[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՏԵՂԵՆՔ ՈՒԺԵՐԸ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

  Հարցազրույց ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ

-Պարոն Գասպարյան, ինչպես հայտնի է՝ վերջին ժամանակներս Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության և ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ  նախաձեռնությամբ մի քանի անգամ  հասարակական լսումներ են կազմակերպվել Կաշենի տարրալվացման համալիրի կառուցման և շահագործման ծրագրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության շրջանակներում մշակված մասնագիտական եզրակացության վերաբերյալ։ Լսումներին մասնակցել էին Վարդաձոր համայնքի բնակիչները, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ։

Ի՞նչ տվեցին այդ հանդիպումները, ինչպիսի՞ եզրակացության հանգեցիք լսումների արդյունքում։

-Նման հասարակական լսումներ վերջերս հաճախակի են կազմակերպվում, ինչն աննպատակ չէ։ Համաձայն ծրագրի՝ նախատեսվող գործունեության նպատակը Կաշենի հանքավայրում առկա օգտակար հանածոների պաշարների ողջամիտ և համալիր օգտագործումն է։ Հանդիպման ժամանակ  ՙԲեյլզ Մեթըլս՚  ՓԲԸ կայուն զարգացման վարչության պետը ներկայացրեց նախատեսվող գործունեության ընթացակարգն ու դրանից բխող բնապահպանական կարևոր լուծումները։ Նշվեց, որ արդեն կա մասնագիտական եզրակացություն, որն օրենքով նույնպես ենթակա է հասարակական լսումների` այդ թվում՝ մասնագիտական շրջանակների ներգրավմամբ։ Իսկ մասնագիտական եզրակացության հիմնական մասը հենց նախագծային փաթեթի հակիրճ վերարտադրությունն է։

Քննարկվել են մի շարք կարևոր խնդիրներ, նաև՝ տարրալվացման գործընթացի ավարտից հետո պղնձազրկված հանքաքարի տեղափոխման, արտադրամասում առաջացած արտադրական կեղտաջրերի ուղղության վերաբերյալ հարցերը։ Մեր գերատեսչության բաժիններից մեկի՝ թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման բաժնի պետ Գ. Գրիգորյանի կողմից  բաձրացված հարցը, որ վերաբերում էր սանիտարական գոտուն, թթվային ու ջրային միջավայրերին, նույնպես մեծ արձագանք ստացավ հանդիպման մասնակիցների շրջանում՝ արժանանալով բուռն քննարկումների։

Նման լսումները կարևոր են նաև նրանով, որ համայնքի բնակիչները ևս կարողանում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, այսպես ասած՝ առաջին ձեռքից, տեղի են ունենում կարծիքների փոխանակում, մարդիկ հանդես են գալիս առաջարկություններով։ Օրինակ, ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության  կայուն զարգացման վարչության պետը ներկաների մտահոգություններին ի պատասխան պարզաբանեց, որ հանքանյութեր պարունակող ապարները  լցակույտերում տեղավորելիս անհրաժեշտ է լինում լրացուցիչ  բնապահպանական միջոցառումներ իրականացնել` այլ դատարկ ապարի զանգվածից մեկուսացնելու ուղղությամբ, որպեսզի շրջակա միջավայրի, հատկապես ջրային միջավայրի վրա ազդեցությունները կանխարգելվեն։ Նա խոսեց նաև նոր փոշենստեցման գործիքի մասին, որն արդեն իսկ ձեռք է բերել ընկերությունը։ Նաև հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի շրջակա միջավայրի վրա արտադրական գործընթացի ազդեցությունը լինի նվազագույն չափով։ Որպես հավաստումն ասվածի՝ հասարակական լսումներից հետո մասնակիցներն ամեն անգամ շրջայց են կատարում և մոտիկից ծանոթանում Կաշենի լեռնահանքային կոմբինատի տարրալվացման կետերի գործունեությանը։

