[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

DSC_9269.jpgՄայիսի 15-ին ԼՂՀ  ԿԱ  զբոսաշրջության վարչությունում կազմակերպված միջոցառումը, որը նախաձեռնել էին Լիտվայից ժամանած հյուրերը` մեր հայրենակիցներ Վահան և Օլգա Արզումանյանների գլխավորությամբ, նպատակ ուներ քննարկումների,  առաջարկների միջոցով ծանոթանալ  Արցախում գյուղական տուրիզմի զարգացման հեռանկարներին, միաժամանակ ներկայացնել Լիտվայի՝ այդ ոլորտում ունեցած արդեն տասնամյա փորձը։ 
Կենսաբանական գիտությունների դոկտոր, գյուղական տուրիզմի բնագավառի փորձառու  մասնագետ Վիկտորյա Կուբլիցկիենեն ներկայացրեց, թե ինչ զարգացում ունի այդ ուղղությունն իրենց մոտ, ինչ խնդիրներ են ծագել տասնամյա աշխատանքի ընթացքում, ինչպես են սկսել և ինչն է հատկապես կարևոր այդ բիզնեսում։ Լիտվայում  գործընթացը կայուն զարգացում ունի. գործում է Գյուղական տուրիզմի մեջ ներգրավված գործարարների ասոցիացիա։ Առանձին ագարակների տեսքով տարբեր տարածքներում հիմնադրվում են հյուրատներ, մշակվում են ուղղություններ, ասենք՝ մշակութային, պասիվ կամ ակտիվ հանգստի,  որսորդական,  ձկնորսական, ընտանեկան և այլն, և ըստ  զբոսաշրջիկների նախասիրությունների՝ այցելուներ ներգրավում։ Ներկայումս Լիտվայում նման 650 ագարակ կա, որոնք հաջողությամբ աշխատում են։ 
Մի քանի օր հյուրընկալվելով Արցախում՝ նրանք  համոզված նշում են, որ մեր հանրապետությունում այդ ուղղությունը զարգացման լավ հեռանկարներ ունի. այստեղ կան  անհրաժեշտ  բոլոր պայմանները նման գործ սկսելու համար, պարզապես  պետք է ուղղակի նախաձեռնողական լինել և մի քիչ երևակայություն դրսևորել։ Լիտվայում ագարակները կահավորված են ազգային ոճով, բնականաբար՝ ժամանակակից մարդու պահանջները հաշվի առնելով։ ՙԻմ փորձից ելնելով՝ ես կարող եմ ասել, որ սա այն բիզնեսն է, որտեղ առավել կարևոր է մտքի ու երևակայության ներդրումը, քան՝ ֆինանսական։ Մի քիչ  աշխատասիրություն և գումար ներդնելով, կարողանում ես ստեղծել  բիզնես, որը ոչ միայն եկամուտ  է բերում, այլև ուրախություն և հաճույք՚,- ասաց Վ. Կուբլիցկիենեն, նշելով, որ հաճախ գաղափարները  ծագում են աշխատանքի ընթացքում։
Նա ներկաներին իրազեկեց, որ ունի մի քանի ագարակ և հիմնականում աշխատում է պատանիների հետ. մի քանի հերթափոխով ճամբարներ են կազմակերպում, ինչն անվանում են ՙՈւրախ արձակուրդներ՚։ Ճամբարային  միջոցառումների ծրագրում  ներգրավում են տարբեր մշակութային գործիչների,  համերգներ են կազմակերպում բնության գրկում,  իսկ ճաշի պատրաստմանը ներգրավվում են բոլորը, ինչը ոչ միայն ազգային խոհանոցին ծանոթանալու և ճաշատեսակների պատրաստման մեջ հմտանալու, այլև իրար օգնելու, մտերմանալու  հնարավորություն է ստեղծում։ ՙՄի խոսքով, սա լավ առիթ է ներքին տուրիզմի զարգացման և ազգային միաբանության պահպանման համար՚,¬ ասաց Վ. Կուբլիցկիենեն։ 
