիգրան (48), Մարկ (44), և Նարեկ (33) անունները։ Ինչ վերաբերում է նորածինների առավել հաճախ կրկնվող ազգանուններին, ցուցակների առաջին 2 հորիզոնականները զբաղեցնում են նույն Սարգսյան և Գրիգորյան ազգանունները:
Դիտարկվող ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 1155 մարդ: Մահվան հիմնական պատճառները 61,1%-ի դեպքում կապված են եղել արյան շրջանառության համակարգի հիվանդությունների և 19,7%-ը նորագոյացությունների հետ: Ըստ տարիքային խմբերի` մինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 34,5%-ը, 70-ից բարձր տարեկանները՝ 65,5%-ը: Մանկամահացության առումով մինչև 1 տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով 2019թ. գրանցվել է 23 դեպք, իսկ մինչև 5 տարեկանների շրջանում՝ 28 դեպք: Մայրական մահացության դեպք չի եղել: Արդյունքում, ԱՀ-ում մարդու կյանքի միջին տևողությունը կազմել է 76 տարի, ինչը, ըստ Մ. Մինասյանի, աշխարհի մասշտաբով վատ ցուցանիշ չէ։ Վերջին տարիների դիտարկումներով՝ Արցախում գրանցվել է բնական աճ, այսինքն` ծնունդների թիվը միշտ գերազանցել է մահվան դեպքերին, ինչը չի կարելի ասել բնակչության մեխանիկական տեղաշարժի առումով։ Վիճակագրական տվյալներով՝ 2016թ.-ից առ այսօր բնակչության մեխանիկական շարժը բացասական է։ 2019թ. պաշտոնապես հաշվառված եկողների թիվը կազմել է 560 մարդ, մեկնողներինը՝ 747 մարդ, արդյունքում` մեխանիկական հավելաճը բացասական է՝ 187 մարդ:
Դիտարկվող ժամանակահատվածում Արցախում գրանցվել են 836 ամուսնություն և 207 ամուսնալուծություն: Ամուսնացողների միջին տարիքը տղամարդկանց շրջանում կազմել է շուրջ 29, կանանց մոտ` 25 տարեկանը, իսկ առաջին ամուսնության միջին տարիքը, համապատասխանաբար 28 և 24 տարեկանը:
Ներկայացված բոլոր ցուցանիշները Արցախի վիճակագրական ծառայության նախագահը ՀՀ տնտեսական հիմնական ցուցանիշների համեմատությամբ դրական համարեց։ Վերջում պատասխանեց լրագրողների հարցերին։