Ինչ վերաբերում է վերջնական եզրակացությանը.  կառուցվելու և թողարկվելու են արտադրական հզորություններ, որոնք հնարավորություն կտան հիդրոմետալուրգիական եղանակով վերամշակել հանքաքարի՝ ավանդական-ֆլոտացման եղանակով դժվար վերամշակվող տեսակները։ Ներկայացվել են հիմնական բնապահպանական և սոցիալական ռիսկերը, մշակվել են անցանկալի ազդեցությունների մեղմանն ուղղված միջոցառումներ։

- Հայտնի է, որ հանրապետությունում գործող փոքր ՀԷԿ-երի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ստուգելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ Ի՞նչ կարող եք ասել հանձնաժողովի աշխատանքների և, ընդհանրապես, ՀԷԿ-երի գործունեության վերաբերյալ։

- Փոքր ՀԷԿ-երի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ստուգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են։

Ներկա դրությամբ ԱՀ տարածքում գործում է 31 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնք բավական դերակատարում ունեն էներգետիկայի ոլորտում և հանդիսանում են կարևոր հայրենական արտադրանք տվող կառույցներ։ Հատկապես հաշվի առնելով արտաքին քաղաքականության սպառնալիքներն ու վտանգները, այդ ՀԷԿ-երը հատուկ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար։

Շահումյանի շրջանում առկա է 13 գործող և կառուցվող ՓՀԷԿ։ Բոլոր ՓՀԷԿ-երն անցել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։ Դրանց կառուցման աշխատանքներն իրականացվում են օրենքի սահմաններում, անօրեն շինարարական աշխատանքներ հայտնաբերված չեն։

Ընդգծելով ՓՀԷԿ-երի գործունեության կարևորությունն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, միաժամանակ պետք է նշել, որ այսօր ունենք նաև լուրջ խնդիրներ. կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում սահմանված ՋԹ-ները (ջրի թույլտվություն), չեն պահպանվում էկոլոգիական թողքերը։ Մենք` որպես ոլորտի գործունեությունը կանոնակարգող լիազոր մարմին, նոր մոտեցումներ ենք ցուցաբերել ու ցուցաբերում ենք և առավել խիստ ենք խախտումների ու չարաշահումների նկատմամբ։ Որոշ սուբյեկտներ ենթարկվել են վարչական տուգանքների, և ներկա դրությամբ գործերը գտնվում են դատարանում։

Չարաշահումներն ու խախտումները վերացնելու, ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների ոլորտը շտկելու նպատակով ԱՀ ջրային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդ փոփոխությունների ու լրացումների` սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝

ա. որոնցում առկա են Արցախի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր,

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է,

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը։

Նմանատիպ մի շարք կետեր կան, որոնց պատճառով մերժվում են նոր կառուցվող ՀԷԿ-երի թույլտվությունների հայտերը։ 

- Այսօրվա դրությամբ որո՞նք են Արցախի համար լուրջ բնապահպանական խնդիրները։

- Այս պահի դրությամբ առկա  բնապահպանական խնդիրներից  կցանկանայի  անդրադառնալ ամենակարևորին։ Դա Կարկառ գետի խնդիրն է։ Գիտենք նաև պատճառները, որոնք հասցրել են այդ իրավիճակին։ Դա կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայությունն է։ Կուզենայի անդրադառնալ նաև ջրային կադաստրի, անտառային կադաստրի վարման ծրագրերի բացակայությանը։ Այդ ոլորտներում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով  մշակվել է ծրագիր, ըստ որի նախատեսվում է ստեղծել նախ՝ ջրային կադաստր, իսկ առաջիկա տարիներին նաև անտառային կադաստր։

Կան նաև մի շարք մասնագիտական ուղղվածության հարցեր, որոնք մտադիր ենք իրականացնել մոտ ապագայում։

- Ըստ Ձեզ` շրջակա միջավայրի վերաբերյալ ԱՀ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա՞ …

- Շրջակա միջավայրի ոլորտը, բնապահպանական վերահսկողությունը կարգավորվում է ԱՀ օրենքների համաձայն, սակայն ժամանակի ընթացքում նոր տեխնոլոգիաների  կիրառումն ու մարդկանց ապրելակերպը հիմք են հանդիսանում այդ օրենքների արդիականացմանը։