Անշուշտ, այս ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ է նվիրվել գործին և իմանալ որոշ նրբություններ, ինչպիսին են, ասենք,  գովազդը, եղած հնարավորությունների ճիշտ և նպատակային օգտագործումը։ ՙԱյս բիզնեսում առավել կարևորը ոչ թե պայմաններն են, այլ ծառայությունները. մենք հենց դրա շնորհիվ ենք հաջողություն գրանցել՚,¬ ասաց նա։ 
Արցախի առանձնահատկությունների, սուղ հնարավորությունների ու քաղաքական կարգավիճակից բխող խնդիրների վերաբերյալ հնչեցին հարցեր, ինչի առնչությամբ Վ. Արզումանյանը պատասխանեց, որ  հայերիս  խնդիրը կայանում է հետևյալում.  մենք  չենք հասկանում, որ  զբոսաշրջիկը  մտածում է ոչ մեզ պես։ ՙՄեզ թվում է, այն, ինչ հետաքրքիր չէ մեզ, չի կարող հետաքրքիր  լինել զբոսաշրջիկի  համար,- ասաց նա։- Մինչդեռ դա այդպես չէ։ Եվրոպացիների  մտածելակերպը մեզնից տարբերվում է հենց նրանով, որ նրանք հետաքրքրություն են  դրսևորում ոչ այնքան պատրաստի պրոդուկտի նկատմամբ, որքան՝ աշխատանքի  պրոցեսի՚։  Որպես օրինակ նշվեց ժենգյալով հացը։ Նրա խոսքերով՝  արտասահմանյան  ծանոթներից  շատերը կցանկանային տեսնել և անձամբ մասնակցել նրա պատրաստմանը։ Նույնը  կարելի է անել՝  ներկայացնելով մշակույթը, արհեստները, ավանդույթները, ինչով  այնքան  հարուստ է  Արցախ աշխարհը։ 
ՙԱնհրաժեշտ է փոխել  վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, հաճույք  ստանալ քո իսկ կատարած գործից. սրա անտեսումը ես  համարում եմ մեր թերությունը, գնահատումը՝ եվրոպացիների խոշոր արժանիքը,- ասաց Վ. Արզումանյանը։¬ Հավատացեք, մենք  աշխարհին շատ բան ունենք  ցուցադրելու և ձեզ հետ միասին  կփորձենք  դա անել՚։ 
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև  ֆիլմ, որի ռեժիսորը նկարիչ Արվիդաս Բարիսասն է։ Ֆիլմում տրված է, թե ինչպես է կազմակերպվում  զբոսաշրջիկների  գյուղական  հանգիստը Լիտվայում։  
 Արվիդաս Բարիսասն  իր թիմակիցների հետ  առաջին անգամ է Հայաստանում և Արցախում  և անչափ տպավորված է։ ՙԶարմանում եմ, որ մինչ  օրս չեմ  եղել  այստեղ. սա մի հրաշալի երկիր է՝  գեղեցիկ  բնությամբ ու ժողովրդով, և մենք  միանշանակ ավելի հաճախակի կլինենք այստեղ՚։  Արվիդաս Բարիսասն  ու իր  թիմակիցները  նախաձեռնում են Հայաստանում և Արցախում  ֆիլմ նկարահանել  հայկական խաչքարերի մասին՝  զուգահեռներ անցկացնելով լիտվական խաչքարերի  հետ, որոնք, նրա  խոսքերով, սովորաբար փորագրվում են փայտի վրա։  ՙԴրանով մենք  փորձ կանենք  զուգահեռներ  անցկացնել երկու, թվում է,  հեռու, բայց այդքան մոտ մշակույթների, ժողովուրդների միջև՚։- ասաց նա։ 
Ֆիլմը հագեցած կլինի հայ և լիտվացի   ժողովուրդների  ազգային երգ-երաժշտությամբ, կներկայացվեն  նաև  ազգային  նվագարանները, արհեստները, ինչը թույլ կտա  ավելի խորը  պատկերացում  կազմել երկու ժողովուրդների ավանդույթների, սովորույթների, կենցաղի մասին։  Դա երկար  աշխատանք պահանջող  գործընթաց կլինի, և հյուրերի  այս  այցը  կարելի է  ճանաչողական  համարել։ Նրանք ձեռք են բերել  նախնական  պայմանավորվածություններ  պաշտոնական  և ոչ պաշտոնական  անձանց  հետ և աշնանը  կգան  ավելի  մեծ աշխատանքային  խմբով։ 
 
Սրբուհի  ՎԱՆՅԱՆ