[ARM]     [RUS]     [ENG]

Զբոսաշրջության ոլորտի այսօրվա խնդիրները

Թամար Գրիգորյան

ք. Քարվաճառ

 Նոր կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում ամբողջ աշխարհում տուժել են տնտեսության մի շարք ուղղություններ: Տուժած ոլորտների ցանկում առաջատարներից է զբոսաշրջությունը: Փակ սահմանների պայմաններում մի քանի շաբաթվա, եթե ոչ` օրերի ընթացքում ողջ աշխարհում զբոսաշրջության բիզնեսը կանգ է առել:

Զբոսաշրջությունն Արցախի տնտեսության զարգացող ու հեռանկարային ուղղություններից է: Ոլորտի զարգացման համար, հատկապես վերջերս, տարբեր ծրագրեր են իրականացվել, որոնց բնույթը, սակայն, համավարակով պայմանավորված, փոփոխությունների է ենթարկվում:

«Մեր կողմից իրականացված հետազոտությունը դեռ մարտ ամսին գրանցել է հյուրանոցային ոլորտում եկամուտների գրեթե 80 տոկոս նվազում՝ հետագա նվազման տենդենցի պահպանմամբ։ Այս պարագայում գրեթե անհնար է աշխատել նախորդ տարվա ընթացքում 2020 թվականի համար պլանավորված ծրագրով»,- մեզ հետ զրույցում նշեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը։ «Հիմա մենք նախագծում ենք ծրագրի փոփոխություններ, որոնք հիմնականում ուղղված են լինելու կորոնավիրուսի վտանգի չեզոքացումից հետո ՀՀ-ից զբոսաշրջիկներ ներգրավելուն։ Միջոցառումները կրելու են թե՛ PR, թե՛ զբոսաշրջային հասանելի փաթեթներ առաջարկելու բնույթ», ընդգծեց մեր զրուցակիցը։

Զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունեցող Շահումյանի շրջանում ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները նոր-նոր են ձևավորվում: Ի թիվս այլ հարցերի, շրջանում դեռևս լուծված չէ զբոսաշրջիկների համար անհրաժեշտ գիշերակացի հարցը: Քարվաճառի բնակիչ Դավիթ Եղիազարյանը երկու տարի առաջ սեփական տան մեկ սենյակը գրանցել է զբոսաշրջային մի քանի կայքերում, ինչի միջոցով այն տրամադրում էր շրջան այցելել ցանկացող զբոսաշրջիկներին. «Չնայած այս պահին մեծ թվով հյուրեր ընդունելու հնարավորություն չունենք, բայց մեր տան կոնտակտները գրանցելու հիմնական նպատակն էր համացանցով գիշերակաց փնտրող զբոսաշրջիկներին որևէ հնարավորություն տալ»: Նախորդ երկու տարվա ընթացքում Դավիթը հյուրեր է ունեցել Նիդերլանդներից, Լեհաստանից, Անգլիայից, Ռուսաստանից, նաև` Երևանից: Այն, որ հյուրերը գոհ են հեռանում, հյուրընկալը համոզվում է կայքում նրանց թողած դրական  անդրադարձներից: «Այս տարվա մայիս-հունիս ամիսների համար էլ նախօրոք ամրագրած պատվերներ կային, որոնք, բնականաբար, չեղարկվել են»,- նշեց մեր զրուցակիցը:

Պետությունն այս ժամանակահատվածը օգտագործում է նախ և առաջ աշխատանքի պլանավորման համար։  «Այս պահին քննարկում ենք նոր տեղեկատվական արշավ սկսելու հնարավորությունները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։ Որևէ զբոսաշրջային ուղղության կողմից կոռեկտ չէին լինի այս վիճակում իրենց երկիր կամ տարածք «կանչելու» կոչերը։ Սակայն մենք տեսնում ենք, որ նոր իրողությունները բավականին լավ օգտագործում են մի շարք երկրներ` «Երազիր հիմա, այցելիր ավելի ուշ» (Նորվեգիա) կամ «Մի ճամփորդեք հիմա, որպեսզի կարողանաք վաղը» (Հարավաֆրիկյան Հանրապետություն) արշավների կազմակերպմամբ։ Մենք ևս նմանատիպ արշավի կարիք ենք տեսնում և հիմա քննարկում ենք մի շարք տարբերակներ, նաև՝ վիզուալ պատկերներ ստեղծելու անհրաժեշտություն,- նշեց Արտակ Գրիգորյանն ու հավելեց.- Աշխատակիցների հետ ամենօրյա տեսակապի միջոցով քննարկում ենք նաև վիրտուալ տիրույթում Արցախի ներկայացվածության ապահովման հարցը. օրինակ՝ օգտագործում ենք վիրտուալ շրջագայության հնարավորությունները, որոնք արդեն իսկ հասանելի են համացանցում։ Դրանք ժամանակին պատրաստվել են տարբեր նախագծերի շրջանակներում և հիմա ժամանակն է ավելի ակտիվորեն օգտագործելու: Անընդհատ կապի մեջ ենք ՀՀ մեր գործընկերների հետ, քանի որ մենք այս ճգնաժամը դիտարկում ենք նաև որպես հայկական զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման լրջագույն խնդիր»։

Մեր մյուս զրուցակիցը` Դավիթ Եղիազարյանը, ևս փաստում է, որ այս ժամանակահատվածը լավագույնս կարելի է օգտագործել` առաջարկվող ծառայությունների որակը բարձրացնելու, շրջանի մասին առավելագույն տեղեկատվություն տարածելու և ոչ միայն արտասահմանցի, այլև` հայ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար:

«Այս օրերին բարեկարգում եմ բակը, որտեղ հետագայում հնարավոր կլինի նաև քեմփինգի տարածք ունենալ: Ինչպես նաև` բլոգ եմ պատրաստում, որտեղ պարբերաբար թարմացումներ կլինեն Քարվաճառի և ամբողջ շրջանի պատմական ու բնական հուշարձանների, գեղատեսիլ վայրերի մասին»:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը որոշակի աշխատանքներ է տանում զբոսաշրջության բնագավառի կազմակերպությունների հետ՝ հիմնականում իրավիճակի գնահատման համար։

«Գիտենք, որ դժվար ժամանակներ է ապրում բիզնեսը, առավել ևս զբոսաշրջության բնագավառում։ ԱՀ կառավարությունն արդեն մի շարք սոցիալական ծրագրեր է մշակել, հուսով ենք, որ բիզնեսի աջակցության ծրագրեր ևս կառաջարկվեն կորոնավիրուսից առավել տուժած տնտեսվարողների համար»,- ամփոփեց Արտակ Գրիգորյանը։