[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՂԱՎԱՐԴ. ԱՅՍՏԵՂ ԱՊԱԳԱՆ ՀՈՒՍԱԼԻ Է

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

 Թաղավարդը շրջանի համեմատաբար խոշոր և զարգացող համայնքներից է: Շրջկենտրոնից 45կմ, մայրաքաղաքից 50կմ հեռավորության վրա գտնվող, դարերի պատմություն ունեցող գյուղը հայտնի է գեղատեսիլ վայրերով, եկեղեցիներով, մատուռներով, փարթամ բուսականությամբ, անտառների պաղ ու սառնորոկ աղբյուրներով: 7կմ երկարությամբ ձգվող գյուղում կլիման նկատելիորեն փոփոխական է, այն ակնառու է հատկապես ձմռան ամիսներին։

2020թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքում հաշվառված է 337 ընտանիք՝ 1314 բնակչով: 2019թ. գյուղում ծնվել է 17 երեխա:
Ասում են, եթե երիտասարդը գյուղում նոր տուն է կառուցում, ուրեմն այդտեղ ապագա է տեսնում: Թաղավարդն այն գյուղերից է, որտեղ երիտասարդների ապագան հեռանկարային է: Համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ գյուղում 10 երիտասարդ ընտանիք բնակարան է կառուցում, հինգն էլ վերջին տարիներին են կառուցել՝ արդեն ծուխ է ելնում կտուրներից: Ընդհանուր առմամբ, Թաղավարդում քիչ են կողպված ու փակ դարպասները: Կյանքը եռում է:
Մեջքը Գյարդան սարին թիկնած, հայացքը Ղաշխա քարին, փեշերը Վարանդայի հովտին փռած Թաղավարդը հերոսական անցյալ ունի: Հայրենական Մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 670 մարդ, որից 240-ը մնացել է մարտադաշտում: Արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից թաղավարդցին որսորդական հրացանով կանգնած էր թուրք ելուզակի դեմ: Հայրենիքի ազատության համար 39 թաղավարդցի ազատամարտիկ կյանքի գնով է հատուցել, իսկ մեկ ազատամարտիկի ճակատագիր մինչ օրս անհայտ է: Ապրիլյան քառօրյայում թաղավարդցիները կրկին հավատարիմ մնացին նախնյաց պատգամին և իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան մարտական գործողություններին:
Մարտունու շրջանում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ Թաղավարդ համայնքի օրը նշվում է ապրիլի 25-ին: Այն պատահական չի ընտրվել. 1920թ․ մարտին Շուշիում, Ստեփանակերտում և Աղդամում տեղի ունեցան հայկական ջարդեր: ՀՀ կառավարությունը 1920թ. ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ` Նժդեհին։ Այդ օրերին կազմվեց Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատեց Վարանդայի Թաղավարդ գյուղում 1920թ. ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը, որը որոշեց մերժել Ադրբեջանի իշխանությունը և Ղարաբաղը համարեց Հայաստանի մաս:
Երկրում առկա արտակարգ իրավիճակից ելնելով և նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով, օրվան նվիրված տոնական միջոցառում չի կազմակերպվել:
Մեր զրույցը Օ. Հարությունյանի հետ համայքնում կատարված աշխատանքների և խնդիրների շուրջ էր:
Համայնքում գործում են միջնակարգ և հիմնական դպրոցներ, որտեղ սովորում է 185 աշակերտ, աշխատում՝ 48 ուսուցիչ, երկուական ակումբ, բուժկետ, փոստ, նորակառույց համայնքային կենտրոն: Լրիվությամբ գազաֆիկացված է, գործում է մեկ արտեզյան ջրհոր, ներքին և արտաքին ջրատարները լրիվությամբ վերակառուցված են: Կա ինտերնետ-կապի հասանելիություն, ավտոերթուղով կապված է մայրաքաղաքի հետ, իսկ շրջկենտրոնի հետ՝ ոչ:
Յուրաքանչյուր գյուղական բնակավայրում առաջնային խնդիրը համարվում է անբարեկարգ ճանապարհը: Այս խնդիրը տարիներ շարունակ հուզում է նաև թաղավարդցիներին: Վերջին տարիներին որոշակի հատվածներում կատարվել են սալապատման աշխատանքներ, բայց մեծ մասը խճապատված է, որը սելավներից հետո խնդիրներ է առաջացնում վարորդների և հետիոտնի համար: Օ.Հարությունյանը նշեց, որ կառավարության ծրագրով մոտ օրերս կվերսկսեն ճանապարհների սալապատման աշխատանքները: Խոսելով կատարած աշխատանքերի մասին, համայնքի ղեկավարը նշեց. «Վերջերս վերանորոգման աշխատանքներ են իրականցվել Կալեր տեղամասի բուժկետում, նույն տեղամասի ակումբի շենքում փոխվել է հատակը, բարեկարգվել է գերեզմանոցի ցանկապատը, շուտով կմաքրվի թփուտներից՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում: Վերջին մի քանի ամսում մեծ աշխատանքներ են կատարվել աղբահանության մասով: 2019թ. կարևոր ձեռքբերումներից էր արտեզյան ջրհորի շահագործումը: Նախորդ տարվա ամռանը մեր գյուղացիները կանգնել էին լուրջ խնդրի առաջ՝ խմելու ջուրը չէր բավարարում: Այս տարի նման խնդիր չի լինելու»:
Սրանք թերևս կատարված աշխատանքներն են: Քիչ չեն նաև ծրագրվածները: Ճանապարհներից հետո կարևոր խնդիր է մանկապարտեզի բացակայությունը: Ավելի քան 100 նախադպրոցահասակ երեխա ունեցող գյուղում չկա մանկապարտեզ: Երեխաները տարիներ շարունակ հաճախում են հարևան Կարմիր շուկայի մանկապարտեզ և միջնակարգ դպրոցին կից նախադպրոցական խումբ: Նախատեսված աշխատանքներում ընդգրված է նաև միջնակարգ դպրոցի ջրագծի վերանորոգումը, 5 կամուրջների, բուժկետների վերանորոգումը և այլն:
Թաղավարդի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս բնակչությանը զբաղվել և անասնապահությամբ, և հողագործությամբ, և մեղվաբուծությամբ: Քարից հաց քամող ու աշխատասեր գյուղացիների մշակած գյուղմթերքը տարին բոլոր զարդարում է մայրաքաղաքի շուկաների սեղանները և գնորդների պակաս չի ունենում:
Համայնքի տարածքը կազմում է 2385.6հա, այդ թվում գյուղնշանակության հողեր՝ 1345.7, որից վարելահողեր՝ 647հա, այդ թվում սեփական՝ 609հա, վարձակալած՝ 38հա: Բազմամյա տնկարկները Վերջին տարիներին գյուղնախարարությունը «Արոտների կանոնակարգում և ջրարբիացում» ծրագիրն է իրականացրել, ըստ որի պիտի անասնագլխաքանակի աճ լինի: Համայնքի ղեկավարը նշում է, որ այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան:
Համաճարակի դեմ պայքարի այս օրերին Թաղավարդում նույնպես աշխատանքներ են տարվում: Գյուղում ստեղծված հանձնաժողովն ամենօրյա դիտարկումներ է անցկացնում համայնքում, բնակիչներին տալիս համապատասխան ցուցումներ: