[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԳԱՂՏՆԻՔՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳԱՂՏՆԻՔ ՉԷ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Մեր ժամանակներում դժվար է մարդկանց ինչ-որ բանով զարմացնելը: Որքան արագ են զարգանում տեխնոլոգիաները, այնքան շատանում են հետաքրքիր բացահայտումները: Օր-օրի վեր խոյացող բարձրահարկ շենքերն էլ այսօր սովորական են դարձել: Իսկ ահա գետնափոր թոնիրը, խոստովանենք, մեր օրերում հազվադեպ երևույթ է:

Մայրաքաղաքի Արեշ թաղամասի ընտանիքներից մեկի համար վարպետը թոնիր էր շինում:
- Էռնոլդն եմ,- ներկայացավ վարպետը:
Դե, բնականաբար, բացառիկ գործի տեր մարդը պետք է որ բացառիկ անուն էլ ունենա՝ մտածեցի: Տանտերերը տանը չէին, և հարցերիս ստիպված էր պատասխանել վարպետը: Չեմ կարող անկեղծ չլինել ու չնշել՝ դժվար էր նրան զրույցի հրավիրել, նույնիսկ համառությանս պատճառով դիտողություն ստացա: Կարևորը՝ զրույցը ստացվեց:
Այգեստան գյուղից է վարպետ Էռնոլդը: Արհեստը ձեռք է բերել Ասկերանի Միջկոլտնտշինում աշխատելու տարիներին՝1980-ականներին: 4-րդ կարգի վարպետ է և գրեթե 40 տարվա աշխատանքային փորձ ունի: ՚ Անթիվ տարբեր շինություններ եմ կառուցել, բայց ահա թոնիր շինում եմ 7-րդ անգամ: Սա նուրբ գործ է ՚,- ասում է վարպետը: Թոնրագործությամբ նա չի հարստացել, բայց անուն է թողել օջախիերում, քանզի կատարած աշխատանքն օրհնված է, ինչպես նշխար հացը: Առաջին անգամ թոնիր է շինել պապենական օջախում: Հիշում է, որ առաջներում կանայք էին թոնրատուն գնում, իսկ տղամարդիկ անգամ չէին մոտենում: Ակնածանքն այս գործի նկատմամբ նրա մոտ ձևավորվել է դեռ վաղ հասակից:
- Ճիշտ է, այսօր նվազել է թոնրի դերը հայկական կենցաղում, սակայն ուրախ եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր հասկանում են թոնիր ունենալու կարևորությունը,- ասում է զրուցակիցս՝ չկտրվելով աշխատանքից:
Թոնիր պատրաստելը կարևոր ու պատասխանատու գործ է համարում վարպետը, իսկ լավ թոնիր պատրաստելու գաղտնիքն այնքան էլ մեծ գաղտնիք չի համարում: ՚Շատերն այսօր գետնից բարձր են կավե թոնիր շինում, սակայն հայկական թոնրի առանձնահատկությունը հենց նրա գետնափոր լինելն է, որի պատրաստման հիմնական հումքը աղյուսն է, կավն ու ավազը՚,-պարզաբանում է վարպետը:
Թոնիրը ջերմության աղբյուր է, իսկ թարմ հացի զգլխիչ բույրը՝ անփոխարինելի: Չնայած ժամանակի ընթացքում փոխվել են կենցաղավարության պայմանները, բայց թոնրի մեջ հաց, գաթա, լավաշ թխելու սովորույթն անխախտ է մնացել: Թոնրի ծուխը շարունակում է մնալ հայկական օջախի միասնության և խաղաղության խորհրդանիշը: Ակամայից հիշում եմ իմ մանկությունը, մեր գյուղն ու տատիս... Չկար առավել հաճելին, քան ընտանիքով նստել հացաբույր թոնրատանը և ճաշակել տատիկի թխած թարմ լավաշն ու գաթան...