[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 5101 ՀՈԳՈՒ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

ԱՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի 75-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձերի կապակցությամբ, սոցիալական որոշ խմբերի կճարվի միանվագ դրամական օգնություն։

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ Եռատոնի կապակցությամբ բնակչության առանձին խմբերի համար նախատեսված  միանվագ դրամական օգնության տրամադրման մասով պետական բյուջեի միջոցներից այս տարի հատկացվել է շուրջ 82 մլն 758 հազ. դրամ։ Որոշման համաձայն՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված  զինծառայողների ընտանիքները կստանան 16-հազարական դրամ, արցախյան գոյամարտի հաշմանդամ  զինծառայողները՝ 10-հազարական դրամ, Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին և հաշմանդամներին կտրամադրվի 100-հազարական, իսկ նրանց հավասարեցված անձանց՝ 50-հազարական դրամ, նույն պատերազմում զոհվածների այրիներին  նույնպես կտրամադրվի 100-հազարական դրամ և այդ շրջանի ԽՍՀՄ մեդալակիրներին (30 հոգի)՝ 11-հազարական դրամ։

Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ անցած տարի կառավարության համապատասխան որոշմամբ կատարված  փոփոխությունների համաձայն,  շարունակվելու են գումարներ  հատկացվել  ԱՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)  և հետմահու ՙՄարտական խաչ՚ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին։ Այդ առումով 40-հազարական դրամ կհատկացվի 229 հոգու։ Կառավարության մեկ այլ որոշմամբ այս տարվանից վերոնշյալ գումարը կհատկացվի նաև  ՙՄարտական խաչ՚ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված ու ԱՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամներին (3 հոգի)։  Բացի դրանից, 50-հազարական դրամ կստանան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի, ինչպես նաև Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստին մասնակցած 42 պատգամավորներ։

Ս. Իսրայելյանի պարզաբանմամբ՝  Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների  և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այն  ընտանիքները, որոնք ունեցել են երկու զոհ՝  միանվագ դրամական  օգնության  իրավունք ունեն  սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։ Ընդհանուր առմամբ, Եռատոնի առթիվ դրամական օգնություն կհատկացվի 5101 հոգու։

ԱՀ մշտական հաշվառում ունեցող անձանց  դրամական օժանդակությունը նշանակվում է հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական  հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Դրամական օգնություն ստանալու համար  անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ  անձը հաստատող այլ փաստաթղթով։

Վճարումներն իրականացվում են  մայիսի 7-ից՝ <<Արցախփոստ>> ՓԲԸ¬ի կապի  բաժանմունքներում, իսկ շրջաններում՝  համապատասխան շրջանային  մասնաճյուղերի միջոցով։