[ARM]     [RUS]     [ENG]

Համադրելով հինն ու նորը. Մարաշի մոռացված գաղտնակարը վերածնվում է

 

 

 

Թամար Գրիգորյան

ք. Քարվաճառ

 Ասեղնագործության Մարաշի գաղտնակար տեսակին Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի բնակչուհի, մասնագիտությամբ լրագրող Արաքս Միրզոյանը պատահական է ծանոթացել, ուսուցչուհու շնորհիվ:

«Մի օր ուսուցչուհիս` Անահիտ Բաղդասարյանը, ցույց տվեց, թե ինչպես են ասեղնագործում Մարաշի գաղտնակարը, որն իրենից ներկայացնում է հավասարակողմ խաչ։ Փոքրիկ խաչերը իրար են միանում, մեծ նախշեր ստեղծում՝ որոշակի սխեմաներով ու օրինաչափություններով, որոնք հստակ են, ու դրանք չիմանալու դեպքում հասկանալը շատ բարդ է։ Կարծում եմ`գաղտնակարը հետաքրքրեց հենց իր բարդ տեխնիկայի շնորհիվ. ուզում էի անպայման հասկանալ ու կարողանալ ասեղնագործել», պատմում է Արաքսը։

Կիլիկիայի Մարաշ քաղաքում հայտնի է եղել ասեղնագործության 2 տեսակ` գաղտնակար և հարթակար։

«Բարդ տեխնիկայի շնորհիվ Մարաշի ասեղնագործությունը տարածում չի ունեցել և մնացել է Մարաշում` կրելով քաղաքի անունը։ Ասում են, Մարաշի գաղտնակարը հնարավոր չէ մեքենակար ստանալ, այն ստացվում է միայն ձեռագործ։ Սերիկ Դավթյանն իր «Հայկական ասեղնագործություն» ուսումնասիրության մեջ նշում է, որ Մարաշի գաղտնակարը միակն է գոյություն ունեցող բոլոր ասեղնակարերից, որը նայելով հնարավոր չէ ընդօրինակել», նշում է մեր զրուցակիցը։

Արաքսը գրեթե մեկ տարի առաջ ուսուցչուհուց սովորել էր, թե ինչպես են մեկ խաչն առանձին ասեղնագործում։

«Գործելու տեխնիկան այդ մի անգամն եմ տեսել, ու դա էլ մոռացել էի։ Երբ որոշեցի վերհիշել, համացանցում ուսուցողական նյութեր գտա, դիտեցի, համեմատեցի և, կարելի է ասել` սովորեցի համացանցի միջոցով»։

Արաքսը ցանկություն ունի սովորածը փոխանցել ու հանրայնացնել: Այդ նպատակով արդեն ասեղնագործության ուսուցման դասընթաց է անցկացրել Ստեփանակերտում: Աշխատանքները ներկայացնում է նաև սոցիալական ցանցերի միջոցով:

«Փոքրիկ հայագիտական էջ ունեմ ֆեյսբուքում, «Շողեր» անվամբ, որի միջոցով տեղեկատվություն եմ տարածում։ Նաև պատվերներ եմ ընդունում, փորձում եմ հինն ու նորը համադրել, ժամանակակից հագուստի վրա հետաքրքիր ձևով ներկայացնել ասեղնագործության այս տեսակը։ Սովորել եմ նաև քուղակար ասեղնագործություն, որը տարածված է եղել Սեբաստիայում։ Այդ տեսակն էլ է հետաքրքիր, բայց Մարաշինը կարծես ավելի պրակտիկ է», ասում է Արաքսը։

Ասեղնագործության այս տեսակը փորձում է տարածել նաև Նոր Բրաջուր համայնքում: Գյուղի երիտասարդների հետ ուսուցողական հանդիպումներ է կազմակերպել:

«Գյուղում մի քանի փորձից հետո հասկացա, որ հետաքրքրված են ավելի շատ երեխաները. նրանց տարիքում,  10-12 տարեկանում, սակայն, դժվար է գաղտնակարը յուրացնել։ Շատերն սկզբում դժվարության հանդիպելուց հետո չեն շարունակում։ Բայց եթե շրջանում, շրջապատում որևէ մեկը ցանկություն ունենա սովորել, ես միշտ պատրաստ եմ իմ իմացածը փոխանցել։ Ամեն դեպքում, նկատում եմ, որ ձեռագործի հանդեպ հետաքրքրվածությունը մեծանում է, և դա ինձ շատ է ուրախացնում», ամփոփեց Արաքս Միրզոյանը։