[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19 ՎԱՐԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ''ԳՐՈՀԵԼ'', ԻՍԿ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Համաշխարհային վիճակագրական Worldmeter կայքի տվյալներով մայիսի 4¬ին, ժամը 09։30-ի դրությամբ, աշխարհում նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 3 մլն 566 հազար 804 մարդ։ Մահացել է 248 304 մարդ, ապաքինվել՝ 1 մլն 156 հազար 970։ Ներկայումս աշխարհում այս հիվանդությամբ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 50 051 հիվանդ։

Վարակակիրների ու մահացածների թվով շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է վարակման 1 մլն 188 հազար 384 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ այստեղ մահացել է 68 600 մարդ, ապաքինվել 178 582 հիվանդ։ Վարակակիր երկրների տասնյակում, ըստ հաջորդականության, հայտնվել են՝ Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան, Բրազիլիան, Իրանը։ Արդեն մի քանի օր է, ինչ վարակի բռնկման երկիր Չինաստանը դուրս է եկել վարակակիր երկրների տասնյակից։ Մի շարք երկրներում թուլացրել են վարակով պայմանավորված սահմանափակումները՝ մշակելով պայքարի նոր մոտեցումներ։
ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով, մայիսի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային վարակով հաստատվել է ընդհանուր 2507 դեպք։ Մահվան դեպքերի թիվը հասել է 39-ի, իսկ ընդհանուր ապաքինվել է 1071 հիվանդ։ Մայիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 121 նոր դեպք, իսկ 36 հիվանդ առողջացել է։ Մահվան դեպքերի առումով ոլորտի պատասխանատուները տեղեկացնում են, որ հիվանդները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Նրանք ունեին ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայումս բուժում է ստանում 1393 վարակակիր։ Ընդհանուր կատարվել է 24942 թեստավորում։
Հայաստանում ևս որոշել են նոր տիպի վիրուսի դեմ պայքարի այլ ռազմավարություն մշակել։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ մայիսի 4-ից փոփոխություններ են կատարվել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների առումով։ Այսպես. տեղաշարժի իրավունքի մասով հանվել են ազատ տեղաշարժման սահմանափակումները, ինչը նշանակում է նաև, որ տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինելու, սակայն շարունակելու է գործել հանրային տրանսպորտի արգելքը։ Հանվել են միջմարզային սահմամնափակումները, սակայն վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ հնարավոր է ժամանակավորապես փակվեն առանձին համայնքների ելումուտը։ Թուլացվել են նաև տնտեսական սահմանափակումները։ Թույլատրվում է ամբողջ մշակող արդյունաբերության գործունեությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն, շինարարության ավարտական փուլի աշխատանքները, մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում և կրպակներում։ Իսկ Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները դեռ կմնան փակ, կգործեն միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները։ Հանրային սննդի կազմակերպման մասով թույլատրվում է ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը միայն բացօթյա տարածքում։ Մի շարք ոլորտներում ևս թուլացվել են սահմանափակումները, բայց, դրանց զուգահեռաբար, այդ թույլատրված ոլորտների համար կգործեն գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնց չպահպանելը կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման։ Սահմանվելու է ուժեղացված վերահսկողություն նշյալ կանոնների պահպանման առումով։ Այս օրերին աշխատանքը վերսկսած կազմակերպություններն իրենց աշխատակիցների առողջությունը և անվտանգությունը ապահովելու համար խստորեն պետք է պահպանեն սանիտարահամաճարակային կանոնները։
Արցախում ևս պարետի որոշումներով հանվում են որոշ սահմանափակումներ, անհրաժեշտության դեպքում՝ մտցվում լրափոփոխություններ։ Մայիսի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ ԱՀ-ում նոր տիպի կորոնավիրուսով հաստատված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել է։ Ներկայումս մեկուսացված է 5 քաղաքացի, իսկ ընդհանուր կատարվել է 287 թեստավորում։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը պահպանել վարակի տարածումը կանխարգելող առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը պարբերաբար ներկայացնում է նոր վարակով պայմանավորված վիճակը։ ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների մասնագետները կրկին զգուշացնում են խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)։ Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ շփումների դեպքում առնվազն 1-2 մետր հեռավորություն, անկախ վարակված լինելու հանգամանքից, իսկ գրիպանման ախտանշանների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ տեղեկացնել բժշկին և առանց խուճապի մատնվելու հետևել նրա խորհուրդներին։