[ARM]     [RUS]     [ENG]

Բարեկարգվող ճանապարներ

 Զոհրաբ Ըռքոյան

 Քաշաթաղյան միջհամայնքային ճանապարհները յուրաքանչյուր տարի գոնե մեկ անգամ նորոգվում են, բարեկարգվում: Առայժմ այսպես է  հնարավոր որոշակի հեշտացնել երթևեկությունը հանրապետության տարածքում, կապը Սյունիքի մարզի, շրջկենտրոն Բերձորի հետ: Այս տարվա սկզբից շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում»  ՓԲ ընկերության տեխնիկական միջոցները շրջանի երկու  ուղղություններում դարձյալ կատարում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Վերջերս հարավային թևում ավարտին հասցվեց Որոտան-Հայկազյան ճանապարհի մոտ 10կմ հատվածի բարեկարգումը: Տարիներ շարունակ դժվարանցանելի էր Երիցվանքից Շիրակ գնացող ճանապարհը: Օրեր առաջ այդ մասում նույնպես ավարտվեց ճանապարհի հիմնանորոգումը: Փետրվար-մարտ ամիսներին բարեկարգվել է Քարեգահի ներգյուղական և գյուղը Բերձորին կապող այլընտրանքային ճանապարհների նորոգումը:

Այս օրերին ընկերության տեխնիկական միջոցները նաև ջրատարների մաքրման և նորոգման աշխատանքներ են իրականացնում հարավային թևում: Ապրիլի սկզբից սկսվել է Բերձոր-Քարվաճառ ճանապարհի հիմնանորոգումը: Հակարի գետի Շալուա վտակի ձախակողմյան՝ հիմնականում անտառապատ ձորակներով ու բլուրներով հարուստ հատվածով է անցնում այս կարևոր ճանապարհը, որը Քաշաթաղի շրջկենտրոնին է կապում շրջանի մոտ 15 գյուղական համայնք, ինչպես նաև՝ Քարվաճառի շրջանը: Գլխավոր ճանապարհից բացի կարևորվում է նաև բնակավայրեր գնացող ճանապարհների բարեկարգումը: Քարեգահում աշխատանքներն ավարտելուց հետո մեկական մղան և ճանապարհ հարթեցնող մեքենա /գրեյդեր/ աշխատում են հյուսիսային թևի այս հատվածում:

Մայիսի 5-ին «Քաշաթաղի ջրամատակարարում»  ՓԲԸ ճարտարագետ Կարեն Դանիելյանի ուղեկցությամբ ծանոթացանք կատարվող բարեկարգման աշխատանքներին: Ընկերության տեխնիկական միջոցներն աշխատում էին Քարեգահ-Բազմատուս հատվածում: Ապրիլին տեղացած ձյունն ու անձրևները խոչընդոտում էին ճանապարհաշինարարների աշխատանքը, այնուամենայնիվ, մոտ 10կմ հատված բարեկարգվել է: Մղանավար Վալերիկ Ավետիսյանը տարիներ շարունակ իր տեխնիակայով շրջանի ճանապարհներն է պահում բանուկ վիճակում: Փորձառու մեխանիզատորն այս անգամ էլ բարեխղճորեն իր գործին էր: Հսկա մղանը մաքրում էր ճանապարհի երեսի շերտը, այնուհետև իր գործն էր կատարում վարպետ Սաքոյի գրեյդերը՝ հարթեցնոլով  մակերեսը: Ճանապարհի որոշ հատվածներ կավապատ են և անձևրներից, ձնհալքից հետո դառնում են ցեխապատ: Սա է պատճառը, որ ճանապարհները բարեկարգ վիճակում երկար չեն դիմանում: Այդ իսկ պատճառով այս հատվածներում ավելի շատ աշխատանք է կատարվում:

Ճանապարհաշինական տեխնիկաներին սպասարկում է ընկերության «ՈՒԱԶ»  մակնիշի մեքենան: Կ. Դանիելյանը տեղեկացրեց՝ երբ հասնեն  այն հատվածին, որտեղ, այսպես կոչված Գողթանիկի կամուրջն է,  կթեքվեն ձախ, և կսկսվի դեպի Դրախտաձոր տանող մոտ 20 կմ ճանապարհահատվածի նորոգումը: Այնուհետև կշարունակեն աշխատանքները դեպի Քարվաճառ:

Աշխատանքները կատարվում են կառավարության հատկացումներով: Ճանապարհի բարեկարգումը, բացի տարածքի բնակավայրերը շրջկենտրոնի և միմյանց հետ կապը հեշտացնելուց, կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք-Ծար գավառի այս տարածքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, գեղատեսիլ բնությամբ, մաքուր օդով, հերոսական անցյալով ու ներկայով: